Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Էջմիածին

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին Mother See of Holy Etchmiadzin.jpg

Հայ գրերի գյուտ... Առաջին հայկական դպրոց... Հայ ժողովրդի համար դարակազմիկ այս և ուրիշ իրադարձություններ կապված են հնամենի մի քաղաքի գոյության հետ, որն այսօր կրում է Էջմիածին անունը, իսկ մինչև 1945 թ. կոչվում էր Վաղարշապատ։ Վաղարշապատ-Էջմիածնի տարածքում մարդը բնակություն է հաստատել քարի դարից։ Մեր թվականությունից առաջ 6-րդ դարում այստեղ կառուցվել է Վարդգեսավան բնակավայրը։ Հետագայում, արդեն մեր թվականության 2-րդ դարում, հայոց Վաղարշ Առաջին Արշակունի թագավորն այն պարսպապատել է, վերանվանել Վաղարշապատ և դարձրել երկրորդ մայրաքաղաքը՝ Արտաշատի հետ միասին։ Երբ 301 թ. Հայաստանում պետական կրոն հայտարարվեց քրիստոնեությունը, Վաղարշապատում կառուցվեց Մայր տաճար, որն անվանվեց Էջմիածին։ Ավանդությունն այսպես է բացատրում այդ անվան ծագումը։ Հայաստանում քրիստոնեությունը տարածող Գրիգոր Լուսավորչին երևում է մի տեսիլ, իբր երկնքից հայտնված հրեղեն սյան միջով երկիր է իջնում Քրիստոսը և ձեռքի ոսկե մուրճով ցույց տալիս Վաղարշապատում գտնվող Սանդարամետ բլուրը իբրև տաճարի կառուցման վայր։ Հենց այդտեղ էլ հիմնվում է տաճարը և ստանում Էջմիածին անունը, որպես այն տեղը, ուր, իբր, իջել էր աստծո միածին որդին՝ Քրիստոսը։ 301-303 թվականներին կառուցված այդ տաճարը դառնում է հայ ժողովրդի սրբավայրը, հայոց հոգևոր կենտրոնը։ Ակնառու է Վաղարշապատ-Էջմիածնի դերը հայոց պատմության մեջ։ 4-րդ դարի վերջին պարսիկներն ու հռոմեացիները Հայաստանը բաժանեցին իրար միջև։ Հայաստանի և հայ ժողովրդի համար սկսվեցին ծանր ժամանակներ։ Վճռվում էր մեր ժողովրդի լինել-չլինելու հարցը, նրա գոյատևման ու ինքնուրույնության պահպանության խնդիրը, որի մասին խորհում էին Վաղարշապատում և ուղիներ փնտրում։ 405 թ. պայծառ մի օր արտակարգ եռուզեռ էր հայոց ոստան Վաղարշապատում։ Դեպի գլխավոր պողոտա տանող «Տրդատա դուռ» կոչվող հաղթակամարից երևաց հանդիսավոր թափորը` Վռամշապուհ թագավորի և Սահակ Պարթև կաթողիկոսի գլխավորությամբ։ Ժողովրդի բազմության ուղեկցությամբ նրանք շարժվեցին դեպի Ռահ գետի կամուրջը, որտեղ հանդիսավորությամբ դիմավորեցին Մեսրոպ Մաշտոցին ու նրա աշակերտներին։ Նրանք բերել էին հայ ժողովրդի հարատևության առհավատչյան` Մեսրոպ Մաշտոցի ստեղծած հայոց գրերը։ Եվ հենց Վաղարշապատում էլ ստեղծվեց հայկական առաջին դպրոցը, գրվեցին մատյաններ, հայերեն թարգմանվեցին շատ գրքեր։ Վաղարշապատում դրվեց հայկական նոր և ինքնատիպ մշակույթի թի հիմքը։ 7-րդ դարում այստեղ կառուցվեցին հայ ճարտարապետության այնպիսի նշանավոր կոթողներ, ինչպես Հռիփսիմեի տաճարը, Գայանե եկեղեցին, մոտակայքում գտնվող հռչակավոր Զվարթնոցը։ Օտար նվաճողների՝ Հայաստան կատարած արշավանքների հետևանքով հետագա մի քանի դարերի ընթացքում Էջմիածինն աստիճանաբար անշքանում է ու կորցնում իր երբեմնի նշանակությունը։ Քաղաքն իր