Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Կենդանիների ընտելացում

Vikidia-ից
Jump to navigation Jump to search

Մի ժամանակ, հազարամյակներ առաջ, բոլոր կենդանիները վայրի էին։ Նախնադարյան մարդն սկսեց աստիճանաբար ընտելացնել որոշ կենդանիների։ Հնարավոր է, որ մարդիկ սկզբում գայլերի ոհմակին պարզապես թույլ էին տալիս որս անելու իրենց կողքին, սնվելու իրենց կերակրի մնացորդներով և միաժամանակ պահպանելու բնակատեղին։ Բայց հետզհետե, գնահատելով իրենց չորքոտանի ուղեկիցներին, մարդիկ սկսեցին հատուկ կերակրել նրանց, իսկ հետո էլ մեծացնել նրանց ձագերին։ Այդպես հայտնվեց մարդու առաջին չորքոտանի բարեկամը շունը։ Նկատելով, որ ավելի շահավետ է կովերի նախիրները, ոչխարների ու եղջերուների հոտերը մշտապես կողքին ունենալը, քան դրանք որսի ժամանակ ձեռք բերելը, մարդիկ սկսեցին ընտելացնել զանազան անասունների։ Համեղ և սննդարար կաթը, որ կարելի էր կթել ընտելացված կենդանիներից, դարձավ մարդու հիմնական սննդամթերքներից մեկը։ Գնալով մարդիկ ավելի շատ ու լավ էին խնամում կենդանիներին, հոտերը պաշտպանում էին գիշատիչներից, կեր էին կուտակում, ապահով ու տաք գոմեր սարքում։ Այդպես առաջացավ անասնապահությունը, որը երկրագործության հետ միասին դարձավ մարդկանց ամենակարևոր զբաղմունքներից մեկը։ Ընտանի կենդանիներ շատ կան՝ շներ, կատուներ, ձիեր, եղջերուներ, ուղտեր և ուղտայծեր, կովեր, ոչխարներ, խոզեր, այծեր, ճագարներ, զանազան թռչուններ. կան, նույնիսկ, «ընտանի» միջատներ` մեղուներ ու շերամորդեր։ Նրանք բոլորն էլ ապրում են մարդու կողքին, վայելում նրա հոգատարությունը, սերունդ տալիս։ Մարդու ազդեցությամբ նրանք նաև շատ փոխվել են. ընտանի խոզը, կովը, ոչխարը քիչ բանով են նման իրենց վայրի նախնիներին՝ վարազին, վայրի ցուլին, լեռնային ոչխարին։ Այսօր կարելի է գրեթե ընտանի կենդանիներ համարել նաև գազանաբուծական ֆերմաների բնակիչներին՝ սևագորշ աղվեսին, ջրաքիսին, սամույրին։

Մարդը կենդանուն փոփոխության էր ենթարկում` ելնելով իր շահերից։ Եվ ընտանի կենդանիներն աստիճանաբար կորցրին իրենց այն հատկությունները, որոնց շնորհիվ կարողանում էին գոյատևել բնության մեջ։ Վարազը պետք է ունենա գորշ պաշտպանիչ գույն, արագավազ ոտքեր, ուժեղ դունչ։ Իսկ վարդագույն ու բտված ընտանի խոզը, որը հազիվ է քաշ տալիս ոտքերը, չի կարող վայրի ապրելակերպ վարել և մարդու խնամքի կարիքն է զգում։

Ընտանի կենդանիների շարքում առանձնանում է հնդկական փիղը։ Փղերը բանելու ունակություն ձեռք են բերում քառասուն տարեկան հասակում։ Այդ պատճառով էլ նրանց պահելն ու բուծելը մարդու համար օգտավետ չէ։ Եվ հնագույն ժամանակներից սկսած փղերին ամեն անգամ նորից են ընտելացնում։ Նրանց որսում են ջունգլիներում` հատուկ վարժեցված ձեռնասուն փղերի օգնությամբ։Եթե ուզում եք ինքներդ որևէ կենդանի ընտելացնել, համբերատար եղեք։ Կենդանու վստահությունն աստիճանաբար է նվաճվում: Համբերությունը, բարությունն ու հետևողականությունն են միայն, որ կարող են հաղթահարել կենդանու բնազդային անվստահությունն ու վախը, թույլ չեն տա նրան դառնալու չափից ավելի ինքնակամ ու վտանգավոր։

Ընտելացման ամենահնագույն ու անսխալ եղանակներից է քաղցած կենդանուն կերակրելը։ Սակայն նույնիսկ կենդանու համար ամենագլխավորը սնունդը չէ։ Կա սովից ու հոգնածությունից, ցավից ու մահից ավելի զորեղ մի բան, այնպիսի մի ուժ, որը հավատարմության անխզելի կապերով կենդանուն կապում է մարդուն։ Սիրելի տիրոջը կորցրած կենդանին կարող է հրաժարվել սննդից ու մեռնել։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված, վերցված է «Ի՞նչ է, ո՞վ է» հանրագիտարանից, որի նյութերը բաց շրջանառության մեջ են՝ Creative Commons BY-SA 3.0 արտոնագրրի հիման վրա։