Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Էնգելս Ֆրիդրիխ

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Engels.jpg

Միջազգային պրոլետարիատի առաջնորդ, Կարլ Մարքսի բարեկամ և մերձավոր զինակից Ֆրիդրիխ էնգելսը ծնվել է Գերմանիայում, Բարմեն քաղաքում։ Այստեղ էլ անցել են նրա մանկությունն ու պատանեկությունը։ Նրա բացառիկ ընդունակությունները դրսևորվեցին արդեն վաղ պատանության տարիներից։ Ֆրիդրիխը լավ նկարում էր, հիանալի հասկանում և, նույնիսկ, հորինում երաժշտություն,ոգևորությամբ ուսումնասիրում էր օտար լեզուներ, հրաշալի գիտեր գերմանական և համաշխարհային դասական գրականությունը, գրում էր բանաստեղծություններ ու պատմվածքներ։ Պատանին ցանկանում էր համալսարան ընդունվել, սակայն հայրը, որ խոշոր գործարանատեր էր, թույլ չտվեց նրան ավարտելու նույնիսկ գիմնազիայի վերջին դասարանը։ Տասնութամյա Ֆրիդրիխին նա ուղարկեց գերմանական մի խոշոր առևտրական ֆիրմա, ապա Անգլիայում գտնվող իր ֆաբրիկան՝ պրակտիկայի։ Անգլիայում էնգելսն առաջվա նման շատ էր կարդում, լրջորեն ուսումնասիրում զանազան գիտություններ։ Այստեղ, ժամանակի առավել զարգացած կապիտալիստական երկրում, նա առաջին անգամ շփվեց բանվորների ու նրանց կյանքի հետ։ Աշխատանքից հետո երեկոները և կիրակի օրերին նա լինում էր բանվորական թաղամասերում, զրուցում բանվորների հետ, այցելում նրանց խղճուկ կացարանները։ Էնգելսը երկար մտածում էր և ուզում էր գտնել պրոլետարների ծանր վիճակի պատճառները։ Նա վճռեց պայքարել կապիտալիստական ստրկությունից բանվորների ազատագրության համար։ Էնգելսը, ինչպես և Մարքսը, կարևոր գիտական հայտնագործություն արեց՝ միլիոնավոր մարդկանց կեղեքող կապիտալիզմին կփոխարինի նոր, արդար հասարակարգը՝ կոմունիզմը։ 1844 թ. ամռանը Մարքսն ու էնգելսը հանդիպեցին Փարիզում, և նրանց համար պարզ դարձավ, որ հարստահարիչների դեմ պրոլետարիատի պայքարի տեսության և պրակտիկայի բոլոր հարցերում իրենց տեսակետներն համընկնում են։ Այդ ժամանակ էլ ահա ծնունդ առավ նրանց մեծ բարեկամությունը, որը շարունակվեց ողջ կյանքում։ «Այն ժամանակներից ի վեր, երբ ճակատագրի բերումով Կարլ Մարքսը հանդիպեց Ֆրիդրիխ էնգելսին,֊ գրել է Վ. Ի. Լենինը,- երկու բարեկամների կենսագործունեությունը ծավալվեց համատեղ»։ 1847 թ. Մարքսն ու էնգելսը ստեղծեցին առաջին միջազգային կոմունիստական կազմակերպությունը՝ Կոմունիստների միությունը, որի մեջ մտան նրանց համախոհ հեղափոխականները։ Կոմունիստների միությունը նպատակ էր դրել տապալել կապիտալիզմը և ստեղծել պրոլետարների տիրապետություն։ Երբ 1848 թ. Եվրոպայի մի շարք երկրներում բռնկեցին բուրժուական հեղափոխություններ, հրատարակվեց Մարքսի և էնգելսի գրած «Կոմունիստական կուսակցության մանիֆեստը», որը Կոմունիստների միության ծրագիրն էր։ «Մանիֆեստն» ազդարարում էր, որ զարգացող պրոլետարիատը կդառնա բուրժուազիայի գերեզմանափորը։ Սակայն պրոլետարիատի հաղթանակը հաջողությամբ կպսակվի սոսկ այն դեպքում, եթե պրոլետարիատն ինքը սերտորեն համախմբված լինի։ Դրա համար էլ Մարքսն ու էնգելսը «Կոմունիստական կուսակցության մանիֆեստը» ավարտում էին «Պրոլետարներ բոլոր երկրների, միացեք» մարգարեական խոսքերով։ 1848—1849 թվականների հեղափոխության ժամանակ Մարքսն ու էնգելսը Գերմանիայում հրատարակում էին «Նոր Հռենոսյան լրագիրը», որը դարձավ հեղափոխության մարտական շտաբը։ Թերթն իր վառ, քաղաքականապես սուր, հեղափոխական կրքով լի հոդվածներով ոգևորում էր