Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Հիպոթեզ

Vikidia-ից
Jump to navigation Jump to search

«Հիպոթեզ» բառը հունարեն է և նշանակում է «ենթադրություն»։ Սակայն հիպոթեզը կամ, ինչպես նաև ասում ենք, վարկածը, ոչ թե առաջին պահ մտքում ծագած ենթադրությունն է (օրինակ, թե Արեգակը զուտ ոսկուց է), այլ գիտական ենթադրությունը, որն արվում է մանրակրկիտ դիտումների, փաստերի ու հաշվարկների համադրման հետևանքով։

Օրինակ, անցյալ դարի կեսերին ֆրանսիացի աստղագետ Լևերիեն զարմանքով նկատեց, որ Ուրան մոլորակի շարժման ուղեծիրը ոչ մի հաշվարկի չի ենթարկվում։ Մոլորակը շարունակ հայտնվում է ոչ այնտեղ, որտեղ պետք է լիներ ըստ գիտնականի հաշվումների: Լևերիեն առաջ քաշեց այն ենթադրությունը (հիպոթեզը), որ Ուրանի վրա ազդում է ինչ-որ անհայտ մոլորակի ձգողությունը։ Հենց դա էլ «աղավաղում» է նրա ուղեծիրը։ Լևերիեն հաշվարկեց, թե գիշերային երկնքի որ մասում պետք է որոնել այդ անհայտ մոլորակը։ Անցավ որոշ ժամանակ, և գերմանացի աստղագետ Հալլեն հեռադիտակի օգնությամբ մոլորակը գտավ հենց այնտեղ, ուր ենթադրել էր Լևերիեն։ Մոլորակն անվանեցին Նեպտուն։ Անվիճելի փաստով հաստատված հիպոթեզը դարձավ գիտական ճշմարտություն։

Ահա մեկ այլ օրինակ․ Մեր-րդ դարի սկզբին գիտնականները գտնում էին, որ երկրագնդի վրա նավթահանքերն առաջացել են այնտեղ, ուր միլիոնավոր տարիներ առաջ տեղի են ունեցել երկրաբանական վիթխարի աղետներ, և հանկարծակի ոչնչացել է ողջ կենդանի բնությունը։ Այդ հիպոթեզի հաստատումը տեսնում էին կենդանի օրգանիզմների և նավթի քիմիական բաղադրության միջև եղած մեծ նմանության մեջ։ Սակայն այդ հիպոթեզը նավթի նոր հանքավայրերի որոնումներին չօգնեց։ Ոչ ոք չկարողացավ կռահել, թե հատկապես որտեղ են տեղի ունեցել այդ աղետները։

Մի ուրիշ հիպոթեզ առաջարկեց այն ժամանակ դեռ երիտասարդ ռուս երկրաբան, հետագայում համաշխարհային համբավի հասած գիտնական Ի. Մ. Դուբկինը: Նրա համոզմամբ, նավթի հանքաշերտեր առաջացել են այնտեղ, որտեղ միլիոնավոր տարիներ անընդմեջ շարունակվել է բուսական և կենդանական պարզագույն օրգանիզմների ոչնչացման պրոցեսը։ Հավանաբար, այդ պրոցեսը շարունակվում է նաև մեր օրերում։ Դա տեղի է ունենում ծովերի և օվկիանոսների բուսական և կենդանական օրգանիզմներով խիստ հագեցած շրջաններում։ Իջնելով ջրի հատակը և ընկղմվելով տիղմի մեջ՝ ոչնչացված օրգանիզմների մնացորդները քայքայվում են առանց թթվածնի մասնակցության և հատուկ բակտերիաների ազդեցությամբ աստիճանաբար վերածվում նավթի, հետևաբար նավթի նոր հանքավայրեր պետք է փնտրել այնտեղ, որտեղով անցել են հնադարյան ծովերի և օվկիանոսների ափագծերը։

Երիտասարդ գիտնականի հիպոթեզը փայլուն կերպով հաստատվեց: Նրա հիման վրա նավթի հարուստ հանքաշերտեր հայտնաբերվեցին նախ Ուրալյան լեռների և Վոլգայի միջև, ապա նաև Սիբիրում: Իսկ ամենաժամանակակից՝ ռադիոածխածնային մեթոդով Կասպից ծովի հատակի նստվածքների հետազոտումը ցույց տվեց, որ նավթ առաջացնող նյութեր կուտակվում են նաև մեր օրերում։

Այս կամ այն անհասկանալի երևույթը կամ առեղծվածային իրադարձությունը բացատրելու համար ամեն մարդ կարող է առաջ քաշել իր սեփական հիպոթեզը։ Կարևոր է միայն, որ այն գիտականորեն հիմնավորված լինի: Իսկ հիպոտեզը կհաստատվի,թե ոչ, կպարզվի արդեն համոզիչ փորձերից հետո։