Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Ամերիկայի Միացյալ Նահանգներ

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
ԱՄՆ Սպիտակ Տուն

Ամերիկայի Միացյալ Նահանգները հաճախ անվանվում են նաև Միացյալ Նահանգներ, կամ պարզապես Ամերիկա։ Գտնվում է Հյուսիսային Ամերիկայում և այն բաղկացած է 50 նահանգներից։ Հյուսիսում Ամերիկայի Միացյալ Նահանգները հարակից է Կանադային, իսկ հարավում՝ Մեքսիկային։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում է գտնվում նաև Սպիտակ Տունը։ Ամերիկայի Միացյալ Նահանգները Արևմտյան կիսագնդի խոշոր երկրներից է: Նրա գրեթե ողջ տարածքը գտնվում է Հյուսիսային Ամերիկայում։ Ամերիկայի Միացյալ Նահանգների արևելյան ափերը ողողում են Ատլանտյան, իսկ արևմտյանը` Խաղաղ օվկիանոսի ջրերը։ Ամերիկայի Միացյալ Նահանգների կլիման հիմնականում բարեխառն է ու մերձարևադարձային։ Կան նաև արևադարձային կլիմայով վայրեր` (Հավայան կղզիները) Խաղաղ օվկիանոսում, Իսկ Ալյասկա հյուսիսային նահանգում ձմռանը լինում է արկտիկական սառնամանիք: Երկրի կենտրոնական մասի հարթավայրերն արևմուտքում փոխվում են վեհասքանչ, ձյունապատ լեռնագագաթներով ժայռոտ լեռների, իսկ արևելքում ոչ շատ բարձր լեռների՝ Ապալաչների։ Լեռների, հատկապես Ապալաչների ընդերքը հարուստ է քարածխով, նավթով, բնական գազով, երկաթի, գունավոր մետաղների հանքաքարով և այլ օգտակար հանածոներով: Ամենախոշոր գետերն են Միսսիսիպին և նրա վտակ Միսսուրին: Եվրոպացիներն սկսել են Հյուսիսային Ամերիկա գաղթել դեռևս 16-րդ դարում: Այն բանից հետո, երբ Կոլումբոսը հայտնագործեց Ամերիկան, նրանք անողոքաբար բնաջնջում էին հնդկացիներին՝ ամերիկյան մայրցամաքի բնիկներին:

17-րդ դարում վերաբնակիչները (հիմնականում, անգլիացի) Ատլանտյան օվկիանոսի ափին հիմնադրեցին իրենց բնակավայրերը` գաղութները։ 18-րդ դարի վերջին 13 գաղութ ազատագրվեց անգլիացիների տիրապետությունից և ստեղծվեց անկախ պետություն՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների հանրապետությունը։ Դրա համար էլ Ամերիկայի Միացյալ Նահանգների պետական դրոշի վրա կան սպիտակ ու կարմիր 13 զոլեր: Դրոշի վերին ձախ անկյունում գտնվող կապույտ ուղղանկյան մեջ նկարված 50 սպիտակ աստղիկները համապատասխանում են Ամերիկայի Միացյալ Նահանգների ներկա թվին: Ամերիկայի Միացյալ Նահանգներում զարգացած են ժամանակակից արդյունաբերության բոլոր ճյուղերը, հատկապես` ավտոմոբիլային, նավթավերամշակման, քիմիական և ատոմային արդյունաբերությունը: Շատ զարգացած է նաև գյուղատնտեսությունը, որի բոլոր ճյուղերում լայն կիրառում ունի տեխնիկան։ Գլխավոր հացահատիկային բույսը եգիպտացորենն է։ Աշխարհում մշակվող եգիպտացորենի գրեթե կեսը հավաքվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Ամերիկայի Միացյալ Նահանգների տնտեսական և քաղաքական կյանքում վճռական դեր ունեն ֆինանսաարդյունաբերական խոշոր խմբերը` մոնոպոլիաները, որոնցից շատերը սերտորեն կապված են ռազմական արտադրության հետ։ Նրանք պաշտպանում են հետադիմական քաղաքականությունը երկրի ներսում և ագրեսիվ քաղաքականությունը միջազգային ասպարեզում:

Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչությունը ապրում է հիմնականում քաղաքներում: Նյու Յորքը Ամերիկայի Միացյալ Նահանգների ամենամեծ քաղաքն է, որը արդյունաբերական խոշոր կենտրոն է և նավահանգիստ Ատլանտյան օվկիանոսի ափին: Նյու Յորքի գլխավոր առանձնահատկությունը 60-80 հարկանի երկնաքեր շենքերն են, որոնք քաղաքի շատ թաղամասեր վերածել են քարե կիրճերի, ուր չի թափանցում արևի լույսը և օդը թունավորված է ավտոմեքենաների արտանետած գազերով: Նյու Յորքի կենտրոնում՝ Մանհեթըն կղզում, տեղավորված են ամերիկյան խոշորագույն ձեռնարկությունների վարչությունները, պետական և քաղաքային հիմնարկները, բանկերը:

