Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Բուսաբանական այգի

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Yerevan Botanical Garden 1n (12).jpg

Զարմանահրաշ ծառ է սեքվոյան: Նրա բարձրությունը հասնում է 150 մ-ի, իսկ դա ավելի բարձր է, քան Երևանի երկաթուղային կայարանատունն իր սայրով: Սեքվոյայի կեղևի հաստությունը 70 սմ է, այսինքն ավելի հաստ, քան որոշ տների պատեր: Իսկ առանձին սեքվոյաների կոճղին կարող է տեղավորվել, նույնիսկ մի փոքր նվագախումբ։ Զարմանալի է նաև ճահիճները չորացնող նվենին։ Նրա արմատներն աշխատում են պոմպի նման, արևին կողքով նայող տերևները ստվեր չեն գցում։ Զմայլելի է և վիկտորիա-ռեգիան ջրաշուշաններից ամենամեծը։ Նրա ծաղիկները, որ բացվում են սոսկ երկու երեկո և երկու գիշեր, չորս անգամ փոխում են իրենց գույնը ճերմակից մինչև մուգ կարմիրը։ Երեք տարեկան աղջնակը, անդերսենյան Մատնաչափիկի նման, կարող է հանգիստ տեղավորվել վիկտորիա-ռեգիայի լաստ հիշեցնող երկու մետրանոց տերևին:

Հարավային Ամերիկան վիկտորիա–ռեգիայի հայրենիքը, Հյուսիային Ամերիկան սեքվոյայի բնօրրանը, և Ավստրալիան՝ նվենու բնաշխարհը, մեզանից շատ հեռու են: Եվ չնայած դրան, կարելի է մեկ օրվա ընթացքում «շուրջերկրյա ճանապարհորդություն» կատարել, տեսնել թե սեքվոյա ու նվենի, թե վիկտորիա-ռեգիա ու աֆրիկյան արմավենիներ, թե ալպիական կակաչներ ու տայգայի մայրիներ և թե հասունացող ադամաթզենիներ (բանաններ): Դրա համար պետք է միայն գնալ բուսաբանական այգի: Նրա դռները բաց են բոլոր նրանց առջև, ով ցանկանում է ծանոթանալ հայրենի երկրի և ողջ երկրագնդի բուսական հարստությանը: Այստեղ էքսկուրսիայի են գալիս դպրոցականները, իրենց պարապմունքների համար այգու կենդանի հավաքածուից ու հերբարիումներից օգտվում են թե՛ ուսանողները, և թե՛ պրոֆեսորները: Ամենաառաջին բուսաբանական այգիների մասին իմանալու համար եկեք տեղափոխվենք անցյալը։ Արևմտյան Եվրոպայում մեզ կդիմավորեն վանքերի այգիները, Ռուսաստանում` «դեղատնային բանջարանոցը», ուր սկզբում աճեցնում էին դեղաբույսեր, հետագայում նաև` արժեքավոր ծառեր ու ծաղիկներ։ Աշխարհում ամենահին բուսաբանական այգին գտնվում է Սալերնոյում (Իտալիա), որը հիմնադրվել է 1309 թ: Սովետական այգին գտնվում է Պամիրում, աշխարհի մասշտաբով ամենահյուսիսայինը` Բևեռային ալպիականը Խիբիններում (Կոլա թերակղզի): Հայկական ՍՍՀ-ում բուսաբանական այգի հիմնվել է 1935 թ, Երևանում, ուր աճում են ավելի քան 1200 տեսակի ծառեր ու թփեր, Հայաստանի բուսական աշխարհի ամենատարբեր ներկայացուցիչներ։ 1936 թ կազմակերպվել են Երևանի բուսաբանական այգու, Կիրովականի, 1944 թ` Սևանի բաժանմունքները: Մեր այգիների կենդանի հավաքածուներում և հերբարիումներում պահպանվում են նշանավոր ճանապարհորդներ Պրժեվալսկու, Պոտանինի, Սեմյոնով-Տյան- Շանսկու նվերները: Մեր այգիները սերմեր են փոխանակում աշխարհի 52 այգիների հետ, գիտարշավներ կազմակերպում` արժեքավոր բույսեր գտնելու։ Բերված բույսերը ընտելացվում են կլիմայական նոր պայմաններին: