Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Թեթև աթլետիկա

Vikidia-ից
Jump to navigation Jump to search

Թեթև աթլետիկան անվանում են սպորտի թագուհի։ Վազքի, թռիչքների և նետումների մրցումներ անց էին կացվում դեռևս Հին Եգիպտոսում և Ասորեստանում։ Օլիմպիական խաղերի փառավոր պատմությունն սկիզբ է առել 28 դար առաջ՝ վազքի մրցումներով։ Թեթև աթլետիկան ամենատարածված մարզաձևն է։ Կարելի է ասել, որ նրա հետ առնչվում ենք բոլորս. չէ՞ որ վազքն ու քայլքը մեր բնական, կենսականորեն անհրաժեշտ շարժումներն են։ Երեխաները վազում են առաջկտրուկի, դպրոցում վազքի մրցումներ կազմակերպում ֆիզկուլտուրայի դասերին, և նա, ում հաջողվում է առաջ անցնել մյուսներից, շատ է ուրախանում։ Իսկ վազորդ-թեթևաթլետները երկար ու համառորեն մարզվում են, նախքան կմասնակցեն կարճ (60-ից մինչև 400 մ), միջին (800-1500 մ) և երկար (3000 մ և ավելի) տարածությունների վազքի առաջնության մրցումների: Առանց արգելքների և արգելքներով վազքի մրցումներն անց են կացվում մարզադաշտերի վազքուղիներում։ Կրոսը (վազք կտրտված տեղանքում) կազմակերպում են զբոսայգիներում կամ անտառներում, իսկ մարաթոնյան վազքի 42 կմ 195 մ երկարությամբ վազքուղիներն անցնում են խճուղով։ Թեթև աթլետիկան ներառում է այնպիսի վարժություններ, որոնք ծանոթ են ձեզանից յուրաքանչյուրին, նույնիսկ նրան, ով չի զբաղվում ոչ մի մարզաձևով։ Հավանաբար, հաճախ է պատահել, որ դուք ցատկեք ջրափոսերի, առուների ու առվակների, թփերի ու ցանկապատերի վրայով։ Ֆիզկուլտուրայի դասերին էլ են է երեխաներին սովորեցնում ցատկել թե՛ երկարություն և թե՛ բարձրություն։ Թեթևաթլետիկական մրցումների ծրագրերում ընդգրկվում են ճիշտ այդպիսի վարժություններ, ինչպես նաև եռացատկը (հեռացատկ երեք ոստյունով) և ձողացատկը (երբ մարզիկները ձողի օգնությամբ ցատկում են մինչև երկհարկանի տան բարձրություն)։ Ձեզ ծանոթ է նաև նետումը, երեխաները հաճախ են մրցում, թե ով ավելի հեռուն կնետի քարը կամ գնդակը։ Իսկ թեթևաթլետները նետում են սկավառակ, մուրճ (ծայրին բռնակ ունեցող մետաղալարով գունդ), նիզակ ու հրում մետաղե գունդ։ Վազքը զարգացնում է շարժումների արագություն, դաստիարակում տոկունություն, ցատկը՝ արագություն և ճարպկություն, նետումը շարժումների ներդաշնակություն և ուժ։ Իսկ նա, ով ցանկանում է միաժամանակ ձեռք բերել այս բոլոր հատկությունները, զբաղվում է բազմամարտով, որը կազմված է վազքի, ցատկերի և նետումների երեք, հինգ կամ տաս վարժություններից։