Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Մրջյուններ

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Fire ants02.jpg

Մրջյուններն ապրում են ոչ միայն մրջնանոցներում, այլև ծառերի բների, ծաղիկների ցողունների մեջ, գետնի տակ: Արևադարձային երթային մրջյուններն, օրինակ, մշտական ապրելատեղ չունեն: Նրանք շարասյուներով շարժվում են անտառներով, անցնում առվակների վրայով, էգ մրջնին՝ «թագուհուն», տանում են շարասյան կենտրոնով, քարշ տալիս թրթուրներին ու ջահել մրջյուններին: Այդպիսի մրջյուններն իրենց ճանապարհին ուտում փչացնում են կենդանի բնությունը:

Ամերիկյան հովանոցավոր մրջյունները մի քանի րոպեում կարող են տերևազրկել մեծ ծառը: Նրանք օղակ-օղակ կտրատում են տերևներն ու շալակած տանում մըրջնանոց, կարծես հովանոցներով կամ դոշակներով մի ամբողջ շարասյուն է շարժվում: Մրջյունները տերևները չեն ուտում:

Նրանք ստորգետնյա սրահների խորքում այդ տերևների վրա աճեցնում են հատուկ սնկեր, ավելի ճիշտ սնկամարմին: Այս վերջինի վրա աճում են մականանման ցուպիկներ, որոնք հովանոցավոր մրջյունների սիրելի կերն են: «Այգեգործ» մրջյուններն այդ քմահաճ բույսի համար ստեղծում են ջերմության ու խոնավության նրան անհրաժեշտ պայմանները: Մարդկանց, օրինակ, դեռ երբեք չի հաջողվել լաբորատորիայում նման սնկամարմին աճեցնել:

Իսկ մեղրամրջյուններն ունեն կենդանի տակառիկներ: Կախվում է մեղրամրջյունը ստորգետնյա «մառանի» առաստաղից և այդպես էլ մնում կախված, իսկ մյուս մրջյունները քաղցր նեկտար են մատակարարում նրան, ասես լցնում են տակառի մեջ: Կախված մրջյունի փորիկը փուչիկի պես ուռչում է, դառնում թափանցիկ:

Երբ աշխատավոր մրջյունը քաղցածանում է, վազում է «մառան», բեղիկները հպում «տակառիկին», և սրա ծնոտների վրա հայտնվում է քաղցր հյութի կաթիլը:

Շատերն են մրջյունների կուտակ տեսել: Բայց քչերը գիտեն, որ դա մրջնանոցի վերնահարին է միայն: Նրա գլխավոր մասը գետնի խորքում է: Անձրևից առաջ մրջյունները փակում են մրջնանոցի բոլոր մուտքերն ու ելքերը, իսկ լավ եղանակին երբեմն տաքանալու են դուրս բերում իրենց սպիտակ «ձվերը»: Իրականում դրանք ձվեր չեն, այլ հարսնյակներ, որոնցից հասուն մրջյուններ են դուրս գալիս: Էգի կամ «թագուհու» ձվերից դուրս են գալիս կոր ու սպիտակ, որդանման թրթուրներ: Աշխատավոր մրջյունները նրանց կերակրում են սննդարար խյուսով, իսկ հետո թրթուրները կերպարանափոխվում են հարսնյակների: Հարսնյակը, որ գտնվում է բոժոժի մեջ, շատ նման է հասուն մրջյունի, միայն թե սպիտակ է ու անշարժ: Նայած թրթուրի ստացած սննդին հարսնյակից դուրս է գալիս կամ աշխատավոր մրջյուն՝ թերզարգացած էգ, կամ թևավոր արուներ ու էգեր: Թևավոր արուների կյանքը կարճատև է Շողշողուն պարսով նրանք օդ են բարձրանում, հետո իջնում են գետնին և մահանում: Իսկ էգերը կորցնում են թևերը և մինչև կյանքի վերջն ապրում մրջնանոցի խորքում ու ձվադրում:

Մրջնանոցի ողջ աշխատանքը կատարում են աշխատավոր մրջյունները՝ կառուցում են մրջնանոցը, պաշտպանում, կեր կուտակում: Մրջյունների որոշ տեսակների մեջ կան «զինվորներ», որոնք ավելի խոշոր են և ուժեղ ծնոտներ ունեն: Նրանց գործը մրջնանոցի պաշտպանությունն է: Կան այնպիսի մրջնանոցներ, որտեղ ապրում են միմյանց իսպառ չնմանվող, օրինակ, սև ու մեծ և շեկ ու փոքր մրջյուններ: Պարզվում է, որ սև մրջյունները կողոպտել են օտար մրջնանոցը, իրենց մոտ բերել հարսնյակներին, որոնցից էլ ծնվել են շեկ մըրջյունները և դարձել նրանց «ստրուկները»:

Մրջյունները մի հետաքրքիր առանձնահատկություն ունեն: Ասենք, հանդիպում են կուշտ ու քաղցած մրջյունները և իրենց բեղիկներով «զրույցի բռնվում» (մրջյուններն ազդանշանները հաղորդում են բեղիկանտենաների շարժումներով) Կուշտ մըրջյունը սննդարար կաթիլ է փսխում ստամոքսից, իսկ սովածն այն լիզում է: Այդպես ամբողջ մրջնանոցը միշտ և հավասարաչափ ապահովված է լինում սննդով: Մրջյունները հարմարվել են «կթելու» նաև ուրիշ միջատների՝ կանաչ լվիճներին: Նրանք նույնիսկ «արածեցնում» են այդ լվիճներին, իսկ հետո լիզում նրանց քաղցր արտաթորանքը:

Մրջյունները մարդու բարեկամներն են. նրանք փրկում են անտառը: Հաշվել են, որ մրջյունները 12 ժամվա ընթացքում մրջնանոց են բերել երկրաչափ վնասատու թիթեռի 33 հազար թրթուր: Նշանակում է, երկրաչափի բազմացման շրջանում մրջյունները կոչնչացնեն մոտ մեկ միլիոն այդպիսի վնասատու: Ահա թե ինչու այնտեղ, ուր պահակային աշտարակների նման բարձրանում են մրջյունների «ամրոցները», անտառն առողջ է ու մաքուր: Այժմ մարդիկ նույնիսկ սկսել են մրջնանոցի առանձին մասեր «վերաբնակեցնել» «հիվանդ» անտառներում: Եթե զգուշորեն վերցնենք մրջնակուտակի մի մասը, տեղավորենք պարկում, հետո շաղ տանք ծառի հարավային կողմի չոր գետնին, մրջյուններն արագ «տնտեսություն» կստեղծեն, իսկ հին մրջնանոցը կնորոգեն: Բայց երբեք չպետք է մրջյունների խուճապով զվարճանալու համար փորփրել մրջնանոցը: {{}}ԻՈ