Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Թևավոր խոսքեր

Vikidia-ից
Jump to navigation Jump to search

«Հնարավո՞ր բան է, արդյոք, որ թև ունենա նաև խոսքը, ինչպես, օրինակ, թռչունը»,- երևի կմտածեք դուք այս զրույցի վերնագիրը կարդալուց հետո։ Անշուշտ, ոչ։ Պարզապես, փոխաբերական իմաստով այդպես են կոչվում պատկերավոր ու դիպուկ, սրամիտ ու զվարճալի, խայթիչ ու իմաստուն արտահայտությունները, ասույթները, մտքերն ու դարձվածքները, որոնք, ասես թև առնելով, տարածվում են ու դառնում շատ գործածական։ Իսկ ինչպե՞ս են ծնվում թևավոր խոսքերը։ Դրանցից շատերն այս կամ այն ժամանակ առաջին անգամ արտասանվել են գրողների ու բանաստեղծների, պետական ու քաղաքական հայտնի գործիչների, գիտնականների շուրթերից։ Թևավոր խոսքեր էլ կան, որոնց ոչ հեղինակն է հայտնի, ոչ ստեղծման տեղն ու ժամանակը։ Դրանք գործածության մեջ են մտել զանազան, այդ թվում և` աստվածաշնչային առասպելներից։ Ժողովրդական բանահյուսությունից հայտնի թևավոր խոսքեր են առածներն ու ասացվածքները։ Նույն իմաստով օգտագործվում են գրական ու դիցաբանական հերոսների շատ անուններ։ Բոլորիդ հայտնի է Հովհաննես Թումանյանի «Մի կաթիլ մեղրը» վերնագրով բալլադը։ Հաճախ, երբ մենք ուզում ենք նշել չնչին բանից ծագած վեճ ու կռիվը, օգտագործում ենք այդ արտահայտությունը։ Երբ խոսվում է անտեղի սուգ ու շիվան գցելու մասին, գործածում ենք «Կիկոսի մահը» դարձվածքը։ Ընդհանրապես, Թումանյանի շատ արտահայտություններ ու ասույթներ են դարձել թևավոր խոսքեր: Դեռևս 5-րդ դարում քերթողահայր Մովսես Խորենացին արտահայտել է «Քաջերի սահմանն իրենց զենքն է» միտքը, որը դարձել է թևավոր խոսք, և այսօր այն օգտագործում ենք նաև մենք։ Երբ հարկ է լինում պախարակելու տգիտությունն ու անիմացությունը, մեջ ենք բերում նույն դարի հայ պատմիչ Եղիշեի «Լավ է կույր՝ աչքով, քան կույր՝ մտքով» խոսքը նրա «Վարդանի և հայոց պատերազմի մասին» գրքից։ Հանուն հայրենիքի իրենց կյանքը զոհաբերած մարդկանց մասին ասում ենք. «Չգիտակցված մահը մահ է, գիտակցված մահը՝ անմահություն»։ Թևավոր խոսքեր են դարձել նաև ուրիշ շատ հայ գրողների արտահայտությունները։ Օրինակ, երբ ուզում ենք ծաղրել մի տեղ հավաքված անբանների պոռոտախոսությունը, ասում ենք. «Իսկական մկների ժողով է»։ Հիշեցիք, անշուշտ, ձեր սիրելի Խնկո Ապոր առակը։ Շատ անգամ լսած կլինեք. «Ինչ ցանես, այն կհնձես»։ Ով է ասել, երբ է ասել, հայտնի չէ։ Սա ժողովրդի ստեղծած առածներից է, որը նույնպես թևավոր խոսք է։ Թևավոր խոսքեր են ռուս շատ գրողների, ինչպես, օրինակ, Պուշկինի, Գոգոլի, Կռիլովի դիպուկ ու պատկերավոր մտքերը։ «Կոտրած տաշտակի առաջ կանգնել» արտահայտությունն, օրինակ, Ալ. Պուշկինի՝ ձեզ ծանոթ «Ոսկե ձկնիկը» հեքիաթից է և նշանակում է ագահության պատճառով զրկվել նաև ունեցածից։ Շատ թևավոր խոսքեր աշխարհում տարածվել են հունական առասպելներից ու լեգենդներից։ Ահա դրանցից մեկը։ Հունաստանի սիրված հերոսներից էր անհաղթ, քաջ Աքիլլեսը, որին չէր վնասում թշնամու ոչ մի նետ ու նիզակ։ Աքիլլեսի մայրը որդուն անխոցելի դարձնելու նպատակով նրան ընկղմել էր Ստիքս գետի սուրբ ջրի մեջ՝ բռնած պահելով որդու մի գարշապարից (կրնկից) միայն, որն էլ, ջրից դուրս մնալով, դարձել էր խոցելի։ Մի կռվում Աքիլլեսի ախոյան Պարիսը նետահարում է նրա հենց այդ գարշապարը և սպանում նրան։ Այսօր, երբ ուզում ենք նշել որևէ մեկի խոցելի տեղը, օգտագործում ենք «աքիլլեսյան գարշապար» արտահայտությունը։ Հիշատակենք նաև «Գորդյան հանգույց» (անլուծելի, խճճված հարց), «Սիզիփյան աշխատանք» (զուր, անօգուտ աշխատանք), «Ավգյան ախոռ» (ծայրաստիճան կեղտոտ), «Դամոկլեսյան սուր» (մշտապես սպառնացող վտանգ) թևավոր խոսքերը։ Բազմաթիվ թևավոր խոսքեր գալիս են «Աստվածաշնչից». օրինակ, «Բաբելոնյան աշտարակաշինություն», որ նշանակում է անկարգություն, անկազմակերպվածություն։ Թևավոր խոսքերն օժտված են արտահայտչական մեծ հնարավորությամբ, ասելիքը դարձնում են դիպուկ, պատկերավոր, արտահայտիչ, սեղմ ու համառոտ։