Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Շնչառություն

Vikidia-ից
Jump to navigation Jump to search

Հապա փորձեք փակել ձեր բերանը, սեղմել քիթն ու շունչը պահել. Մի քանի վայրկյան անց դուք անպայման կզգաք խորը ներշնչելու անհրաժեշտություն։ Առանց թարմ օդի շնչահեղձ են լինում մեր օրգանիզմի բոլոր բջիջները։ Ամեն վայրկյան նրանց անհրաժեշտ է օդի բաղադրության մեջ մտնող թթվածինը, որը ապահովում է մարդու օրգանների աշխատանքը և օրգանիզմում տեղի ունեցող նյութափոխանակության բոլոր կարևոր պրոցեսները։

Առանց թթվածնի օրգանիզմը չի կարող սննդից ստանալ իր կենսագործունեության համար անհրաժեշտ էներգիան։ Որքան շատ էներգիա է մարդը ծախսում որևէ աշխատանք կատարելու համար, այնքան շատ թթվածին է պահանջվում այդ ծախսը վերականգնելու համար։ Ահա թե ինչու վազելիս, ցատկելիս կամ մարմնամարզական վարժություններ կատարելիս մենք ավելի խորն ու հաճախակի ենք շնչում։

Երբ մենք շնչում ենք, օդը նախ անցնում է կոկորդ, հետո՝ շնչափող։ Շնչափողը շատ հնարամիտ կառուցվածք ունի երբ մենք որևէ բան ենք կուլ տալիս, շնչափողը փակվում է փոքրիկ «կափարիչով», որպեսզի հանկարծ ուտելիքի փշրանքները չընկնեն թոքերը։ Իսկ երբ ներշնչում ենք, շնչափողը բացվում է, և օդն ուղղվում է ճիշտ դեպի թոքերը։

Շնչափողը ճյուղավորվում է աջ ու ձախ թոքերը տանող երկու լայն խողովակների բրոնխների։ Մեծ սպունգների նմանվող թոքերը կազմված են անթիվ մանրիկ բշտիկներից՝ թոքաբշտիկներից (ալվեոլներից), որոնց պատերը հյուսապատված են հազիվ նկատելի արյունատար անոթների խիտ ցանցով։ Յուրաքանչյուր անոթ 50 անգամ ավելի բարակ է, քան մարդու մազը

Երբ մենք ներշնչում ենք, թոքերն ընդարձակվում են, և թոքաբշտիկները լցվում են թարմ օդով։ Նրանց անոթներով հոսող արյունը ագահորեն կլանում է թթվածինը և այն հասցնում օրգանիզմի բոլոր բջիջներին։ Իսկ դրա փոխարեն արյունը թոքաբշտիկներին է տալիս իր մեջ կուտակված ածխաթթվական գազը, որն էլ մենք արտաշնչում ենք։

Չափահաս մարդու թոքերում կան ավելի քան 700 մլն թոքաբշտիկներ։ Եթե նրանց թաղանթները միացնենք իրար և հարթեցնենք, կստանանք 100 քառ մ մակերեսով մի թաղանթ։ Մեկ օրվա ընթացքում մարդը շնչում է գրեթե 500 լիտր օդ։ Դրա համար նա այնքան էներգիա է ծախսում, որը կբավականացներ մեկ տոննա ջուրը պոմպով պով տան երկրորդ հարկը բարձրացնելուն։ Ահա թե որքան հզոր է մարդու շնչառական ապարատը։

Միայն մարդիկ չէ, որ շնչում են Շնչում են բոլոր գազաններն ու թռչունները, միջատներն ու ձկները ճիշտ է, յուրովի (իրենց տերևներով), բայց շնչում են նաև բույսերը՝ ծառերը, ծաղիկները Ձկները շնչում են խռիկներով՝ ջրից վերցնելով նրա մեջ լուծված թթվածինը։ Կենդանի ողջ բնությունը պետք է շնչի, որ ապրի։