Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Կյանքի ծագումը

Vikidia-ից
Jump to navigation Jump to search

Միմյանցից տարբեր որքան կենդանիներ, տեսակ-տեսակ ջրիմուռներ, սնկեր, բույսեր կան Երկրի վրա։ Որտեղի՞ց են հայտնվել այդ բազմապիսի կենդանի էակները, ինչպես է մեր մոլորակի վրա ծագել կյանքը։ Մենք բոլորս գիտենք, որ կենդանի էակը ծնվում է կենդանի էակից, շունը քոթոթներ է ունենում, կատուն՝ փիսիկներ, հավը՝ ճուտիկներ։ Իսկ հավն, օրինակ, նախքան ճուտ ունենալը, ուրիշ ինչ է ունենում։ Ձու, որը ոչ հավի է նման, ոչ էլ ճտի։ Ընդամենը կրային մի կճեպ, իսկ ներսում՝ սպիտակուց, մեկ էլ դեղնուց։ ապա ասացեք, ձուն կենդանի էակ է, թե ոչ։ Կարծեք թե ոչ, պարզապես սննդարար նյութերի մի հրաշալի հավաքածու է՝ բնական անգերազանցելի փաթեթավորումով։ Բայց կանցնի 21 օր, և ինկուբատորում (ճտահան մեքենայում) ձվից դուրս կգա իսկական, կենդանի մի ճուտիկ։ Կային միայն սպիտակուց, դեղնուց ու կճեպ, բայց ստացվեց ճուտիկ ու կճեպ։ Ուրեմն ինչ, ճուտն ստացվեց սպիտակուցից ու դեղնուցից։ Սակայն կան նաև այնպիսի ձվեր, որոնց սպիտակուցն ու դեղնուցը տեղն են, մինչդեռ նրանցից ճուտ դուրս չի գալիս։ Այդպիսի ձվերը կոչվում են «լակ» ձվեր։ Լակ ձվի մեջ պակասում է մի չնչին բան՝ հազիվ նկատելի մի պուտ, որը կոչվում է սաղմնային սկավառակ։ Դա բջիջների մի խումբ է, որն առաջանում է մեն-մի բջիջից։ Իսկ սպիտակուցն ու դեղնուցը սննդանյութերի պաշար են։ Ջայլամի ձվի մեջ կտեղավորվեն հավի 30 կամ ճնճղուկի հարյուրավոր ձվեր, բայց սաղմնային սկավառակը նույնպիսին է, և եթե այն չլինի, ջայլամի ձագ էլ չի ծնվի։ Եվ պատկերացրեք, դեռ չի եղել մի դեպք, որ ջայլամի ձվից հավի ճուտ կամ փղի ձագ ծնվի։ Այդպիսի բան չի լինում։ Յուրաքանչյուր կենդանի կամ բույս իր տեսակի սերունդ է տալիս։ Իսկ թե ինչու է այդպես, դուք կիմանաք, երբ կարդաք «ժառանգականություն» զըրույցը: Իսկ որտեղից են հայտնվել ամենաառաջին կենդանի բջիջները, ինչից է սկիզբ առել կյանքը Երկրի վրա։ Միլիարդավոր տարիներ էին պետք, որ Երկրի կեղևը սառչեր ու պնդանար, իսկ ջրային գոլորշիները խտանային և տաք անձրևի տեսքով թափվեին Երկրի վրա, հետո ջուրն էլ աստիճանաբար սառեր։ Այդ ժամանակ արդեն ջրում կային շատ բազմազան քիմիական նյութեր։ Դրանցից սկզբում առաջացան ավելի բարդ քիմիական միացություններ, իսկ մի քանի այդպիսի միացություններից կազմվեցին սպիտակուցի մոլեկուլներ։ Երևան եկան առաջին սպիտակուցային գնդիկները, որոնք շատ բարդ քիմիական բաղադրություն ունեին. Աստիճանաբար նրանք սկսեցին կլանել ջրում լուծված նյութերը՝ «սնվել», դրանցով կառուցել իրենց «սպիտակուցավոր» մարմինը, իսկ «թափոնները» նետել դուրս, արտաքին աշխարհ։ Նրանք հնարավորություն ստացան կիսվելու միջոցով աճել և բազմանալ։ Այդպես, համաշխարհային օվկիանոսի օրորոցում, անհիշելի ժամանակներում ծնվեց կյանքը։ Բնության հարափոփոխ արվեստանոցում սպիտակուցի փոքրիկ, կենդանի գնդիկից միլիարդավոր տարիների ընթացքում առաջացան այսօր աներևակայելիորեն բազմազան կենդանի էակները՝ սկսած կոլիթրիի շատ փոքրիկ ձագից մինչև հսկայական կետերը, մրջյունից մինչև մարդը։ Գիտնականները փորձում են լաբորատորիաներում սպիտակուցային մոլեկուլներից ստանալ այնպիսի կենդանի բջիջ, ինչպիսին ժամանակին ստեղծել էր բնությունը։ Նրանց արդեն հաջողվել է շատ բարդ սպիտակուցներ ստանալ, բայց լիակատար հաջողությունը դեռ հեռու է։