Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Զորյան Ստեփան Եղիայի

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Stepan Zorian Rostom.gif

Զորյան Ստեփան Եղիայի, հայ գրող, ակադեմիկոս։

Մանկությունից վառ տպավորված Լոռվա չքնաղ բնությունն ու տեղի պարզ մարդկանց է նա պատկերել իր շատ պատմվածքներում։ Անդրանիկ ժողովածուն՝ «Տխուր մարդիկ» խորագրով, լույս է տեսել 1918 թվականին։

Նախնական կրթությունը ծննդավայրի դպրոցներից մեկում ստանալուց հետո Զորյանը տեղափոխվում է Թիֆլիս, ուր աշխատում է և զբաղվում ինքնակրթությամբ։ Նա մոտիկից ծանոթ էր Նար-Դոսի, Ալեքսանդր Շիրվանզադեի, Վահան Տերյանի, Հովհաննես Թումանյանի հետ։ Թումանյանն է եղել նրա առաջին քաջալերողներից ու տաղանդը գնահատողներից մեկը։

1919 թվականին Զորյանը հաստատվում է Երևանում։ Գրողին ճանաչում են բերում «Ցանկապատ» և «Պատերազմը» պատմվածքների ժողովածուները։ «Պատերազմը» պատմվածքի գլխավոր հերոսը մաճկալ Դավիթն է, որին իր նման շատերի հետ պատերազմ են տանում։ Այնտեղից նա վերադառնում է հաշմանդամ դարձած։ Նա այլևս չի կարող վարուցանք անել։ Եվ Դավիթն ըմբոստանում է պատերազմի ու դաժան իրականության դեմ։ Զորյանը մնայուն գործեր ունի թե՛ մեծերի, թե՛ պատանիների և թե՛ մանուկների համար։ Թվարկենք մի քանիսի վերնագրերը՝ «Գրադարանի աղջիկը», «Սև Սեթոն», «Կարմիր արագիլը», «Հեղկոմի նախագահը», «Պապ թագավոր», «Հայոց բերդը», «Վարազդատ»։ Պատանիների ամենասիրելի գրքերից է «Մի կյանքի պատմություն» ինքնակենսագրական վեպը։ Իսկ «Շամոն», «Դեկոն», «Ճանապարհորդ Ջեկոն», «Շեկոն» և հրաշալի ուրիշ պատմվածքներ գրված են հենց ձեզ համար։ Զորյանը նաև ժողովրդական հեքիաթներ է մշակել, որոնք լույս են տեսել առանձին գրքով։ Դուք կարող եք գրադարանից վերցնել այն ու կարդալ։ Բնությունն ու գյուղական կյանքը գրողը պատկերել է այնպիսի հյութեղ լեզվով, որ թվում է, նստած ես Լոռվա զովաշունչ անտառում, ունկնդրում ես մարդկանց պարզամիտ զրույցները, ծառերի սոսափը, գլգլան աղբյուրների երգը։ Հոգիդ լցվում է վեհությամբ, և ուզում ես լսել բնության անվերջանալի հեքիաթը։ Եվ հարստանում ես, զորեղանում...

Զորյանի ստեղծագործությունները թարգմանված են մի շարք լեզուներով։ Զորյանը նաև հմուտ թարգմանիչ էր։ Նա հայերեն է հնչեցրել Իվան Տուրգենևի «Մումու», լեհ գրող Հենրիկ Սենկևիչի «Երաժիշտ Յանկոն», ամերիկացի կին գրող Հարիետ Բիչեր-Սթոուի «Քեռի Թոմասի տնակը», Մարկ Տվենի «Թոմ Սոյերի արկածները», Լև Տոլստոյի «Ֆիլիպոկ» և այլ ստեղծագործություններ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված, վերցված է «Ի՞նչ է, ո՞վ է» հանրագիտարանից, որի նյութերը բաց շրջանառության մեջ են՝ Creative Commons BY-SA 3.0 արտոնագրրի հիման վրա։