Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Արծիվ

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Steinadler Aquila chrysaetos closeup1 Richard Bartz.jpg

Արծիվներից ամենաերևելին, անշուշտ, քարարծիվն է: Նա այնքան մեծ է և ուժեղ, որ կարող է նույնիսկ գայլին հաղթել: Քարարծվով որս են անում շատ վաղուց:

Որսորդը նախ փոքրիկ քարարծվին հանում է բնից: Դա շատ վտանգավոր է, որովհետև բույնը գտնվում է անմատչելի ժայռերի մեջ, իսկ մայր և հայր արծիվները խիզախաբար պաշտպանում են իրենց ձագուկներին։ Հետո էլ ջահել արծիվը դեռ պետք է ընտելանա տիրոջը։ Ապա սկսում են վարժեցնել նրան: Վերջապես արծիվն արդեն վարժեցված է, ամրացել են նրա հզոր թևերը։ Եվ ահա որսորդն արծվի հետ ճանապարհվում է որսի:

Վիթխարի թռչունը, լայն բացելով երկու մետրանոց թևերը, բարձր ճախրում է երկնքում: Ահա սրատես աչքերը նկատեցին գայլին։ Պտույտ պտույտի ետևից, ասես դժկամորեն արծիվն սկսեց իջնել, իսկ հետո հանկարծ ծալեց թևերն ու կայծակի արագությամբ նետվեց դեպի որսը: Եվ գայլն արդեն գնալու տեղ չունի: Քարարծիվն ուժեղ ճիրաններով բռնել է գազանին և գետնին սեղմել։ Այժմ հեծյալ որսորդին մնում է միայն մոտենալ և կապոտել գայլին:

Քարարծիվներն ապրում են անմատչելի ժայռերում։ Հանդիպում են նաև սիբիրյան տայգայում և անտառներում: Մեր հանրապետությունում տարածված է արծվի չորս տեսակ՝ քարարծիվը, թզուկ, փոքր և տափաստանային արծիվները:

Անտառում արծիվներն իրենց բույնը շինում են հնամենի բարձր ծառերին, ամենախուլ թավուտում, ճանապարհներից և բնակավայրերից հեռու: Զգուշավոր թռչունները սակավ են մարդկանց աչքին երևում:

Եվ աշնան մոտ միայն, երբ մեծացած են լինում արծվի ձագուկները, երբեմն կարող ես տեսնել, թե ինչպես բարձր երկնքում դանդաղասահ ու վեհորեն ճախրում է արծվային ամբողջ ընտանիքը:

Երբ վրա են հասնում ցրտերը, քարարծիվները պատրաստվում են թռչելու: Իրենց ձմեռային ճանապարհի վերջում, որևէ տեղ, երիտասարդ արծիվները կանգ կառնեն և կմնան ապրելու մինչև նոր ցրտերը: Իսկ հայր և մայր արծիվները ետ կթռչեն, կգտնեն իրենց նախկին բույնը, կնորոգեն և նորից այստեղ կմեծացնեն մեկ կամ երկու արծվիկի։