Պոտոմակ գետի ափին է տեղավորված Ամերիկայի Միացյալ Նահանգների մայրաքաղաքը՝ Վաշինգտոնը, որն իր անունն ստացել է ի պատիվ երկրի առաջին պրեզիդենտ Ջորջ Վաշինգտոնի։ Նյու Յորքից մինչև մայրաքաղաք երկաթուղով հինգ ժամվա ճանապարհ է:

Ամերիկյան Մեծ լճերից մեկի՝ Միչիգանի, ափին է գտնվում արդյունաբերական խոշոր քաղաք Չիկագոն: Նրանից ոչ հեռու Դետրոյտ քաղաքն է, ամերիկյան ավտոմոբիլաշինության կենտրոններից մեկը Խաղաղ օվկիանոսի ափին ընկած ամենախոշոր քաղաքներն են Լոս Անջելեսը և Սան Ֆրանցիսկոն: Լոս Անջելեսի շրջաններից մեկում՝ Հոլիվուդում, թողարկվում են ամերիկյան համարյա բոլոր կինոնկարները: Սան Ֆրանցիսկոն, որը գտնվում է Կալիֆորնիայի ծաղկուն հովտում, Ամերիկայի Միացյալ Նահանգների արևմտյան մասի ամենախոշոր նավահանգիստն ու արդյունաբերական կենտրոնն է:

Ամերիկայի Միացյալ Նահանգները նշանավոր շատ մարդկանց հայրենիքն է: Ականավոր քաղաքական գործիչներ Բենջամին Ֆրանկլինը և Աբրահամ Լինկոլնը, գյուտարարներ Ռոբերտ Ֆուլտոնը և Թոմաս Էդիսոնը, գրողներ Մարկ Տվենը, Ջեկ Լոնդոնը և շատ ուրիշներ հայտնի են ամբողջ աշխարհին:

Ամերիկայի Միացյալ Նահանգները հայկական մեծ գաղթավայրերից է: Հայերը Հյուսիսային Ամերիկայում հաստատվել են 17-րդ դարի առաջին տասնամյակներից: ԱՄՆ-ում հայ առաջին համայնքը հիմնվել է 1881 թվականին Կալիֆոռնիայի Ֆրեզնո քաղաքում։ Ամերիկայի Միացյալ Նահանգներ գաղթած հայերի թիվն ստվարացավ 1894-1896 թվականներին Թուրքիայում կազմակերպված հայկական կոտորածներից և հատկապես 1915 թվականին Մեծ եղեռնից հետո և 1920 թվականին հայերի թիվն Ամերիկայի Միացյալ Նահանգներում 100 հզ էր, 1983 թվականին 650 հզ.. Ամերիկահայերը բնակվում են հիմնականում Նյու Յորք, Լոս Անջելես, Դետրոյտ, Բոստոն, Չիկագո, Ֆիլադելֆիա, Ֆրեզնո և Սան Ֆրանցիսկո քաղաքներում: Ամերիկահայ գաղութում գործում են բազմաթիվ հասարակական կազմակերպություններ, մշակութային միություններ և ընկերություններ։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում է գտնվում Հայկական բարեգործական ընդհանուր միության կենտրոնական վարչությունը: Մշակութային ամենահայտնի կազմակերպություններից են Ամերիկահայ առաջադիմական միությունը, Թեքեյան մշակութային միությունը:

Ամերիկահայ գաղութում ստեղծագործել և ստեղծագործում են հայ անվանի գրողներ։ Ամերիկայի Միացյալ Նահանգների գրական շրջանակներում հանրաճանաչ են անգլիագիր հայ գրողներ Վիլիամ Սարոյանը, Լևոն Զ. Սյուրմելյանը, Մայքլ Առլեն կրտսերը: Հանրածանոթ են հայ և օտար շրջանակներին Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» օպերայի մեներգչուհիներ Լիլի Չուգասըզյանը, Լուսին Ամարան (Արմադանյան) և շատ ուրիշներ։ Համաշխարհային հռչակի է արժանացել ԱՄՆ-ի կինոարվեստի հայ գործիչ Ռուբեն Մամուլյանը: Գեղանկարչության ասպարեզում ճանաչված են Հովսեփ Փուշմանյանը, Արշիլ Գորկին (Ոստանիկ Ադոյան):

Ամերիկայի Միացյալ Նահանգների գիտության և տեխնիկայի զարգացման մեջ իրենց խոշոր ավանդն ունեն ամերիկահայ գիտնականներ Վ. Գազանճյանը, Ա. Գանտոնյանը։ Հայաստանի գիտական հաստատությունների հետ սերտ հարաբերություններ են հաստատել ամերիկահայ գիտնականներ, Հայկական ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամներ Մանասե Սևակը, Չարլզ Հրաչ Փափագը, Սիրարփի Տեր Ներսեսյանը:

1960-ական թվականների կեսերից շատ ամերիկահայ ուսանողներ սովորում են Երևանի բուհերում, ուսումնասիրում հայոց լեզու, պատմություն, հայ գրականություն։ Ամերիկահայությունը օտարացումից փրկելու երաշխիքը Հայաստանի գոյությունն է, նրա տնտեսական ու մշակութային հարաճուն վերելքը խորհրդային ժողովուրդների եղբայրական ընտանիքում