Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Կաղնի

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Quercus ilex rotundifolia.jpg
Oak leaves.jpg

Կաղնին հաճարազգիների ընտանիքի մշտադալար կամ տերևաթափ ծառերի, հազվադեպ՝ թփերի առանձին ցեղ է: Հյուսիսային կիսագնդի բարեխառն, արևադարձային և մերձարևադարձային գոտիներում աճում է կաղնու 500 (այլ տվյալներով՝ 600) տեսակ: ՀՀ-ում (Լոռու, Կոտայքի, Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի և այլ մարզերում) տարածված է կաղնու 6 տեսակ՝ արևելյան կամ խոշորառէջ, արաքսյան, վրացական, ծակոտիավոր և այլն: Միատուն ծառ է, բարձրությունը՝ 40–50 մ: Առաջին 80 տարում կաղնին աճում է դեպի վեր` հասնելով մինչև 50 մ բարձրության, իսկ հետո ողջ կյանքի ընթացքում շարունակում է աճել լայնքով (հաստությամբ):

Տերևները հերթադիր են՝ կոշտ, կաշենման, բլթակավոր կամ ամբողջական, ատամնաեզր, կարճ կոթուններով, թավոտ կամ մերկ: Ծաղիկները մանր են, միասեռ: Պտուղը միասերմ կաղին է` հաճախ ամփոփված բաժականման փայտե պտղակալում:

Կաղնին ապրում է 500–600 (երբեմն՝ մինչև 1000 և ավելի) տարի:

Կաղնին լուսասեր է, որոշ տեսակներ երաշտակայուն են, ցրտադիմացկուն, հողի նկատմամբ` քիչ պահանջկոտ:

Կաղնին առաջացնում է մաքուր և խառնանտառներ (հաճարենու, հացենու, բոխու հետ): Կաղնու անտառներն ունեն հողապաշտպան, ջրհավաք և ջրակարգավորիչ նշանակություն: Բնափայտն ամուր է, դիմացկուն, նախշավոր, կիրառվում է նավաշինության, կահույքի և մանրատախտակի արտադրության, ատաղձագործության, տակառների պատրաստման և այլ բնագավառներում, խցանակաղնու կեղևից պատրաստում են խցան: Կաղնու բնափայտը և կեղևը պարունակում են աղաղանյութեր, C վիտամին, օսլա և այլն: Բժշկության մեջ կեղևի պատրաստուկներն օգտագործվում են որպես կապող և հականեխիչ միջոց: Շագանակատերև կաղնին գեղազարդիչ նպատակներով աճեցվում է այգիներում և պուրակներում: Երևանի շրջակայքի անտառաշերտերում կան կաղնու ներմուծված տեսակներ: Արաքսյան և ծակոտիկավոր կաղնիները գրանցված են ՀՀ Կարմիր գրքում: Կաղնին հայոց մեջ ընկալվել է նաև որպես սրբազան ծառ, երկարակեցության, ուժի և հզորության խորհրդանիշ: