Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Վարորդ

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Convertible Mercedes Car Driving On A Highway.jpg

Օր ու գիշեր ճանապարհներով սլանում են ավտոմեքենաները։ Վարորդները հացահատիկ են կրում դաշտից, ապրանք հասցնում ամենահեռավոր շրջանները, հումք բերում ֆաբրիկաներ ու գործարաններ և պատրաստի արտադրանք տեղափոխում նավահանգիստների պահեստներ ու երկաթուղային կայարաններ, օդանավակայաններ ու խանութներ։ Արևի տակ, սարսռեցնող ցրտին, հաղթահարելով լեռնանցքներ ու ավազոտ անապատներ, անցնելով բազմամարդ քաղաքի փողոցներով՝ ավտոմեքենաները վարում են ամենատարածված ու ամենաանհրաժեշտ մասնագիտություններից մեկն ունեցող մարդիկ՝ վարորդները։

Վարորդական գրքույկ (իրավունք) ստանալն ու վարորդ դառնալն այնքան էլ հեշտ գործ չէ։ Դրա համար անհրաժեշտ է վարորդական դասընթացներ ավարտել և շատ խիստ քննություն հանձնել։ Փորձված վարորդն ավտոմեքենայի կառուցվածքը շատ լավ գիտի։ Նա սիրում է իր ավտոմոբիլը, խնամում է այն, զգում նրա վիճակն ու հնարավորությունները։

Ապագա վարորդը բժշկական հատուկ քննություն է անցնում։ Ավտոմեքենայի վարորդը պետք է միանգամայն առողջ լինի, կարողանա ակնթարթորեն կողմնորոշվել հանկարծակի ծագած ճանապարհային ցանկացած իրավիճակում։ Ղեկի առջև նստած մարդը միշտ հիշում է, որ իր ուշադրությունից ու հմտությունից է կախված ոչ միայն մեքենայի անվթարությունը, այլև ուղևորների ու հետիոտների կյանքի անվտանգությունը։

Իսկական վարորդը խիստ կարգապահ մարդ է, ոչ մի վայրկյան ուշադրությունը չի շեղում ճանապարհից։ Նա անգիր գիտի ճանապարհային նշաններն ու փողոցային երթևեկության կանոնները և երբեք, ոչ մի դեպքում դրանք չի խախտում։

Վարորդը մի օրենք ևս ունի․ նա միշտ օգնության է հասնում ուրիշ վարորդի, եթե նրա ավտոմեքենան խափանվել է, միշտ օգնում է ճանապարհին փորձանքի մեջ ընկած ցանկացած մարդու։