Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Էլեկտրակայան

Vikidia-ից
Jump to navigation Jump to search

Օր ու գիշեր հաղորդալարերով էլեկտրական հոսանք է վազում։ Այն անհրաժեշտ է գործարանում և անասնապահական ֆերմայում, գնացքում, ինքնաթիռում, հեռախոսակայանում։ Ամենուրեք դուք կարող եք տեսնել էլեկտրաշարժիչներ, էլեկտրասարքեր կամ պարզապես էլեկտրական լամպեր։

Իսկ որտեղի՞ց է հայտնվում էլեկտրական էներգիան։ Այն արտադրում են էլեկտրակայաններում տեղադրված հատուկ մեքենաները՝ էլեկտրական հոսանքի գեներատորները։ Լինում են տարբեր գեներատորներ՝ և՛ փոքր, որոնց էներգիան բավարարում է միայն մի սենյակ լուսավորելու համար, և՛ հսկա գեներատորներ, որոնք կարող են էլեկտրաէներգիա տալ մեծ քաղաքին։ Որպեսզի գեներատորն էլեկտրական հոսանք տա, հարկավոր է, որ այն պտտվի և, անշուշտ, ոչ թե գեներատորն ամբողջությամբ, այլ նրա միայն մի մասը՝ ռոտորը։ Մեծ գեներատորի ռոտորը հարյուրավոր տոննաներ է կշռում, և նրան պտտում է հատուկ մեքենան՝ տուրբինը։ Ամեն մի տուրբին ունի թիակներով կամ թևերով աշխատանքային անիվ։ Շոգու, շիկացած գազի կամ ջրի շիթը թափով հարվածում է տուրբինի աշխատանքային անիվի թիակներին և տուրբինին, իսկ նրա հետ նաև` գեներատորի ռոտորին, հարկադրում պտտվելու։ Եթե ջրի շիթն է պտտում տուրբինը, այդ տուրբինն անվանում են հիդրավլիկական, իսկ այն էլեկտրակայանը, ուր այդպիսի տուրբիններ են տեղադրված, հիդրոէլեկտրակայան կամ, կրճատ, ՀԷԿ։ Ջերմային էլեկտրակայանում (ՋԷԿ) շոգին է պտտում տուրբինը, իսկ գազատուրբինային էլեկտրակայանում՝ շիկացած գազերի շիթը։ Հիդրոէլեկտրակայանները կառուցում են, սովորաբար, մեծ, ջրառատ գետերի վրա, ինչպիսին են, օրինակ, Վոլգան, Դնեպրը, Ենիսեյը, կամ լեռնային գետերի վրա. օրինակ, Նուրեկ գետի վրա կառուցվել է Նուրեկի ՀԷԿ-ը։ Վեց հիդրոէլեկտրակայանների մի ամբողջ համալիր է կառուցված մեր հանրապետությունում՝ Սևանա լճից սկիզբ առնող Հրազդան գետի վրա, և կոչվում է Սևան-Հրազդան կասկադ։ ՀԷԿ-ի շենքը, ամբարտակը, նավարկելի ջրանցքները բարդ ու թանկ արժեցող կառույցներ են։ ՋԷԿ-ի համար ամբարտակներ ու ջրամբարներ չեն պահանջվում, և այն կարելի է կառուցել ամեն տեղ։ Բայց ՋԷԿ-ը միշտ վառելիքի կարիք ունի, որպեսզի հնարավոր լինի ջուրը տաքացնել ու շոգի ստանալ։ Իրար ետևից սլանում են ՋԷԿ-ի համար ածուխ տանող գնացքները։ Իսկ, այ, ատոմային էլեկտրակայանում (ԱԷԿ) շատ քիչ, և այն էլ առանձնահատուկ, վառելիք է պահանջվում։ Մի ամբողջ վագոն ածխի փոխարեն հարկավոր է ընդամենը 10 գ ատոմային վառելիք։ Ինչպես և ջերմային էլեկտրակայանում, ատոմային էլեկտրակայանում էլեկտրագեներատորները պտտման մեջ են դրվում շոգետուրբինների միջոցով։ Բայց այնտեղ չկան ոչ ածխի ու գազի հնոցներ և ոչ էլ շոգեկաթսա։ Շոգի ստանալու համար օգտագործվող ջերմությունն անջատվում է ատոմային ռեակտորում (որն ԱԷԿ-ի սիրտն է)՝ միջուկային ռեակցիայի հետևանքով։ Միջուկային ռեակցիան կարելի է համեմատել անընդհատ կրկնվող փոքր ատոմային պայթյունների հետ:Բայց դրանք խաղաղ պայթյուններ են: Ռեակտորը հուսալիորեն շրջափակում են բետոնե հաստ պատերով։ Ավտոմատ սարքերն անընդհատ վերահսկում են միջուկային ռեակցիան։ Անհրաժեշտության դեպքում այն կարելի է արագորեն դադարեցնել։ ԱԷԿ-ում աշխատելն ավելի վտանգավոր չէ, քան սովորական ՋԷԿ-ում։

Գիտնականներն ու ինժեներները որոնում են էլեկտրաէներգիայի նորանոր աղբյուրներ։ Հնարավոր չէ՞, օրինակ, աշխատեցնել ծովային մակընթացություններն ու տեղատվությունները, հարկադրել, որ ծովը պտտեցնի էլեկտրակայանների տուրբինները։ Պարզվում է, որ հնարավոր է։ Այդպիսի էլեկտրակայաններ արդեն աշխատում են. դրանք անվանում են մակընթացային էլեկտրակայաններ կամ ԱԷԿ։ Միլիարդավոր տարիներ շռայլ Արեգակն իր ճառագայթներն ուղարկում է Երկիր։ Արեգակի լույսը նույնպես էներգիա է։ Եվ մարդիկ սովորել են այն փոխակերպել էլեկտրական հոսանքի։ Այդ նպատակով ստեղծվել են կիսահաղորդիչներ ունեցող հատուկ սարքեր` լուսատարրեր։ Դրանք միավորում և ստանում են այսպես կոչված արևային մարտկոցներ։ Այդ մարտկոցները դեռևս թանկ արժեն և Երկրի վրա հազվադեպ են գործածվում։ Բայց հենց այդ մարտկոցներն են, որ էլեկտրաէներգիա են տալիս տիեզերանավերին ու Երկրի արհեստական արբանյակներին: