Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Ծղրիդ

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Phaneroptera falcata.jpg

Այն ո՞վ է «երգում» թևերով, ով է «լսում» ոտքերով։ Կա-չկա, մի զարմանալի ու հազվագյուտ կենդանի է։ Զարմանալին, իհարկե, զարմանալի է, բայց ամենևին էլ հազվագյուտ չէ։ Դա ծղրիդն է։ Եթե դուք նրան անմիջապես չնկատեք էլ, ճռռոցն անպայման կլսեք, ինչ-որ մեկն, ասես, ստեպ-ստեպ զարկում է մուրճիկներով։ Այդ հնչյունները նա արտաբերում է հատուկ հարմարանքներով, թևերն այնպես է շարժում, կարծես քսում է իրար, և ստացվում է, որ ծղրիդը թևերով է «երգում»։ «Երգում» են միայն արուները, իսկ ոտքերով «լսել» կարող են թե՛ արուները, թե՛ էգերը։ Մի ծղրիդ որսացեք և ուշադիր զննեք նրա առջևի ոտքերը։ Դուք կտեսնեք երկար ճեղքեր, որոնք էլ հենց նրա «ականջներն» են։ Ի դեպ, ծղրիդին ետևի ոտքից մի բռնեք, մեկ էլ տեսար, այն մնաց ձեր ձեռքին, իսկ ծղրիդն ինքը փախավ։ Այդպես է նա փրկվում թշնամիներից։ Կանաչ ծղրիդների էգերը ետևում ունեն երկար «թուր», որը կոչվում է ձվադիր։ Այդ ձվադիրը խրելով հողի մեջ, էգը ձվեր է դնում, որոնցից հաջորդ տարի դուրս են գալիս թրթուրները։ Սրանք շատ նման են հասուն ծղրիդների, միայն թե անթև են։ Ամառվա ընթացքում նրանք մի քանի անգամ մաշկափոխվում են, և յուրաքանչյուր մաշկափոխության հետ թևերն աճում են։ Թրթուրները, իրենց ծնողների նման, գիշատիչներ են, սնվում են ուրիշ միջատներով։ Բայց կան նաև ծղրիդների որոշ տեսակներ, որոնք սնվում են բուսական կերով։ Ծղրիդները շատ «ազգականներ» ունեն։ Դուք, հավանաբար, լսել եք, թե ինչպես է «երգում» ճռիկը։ Իսկ ամռանը, երբ քայլում ես մարգագետնով, ասես ցայտեր են թռչում ոտքերիդ տակից։ Դրանք ձիուկներն են։ Բայց մեր ծղրիդների ամենաճանաչված «ազգականները» մորեխներն են, որոնք վտանգավոր վնասատուներ են։ Կար ժամանակ, երբ մորեխների անթիվ-անհամար բանակները ոչնչացնում էին հսկայական տարածությունների բուսականությունը սովի մատնելով ամբողջ մարզեր ու, նույնիսկ, երկրներ։