հոգևոր-մշակութային աշխույժ կյանքը վերստացավ 15-րդ դարի կեսից։ Կրկին այստեղ հաստատվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսությունը (առ այսօր Էջմիածինը Ամենայն Հայոց կաթողիկոսի աթոռանիստն է)։ Էջմիածինը դարձավ պետականությունը կորցրած, օտարների տաժանելի լծից տառապող հայ ժողովրդի համախմբման ու պահպանության կենտրոն։ Ռուս-պարսկական պատերազմի ժամանակ, 1827 թ., ռուսական փոքրաթիվ զորքը շտապեց փրկելու Էջմիածինը, որը շրջապատված էր պարսկական բազմահազարանոց բանակով, և պարտության մատնեց պարսիկներին։ Օշականի ճակատամարտ անունով հայտնի այդ անհավասար կռվում ընկած 1154 ռուս զինվորների հիշատակն է հավերժացնում 1833 թ. Էջմիածնից ոչ հեռու կառուցված հուշարձանը, որը խորհրդանշում է հայ և ռուս ժողովուրդների բարեկամությունը։ Հայաստանի տարածքում էջմիածինն առաջին վայրն էր, որտեղ 1771 թ. հիմնադրվեց տպարան, իսկ հինգ տարի անց՝ նաև թղթի գործարան։ 1874 թ. այստեղ բացվեց Գևորգյան ճեմարանը, որտեղ ուսանել կամ ղասավանդել են հայ մշակույթի այնպիսի երախտավորներ, ինչպես հանճարեղ երգահան Կոմիտասը, բանաստեղծներ Հովհ. Հովհաննիսյանն ու Ավ. Իսահակյանը, գրականագետ Մանուկ Աբեղյանը, լեզվաբան Հ. Աճառյանը, պատմաբան Հակոբ Մանանդյանը և ուրիշներ։ Դեռևս 5-րդ դարի վերջին հայ պատմիչ Ղազար Փարպեցին Էջմիածնում հիմնել էր մատենադարան։ Դարերի ընթացքում հարստանալով նորանոր ձեռագրերով` այն դարձավ Երևանի հռչակավոր Մատենադարանի հիմքը։ Հայաստանում սովետական կարգերի հաստատումը նոր շունչ ու կյանք հաղորդեց հինավուրց քաղաքին։ Այժմ Էջմիածինն ունի 50 հզ. բնակիչ և մեր հանրապետության արագ զարգացող արդյունաբերական քաղաքներից է, զարգացած գյուղատնտեսություն ունեցող Էջմիածնի շրջանի վարչական կենտրոնը։ Նրա տասնյակից ավելի արդյունաբերական ձեռնարկություններից հիշարժան են «Էլեկտրոն» արտադրական միավորման, «Պլաստմասսա» գործարանները, մետաղե կենցաղային իրերի, գինու կոմբինատները, նշանավոր տպարանը։ Քաղաքում գործում են հանրակրթական, երաժշտական ու նկարչական միջնակարգ դպրոցներ, մարզադպրոց, պրոֆտեխուսումնարան, ակումբագրադարանային տեխնիկում։ Այստեղ են գտնվում Կոմիտասի պետական թանգարանը, Հովհ. Հովհաննիսյանի տուն-թանգարանը, հայրենագիտական թանգարան։ Օրըստօրե ընդարձակվում ու գեղեցկանում է քաղաքը, կառուցվում են նորանոր կոթողներ ու շենքեր։ Տեսարժան ճարտարապետական համալիր է Կոմիտասի անվան հրապարակը՝ նրա իսկ արձանով։ Տպավորիչ է Վաղարշապատ թաղամասը, որի Մյասնիկյան փողոցի բարեկարգման և բնակելի հետաքրքիր շենքերով կառուցապատման հեղինակներն արժանացել են ՀՍՍՀ պետական մրցանակի։ Էջմիածինը մեր հանրապետության տուրիստական կենտրոններից է։ Իր ճարտարապետական հուշարձաններով ամեն տարի այն հազարավոր զբոսաշրջիկների է գրավում՝ հաղորդակից դարձնելով նրանց հայ ժողովրդի բազմադարյան մշակույթին։ Եվ այդ հուշարձանները պահպանելու համար քաղաքի պատմական միջուկը հայտարարվել է պատմաճարտարապետական արգելոց-թանգարան՝ «Վաղարշապատ» անունով։