Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Աֆրոդիտե

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Աֆրոդիտե

Ամեն մի կրթված մարդ հաճախ է լսել նրա մասին, հաճախ տեսել նրա կրկնօրինակներն ու պատկերները թանգարաններում ու գրքերում։ Միլիոնավոր մարդիկ երազում են իրենց աչքով տեսնել այդ արձանը։ Թեկուզ մեկ-երկու օրով Փարիզում եղած մարդուն հետո անպայման հարցնում են «Լուվրում եղա՞ր , «Աֆրոդիտեն» տեսա՞ր»։

Փարիզի հռչակավոր Լուվր թանգարանում պահվող Աֆրոդիտեի արձանը այն ամենաչքնաղ ու ամենազարմանահրաշ ստեղծագործություններից է, որ երբևէ կերտել են մարդկային մեծ հանճարն ու ճարտար ձեռքերը։Գիտնականները ենթադրում են, որ մարմարյա այդ արձանը քանդակել է հույն քանդակագործ Ագեսանդրոսը, մեր թվարկությունից առաջ 2-րդ դարում։ Բայց դարեր շարունակ արվեստի այդ հրաշալիքը թաքնված էր մարդկանցից։ Արձանը գտան միայն 1820 թ, Եգեյան ծովի Միլոս կղզու պեղումների ժամանակ, անվանեցին Միլոսյան Աֆրոդիտե (Վեներա)։

Հնում, երբ մարդիկ հավատում էին, թե իրենց կյանքն ու աշխարհում եղած ամեն ինչ տնօրինում են աստվածները, Աֆրոդիտեն հին հույների գարնան և ծաղկունքի, սիրո և գեղեցկության աստվածուհին էր (հռոմեացիներն իրենց նույն աստվածուհուն անվանում էին Վեներա, հայերը՝ Աստղիկ)։ Նկարիչներն ու քանդակագործները նրան պատկերում էին երիտասարդ, գեղեցիկ կնոջ տեսքով։ Աֆրոդիտեի ուրիշ քանդակներն էլ կան՝ Կապիտոլիումի Աֆրոդիտե, Տավրիդյան Աֆրոդիտե և այլն։ Բայց հազարամյակների ընթացքում ստեղծված բազմաթիվ արձանների շարքում Միլոսյան Աֆրոդիտեն ճանաչված է իբրև ամենագեղեցիկը, չնայած արձանը կռնատ է։ Նրա թևերն այդպես էլ չգտան, երբ հողի տակից հանում էին արձանը։ Ենթադրում են, որ մարմարյա գեղեցկուհին իր նուրբ ձեռքերում բռնած պահել է մի մեծ վահան, որի մեջ նայել է իրեն ինչպես հայելու մեջ։

Եվ ահա մեզանից 22 դար առաջ ապրած մեծ վարպետի կամքով մինչև հիմա հրաշք է կատարվում։ Երբ նայում ես Միլոսյան Աֆրոդիտեին, նրա անասելի հրաշագեղ մարմնին և չքնաղ դեմքին, նորից հավատում ես գեղեցկի հզոր ուժին, որի բարի իշխանություննանմահ է ու անպարտելի։