Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Ծաղրածու

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Clown chili peppers.jpg

Ծաղրածուն միջնադարյան թատրոնի և ժամանակակից կրկեսի կատակերգակ դերասան է։ Եղել է պալատական ու ժողովրդական թատերական հանդիսությունների պարտադիր մասնակիցը․ փոքր-ինչ խենթի կերպարանք ընդունելով՝ անպատիժ հեգնել ու ծանակել է իշխող դասի ներկայացուցիչներին։

Ծաղրածուն՝ որպես գրական կերպար, երևան է եկել XVI-XVII դարերի եվրոպական թատերագրության մեջ և թատրոնում։ Հագել է վառ, խայտաբղետ զգեստ, ձեռքին՝ զանգուլակներով զարդարված տիկնիկ։ Նման կերպար կա հայ պատմական պիեսներում։

XVII դարում ծաղրածուները հանդես են եկել հիմնականում մնջախաղային և բալագանային ներկայացումներում, իսկ XVI-XVIII դարերից կրկեսում մասնակցել են հեծյալների և լարախաղացների ելույթներին։ Լոնդոնի առաջին մշտական կրկեսում (1780 թ․) կատակերգական Բ․ Սաունդրեսը հանդես է եկել ձախողակ-հեծյալի դերով, իսկ 1834 թ-ին Ֆրանկոնիի կրկեսում Ժ․ Օրիոլը՝ բարդ մարմնամարզական վարժություններով, որոնք ուղեկցվում էին կատակերգական հնարքներով։ Հետագայում ծաղրածուններն իրանց ելույթներում օգտագործել են վարժեցրած կենդանիներ, երաժշտական գործիքներ և այլն։ Նարնց ելույթներում աստիճանաբար ընդգծվել են հրապարակախոսական երանգները։ Հանրահայտ ծաղրածուներից էին Ֆուտիտը և Շոկոլադը՝ Ֆրանսիայում, Ս․ Ալպերովը և Բեռնարդոն՝ Ռուսաստանում։

XIX-XX դարերում եվրոպական և ռուսական կրկեսի հայտնի ծաղրածուներից էին Թ․ Բելինգը, Բ․ Հայդենը, Ռ․ Ռիբոն, Դ․ և Վ․ Պրայսները, Վիտալի Լազերենկոն, Կարանդաշը, Յուրի Նիկուլինը, Օլեգ Պոպովը և ուրիշներ։

Հայ միջնադարյան թատրոնում ծաղրածու կամ խեղկատակ էին անվանում կատակերգակ դերասաններին։ Թագավորներն արքունիքում ունեին խեղկատակներ, որոնք զվարճացնում էին նրանց և պալատականներին։

Համաշխարհային ճանաչում ունի հայկական կրկեսի վարպետ, ծաղրածու և մնջկատակ Լեոնիդ Ենգիբարյանը։ Լավագույն ծաղրածուներից են նաև Հակոբ Ուզունյանը, Անտոն Փիլոսյանը և ուրիշներ։