ժողովրդին, նրա պայքարն ուղղում հակահեղափոխական թշնամական ուժերի դեմ։ Էնգելսը մասնակցեց 1849 թ. մայիս-հուլիսին Հարավ-Արևմտյան Գերմանիայում տեղի ունեցած ապստամբությանը և հեղափոխության թշնամիների դեմ մղված մարտերում աչքի ընկավ խիզախությամբ ու արիությամբ։ Հեղափոխության պարտությունից հետո էնգելսը մեկնեց նախ Շվեյցարիա, ապա Լոնդոն, ուր կրկին հանդիպեց Մարքսին։ Այդ ժամանակվանից էլ Էնգելսն ապրում էր Անգլիայում։ 1850 թ. Էնգելսը փոխադրվում է Մանչեստր քաղաքը և որպես հասարակ ծառայող աշխատանքի անցնում հոր գրասենյակում, որպեսզի հնարավորություն ունենա իր վաստակով օգնելու ծանր զրկանքների մատնված Մարքսի ընտանիքին։ Բարեկամի այդ օգնության շնորհիվ միայն Մարքսը կարողացավ գրել իր գլխավոր աշխատությունը՝ «Կապիտալը»։ Էնգելսը ողջ կյանքում պայքարեց հանուն բանվոր դասակարգի ազատագրության։ Մարքսի հետ նա հիմնադրեց և ղեկավարեց 1–ին Ինտերնացիոնալը՝ պրոլետարիատի առաջին զանգվածային միջազգային կազմակերպությունը, որը միավորում էր տարբեր երկրների բանվորներին։ Մարքսի հետ միասին նա օգնում էր Փարիզի կոմունային։ Էնգելսը մշակեց մարքսիստական մատերիալիստական փիլիսոփայության ու բնագիտության, քաղաքատնտեսության և պրոլետարական կուսակցության տակտիկայի արմատական հարցերը։ Էնգելսը, ինչպես և Մարքսը, մեծ հետաքրքրությամբ էր հետևում հեղափոխական շարժման զարգացմանը Ռուսաստանում, խորապես հավատալով, որ ռուսական հեղափոխությունն անխուսափելի է։ 30 տարեկանում նա սկսում է հաջողությամբ ուսումնասիրել ռուսաց լեզուն։ Սերտ կապեր է հաստատում ռուս հեղափոխականների, մասնավորապես, առաջին մարքսիստների հետ։ Ռուս շատ գրողների, այդ թվում` Պուշկինի, գործերը նա կարդում էր բնագրով։ Մարքսի մահից հետո միջազգային բանվորական շարժման ղեկավարությունն ստանձնեց Էնգելսը։ Նա ավարտին հասցրեց «Կապիտալի» երկրորդ և երրորդ հատորները, քանի որ Մարքսն այդ չէր հասցրել անել։ Մեծ մտածողներ, գիտնականներ և հեղափոխականներ Մարքսն ու Էնգելսը գիտական կոմունիզմի հիմնադիրներն են։ Նրանք ապացուցեցին, որ բանվոր դասակարգը իր պրոլետարական կուսակցության ղեկավարությամբ հեղափոխություն կկատարի, կտապալի կապիտալիզմը և կստեղծի նոր, կոմունիստական հասարակարգ։ Պրոլետարիատի առաջնորդները պատմության մեջ առաջինը ճանապարհ բացեցին դեպի կոմունիզմ։ Նրանց ուսմունքն ստեղծագործաբար զարգացրեց և հանճարեղ կերպով շարունակեց Վ. Ի. Լենինը։ Եվ մենք, սոցիալիստական ազատ հասարակարգի մարդիկ, հասարակարգ, հանուն որի նրանք պայքարեցին, սրբորեն պահպանում ենք նրանց հիշատակը։ Մեր հայրենիքի՝ Սովետական Միության, մայրաքաղաք Մոսկվայում կանգնեցված է Ֆրիդրիխ Էնգելսի հուշարձանը։ Էնգելսը, սերտորեն կապված լինելով Ռուսաստանի հեղափոխական շարժումների հետ, զբաղվել է նաև Հայաստանի հարցով։ Նա համակրանքով էր վերաբերվում հայ ժողովրդի ազատագրական շարժմանը ընդդեմ թուրքական բռնակալության և ցարական ինքնակալության, բարեկամական հարաբերությունների մեջ էր հայ հեղափոխական գործիչների հետ, հետաքրքրվում էր Հայաստանի պատմական անցյալով ու ներկայով, նշում նրա ազատագրական պայքարի ուղիները։ Էնգելսի հիմնական աշխատությունները հրատարակվել են նաև հայերեն և դարձել հայ ընթերցող հասարակայնության սեփականությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված, վերցված է «Ի՞նչ է, ո՞վ է» հանրագիտարանից, որի նյութերը բաց շրջանառության մեջ են՝ Creative Commons BY-SA 3.0 արտոնագրրի հիման վրա։