Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Թիավարություն

Vikidia-ից
Jump to navigation Jump to search

Շա՜տ վաղուց են գետերի, լճերի և ծովերի ափերին բնակած մարդիկ սովորել տեղից տեղ փոխադրվել ջրով։ Սկզբում նրանք լողում էին գերանների օգնությամբ, թիավարում ձեռքերով։ Հարյուրամյակներ անցան, մինչև որ երևան եկան իսկական մակույկներն ու թիերը։

Մարդկությանը հայտնի ամենահին մակույկները բայդարկաներն ու կանոեներն են։ Գալարապտույտ ու փոթորկալից գետերի վրա նավարկում էին կանոեով, որը շատ թեթև, թիավարի յուրաքանչյուր շարժումին հնազանդ մակույկ է։ Ժամանակին դրանցով էին նավարկում Հյուսիսային Ամերիկայի հնդկացիները։ Այժմ կազմակերպվում են մեկտեղանի և երկտեղանի կանոեներով թիավարության մրցումներ։ Մի ծնկին հենված՝ թիավարը ձեռքի փայտե բահանման թիով միաժամանակ և՜ թիավարում է, և ղեկավարում մակույկը։ Բայդարկան միանգամայն այլ տեսակի մակույկ է։ Վաղ անցյալում լճերով ու ծովերով ափամերձ գոտիներում բայդարկաներով նավարկում էին Հյուսիսի բնակիչները։ Թիավարը նստում է բայդարկայի հատակին, դեմքով՝ առաջ, երկու ծայրերին էլ թիաբերաններ ունեցող թին բռնած։ Երբ մի թիաբերանն ընկղմվում է ջրի մեջ, մյուսը դուրս է գալիս ջրից։ Բայդարկաները լինում են մեկ, երկու կամ չորս տեղանի։ Մի շարք երկրներում, ուր հոսում են արագահոս լեռնային գետեր, կազմակերպվում են բայդարկաներով ու կանոեներով ջրային սլալոմի մրցումներ։ Ինչպես դահուկային սլալոմը, ջրային սլալոմը ևս մեծ վարպետություն և արիություն է պահանջում։ Ջրային զբոսանքների համար սովորաբար օգտագործվում են պարզ զբոսանավակներ։ Դրանց նստատեղն անշարժ է, թիերն էլ ամրացված են թիակալներով։ Այդպիսի նավակներով մարզական թիավարությունը կոչվում է ժողովրդական։ Ռուսաստանում այն հայտնի է վաղուց։ Դեռևս Պետրոս Առաջինը, ստեղծելով ռուսական ծովային նավատորմը, սպաների ու նավաստիների համար սահմանեց թիավարության ուսուցում։ Երկար գլանակների նմանվող ամենաարագասահ ու ամենաթեթև մակույկներով՝ սկիֆներով, կազմակերպվող մրցարշավն անվանում են ակադեմիական թիավարություն։ Այս մարզաձևի մրցումներն անց են կացվում անցյալ դարի 20-ական թվականներից սկսած։ Սկիֆներն ավելի արագընթաց դարձնելու նպատակով դրանք շարունակ կատարելագործում էին։ Նախ, քանի որ այդ մակույկները շատ նեղ էին, թիակալները պատրաստեցին կողերի դրսի մակերևույթներին։ Ապա շարժական դարձրին նստատեղը, որը հատուկ ռելսերով ետ ու առաջ է տեղաշարժվում։ Այժմ սկիֆները կարող են սլանալ ժամում 20 կմ արագությամբ, երբեմն՝ է՛լ ավելի արագ։ Ակադեմիական մակույկները կարելի է թիավարել մենակ, երկուսով, չորսով և, նույնիսկ, ութ հոգով: