Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Փոքր Հայք

Vikidia-ից
Jump to navigation Jump to search

Փոքր Հայքը երկիր է Հայաստանում՝ Մեծ Հայքի և Եփրատի արևմտյան կողմում, վերջինիս և Անտիտավրոսի լեռների միջև ընկած տարածքում։ Սկզբնական շրջանում ընդգրկում էր Եփրատի վերին, Ճորոխի ու Գայլ գետի վերին ու միջին և Հալիս գետի վերին հոսանքի շրջանները՝ Մեծ Հայքի, Կապադովկիայի ու Պոնտոսի միջև։ Կազմել է հնագույն Հայասա երկրի մասը։[1] Մ. թ.ա. IX-VI դդ Փոքր Հայքի արևելյան շրջանները միավորվել են Ուրարտուին։ Մթա VI դ սկզբին Փոքր Հայքը մտել է Երվանդունիների թագավորության մեջ։ Մթա VI դ վերջից ընկել է Աքեմենյան Պարսկաստանի գերիշխանության ներքո։ Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքների ժամանակ Փոքր Հայքի կառավարիչ Միթրաուստեսը մասնակցել է Գավգամելայի ճակատամարտին և Աքեմենյան պետության անկումից հետո իրեն հռչակել է անկախ թագավոր։ 322–ին Նեոպտողեմայոսը փորձել է Փոքր Հայքը միացնել Հունա–մակեդոնական տիրակալությունը, սակայն չի հասել արդյունքի։ Մ. թ. ա. III դ վերջին Սելևկյանները գրավել են Փոքր Հայքի թագավորությունը և ստեղծել առանձին սատրապություն, որի սատրապ է նշանակվել մի հայ մեծատոհմիկի և սելևկյան թագավոր Անտիոքոս III–ի քրոջ որդի Միհրդատը։ Մ.թ. ա. II դարի առաջին տասնամյակի վերջին՝ 190 թվականին Մագնեսիայի ճակատամարտում Անտիոքոս III-ի՝ Հռոմից կրած պարտությունից հետո Փոքր Հայքում վերականգնել է անկախությունը։ Հայկական այս երկրամասը անկախ է մնացել ևս գրեթե 80 տարի, մինչև որ անցել է Պոնտական թագավորության արքայազն Միհրդատին։ Մ. թ. ա. 183-ին Պոնտոսի թագավոր Փառնակը և Փոքր Հայքի կառավարիչ Միհրդատը ներխուժել են Գաղատիա և Կապադովկիա, սակայն պարտվել են և հաշտություն կնքել աննպաստ պայմաններով։ Մեծ Հայքի թագավոր Արտաշես Ա, որ ծրագրել էր միավորել Փոքր Հայքը, նպաստել է նրա քաղաքական անկախության վերականգմանը և սահմանների ընդարձակմանը։ Մ. թ. ա. II դ վերջին Փոքր Հայքի թագավոր Անտիպատրոսը որդեգրել է Պոնտոսից փախած Միհրդատ VI Եվպատորին և նրան ժառանգել իր թագավորությունը։ Դրանից մի քանի տարի անց Միհրդատը գրավել է նաև Պոնտոսի իր հայրական գահը։ Այսպիսով Փոքր Հայքը խաղաղ կերպով միացել է Պոնտոսի թագավորությանը։