Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Հրազդան մարզադաշտ

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
րազդան մարզադաշտ էջը

ՀԽՍՀ կառավարությունը 1968թ. որոշում ընդունեց Երևանում մարզադաշտ կառուցելու մասին: Մարզադաշտի նախագծի հեղինակներն են ճարտարապետներ Կորյուն Հակոբյանը, Գուրգեն Մուշեղյանը, կոնստրուկտոր Էդուարդ Թոսունյանը:

1969թ. սկսվեց մարզադաշտի շինարարությունը: Նախագծային և շինարարական աշխատանքները տարվում էին զուգահեռաբար: Ստեղծվել էր շինարարությունը համակարգող շտաբ, որը ղեկավարում էր ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահ Բադալ Մուրադյանը, տեղակալն էր Երքաղկոմի քարտուղար Կարեն Դեմիրճյանը: Բադալ Մուրադյանի աշխատանքային խիստ ծանրաբեռնվածության պատճառով շինարարական աշխատանքները հիմնականում ղեկավարում էր Կ. Դեմիրճյանը: Հանրապետության ղեկավարությունը նրան լիովին վստահում էր:

Շինարարությունը իրականացնում էր «Երքիմշին» տրեստը` Պետրոս Թումանյանի գլխավորությամբ: ՀԿԿ ԿԿ-ի և Երևանի քաղկոմի ղեկավարությունը ուշադրության կենտրոնում էր պահում մարզադաշտի կառուցման ընթացքը: Արտադրական խորհրդակցություններն անց էր կացնում անձամբ Կարեն Դեմիրճյանը: Շաբաթը մեկ անգամ շինհրապարակ էր այցելում ՀԿԿ ԿԿ-ի առաջին քարտուղար Անտոն Քոչինյանը:

Մարզադաշտը, փաստորեն, համաժողովրդական կառույց էր դարձել: Հանրապետության գործարանները, արտադրական ձեռնարկությունները, նախարարությունները, շինարարական կազմակերպությունները ներգրավվել էին այդ գործում: Աշխատանքներն ընթանում էին երեք հերթափոխով, առանց հանգստյան օրերի:

Մարզադաշտի հանդիսավոր բացումը տեղի ունեցավ 1971թ. մայիսի 19-ին: Այն նախատեսված էր 70 հազար հանդիսատեսի համար: Այդ շրջանում “Հրազդանը” աշխարհի լավագույն մարզադաշտերի շարքին էր դասվում:

«Հրազդան» մարզադաշտի նախագծման և կառուցման համար ստեղծագործական խումբը՝ Կորյուն Հակոբյան, Գուրգեն Մուշեղյան, Էդուարդ Թոսունյան, Պետրոս Թումանյան, Արշավիր Մինասյան, 1979թ. արժանացան ՀԽՍՀ Պետական մրցանակի: