Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Զոհրապ Գրիգոր Խաչիկի

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Krikor Zohrab.JPG

1915 թվականին թուրքական կառավարությունը կազմակերպեց արևմտահայության զանգվածային ջարդեր։ Այդ մեծ եղեռնին զոհ գնացին մեկուկես միլիոն հայեր։ Զոհվածների թվում էին հայ մշակույթի բազմաթիվ ականավոր գործիչներ, որոնցից էր նաև հռչակավոր գրող ու հրապարակախոս Գրիգոր Զոհրապը։ Զոհրապը ծնվել է հայաշատ Կոստանդնուպոլսում, որն այն ժամանակ Թուրքիայի մայրաքաղաքն էր։ Ծննդավայրի հայկական դպրոցներում տարրական և միջնակարգ կրթություն ստանալուց հետո ուսումը շարունակում է երկու բարձրագույն ուսումնական հաստատություններում՝ ստանալով նախ ճարտարագետի, ապա՝ իրավաբանի մասնագիտություններ: Կարճ ժամանակում նա դառնում է Կ. Պոլսի հայտնի փաստաբաններից մեկը և մեծ հեղինակություն նվաճում տեղի հայ և թուրք բնակչության շրջաններում։ Զոհրապը ոչ միայն կատարելապես տիրապետում էր իրավաբանի մասնագիտության նրբերանգներին, այլև փայլուն հռետոր էր, նրա խոսքը ազդեցիկ էր ու դիպուկ։ Քանի-քանի անմեղ մարդիկ՝ հայ, հույն և բուլղարացի քաղաքական մեղադրյալներ են արդարացվել նրա դատապաշտպանական փայլուն ճառերի շնորհիվ։ Դա, անշուշտ, դուր չէր գալիս իշխանություններին, և Զոհրապին արգելում են աշխատել իրավաբանի մասնագիտությամբ։ Բայց Զոհրապն արդեն մեծ անուն ու հռչակ էր վաստակել նաև որպես գրող։ 1880-ական թվականների վերջերից սկսել էին տպագրվել նրա գրական ստեղծագործությունները, հատկապես, նորավեպերը։ Զոհրապը դարձել էր պոլսահայ գրական կյանքի ոգին ու կազմակերպիչը։ Իր գեղարվեստական գործերով ու հրապարակախոսական կրակոտ ելույթներով նա արթուն էր պահում ճնշվածների ապրելու ու պայքարելու տենչերը։ Այնքան մեծ էր նրա հեղինակությունը, որ 1908 թ. ընտրվում է թուրքական պառլամենտի անդամ։ Նշանավոր գրողն ու հրապարակախոսը իրեն հատուկ հետևողականությամբ պառլամենտում հանդես էր գալիս իբրև ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպան, համարձակորեն մերկացնում էր թուրք պաշտոնյաների կամայականությունները, դատապարտում հետամնացությունը։

Վրա հասավ 1915 թ` հայ ժողովրդի պատմության մեջ ամենաեղերական տարեթիվը։ Թուրքական կառավարությունը որոշեց արևմտահայությանը տեղահանել իր հայրենի բնօրրանից և հիմնովին բնաջնջել։ Զոհրապը հնարավորություն ուներ հեռանալու Թուրքիայից և դրանով իսկ խուսափելու կոտորածից։ Բայց նա գերադասեց մնալ իր ժողովրդի հետ և գործադրեց ամեն ջանք՝ կանխելու հրեշավոր ոճրագործությունը, բայց ավաղ... Շուտով նրան էլ ձերբակալեցին, աքսորեցին ու գազանաբար սպանեցին։

Հայ գրականության լավագույն էջերից են Զոհրապի նորավեպերը: Զուր չէ, որ նրան կնքել էին «նորավեպի իշխան» պատվանունով։ ... Ծովի ալիքների վրա օրորվում է խեղդված Հուսեփը։ Նրա վզից կախված է «ճիտին պարտքը»՝ մի մեծ պայուսակ, որով ամեն օր ուտելիք էր տանում իր երկու մանկահասակ աղջիկներին։ Պայուսակի մեջ քար լցնելով ու վզին կապելով` նա իրեն նետում է ծովը, որովհետև այլևս չի կարող հաց վաստակել։ Ալիքների մեջ «մեծ, մեծ բացված, կարծես զարմացած աչքերով» նայում է վեր, արծաթե կլոր դրամի պես փայլող լուսնին։ «Ճիտին պարտքը» կոչվող այս և մյուս հրաշալի նորավեպերում՝ «Այինկա», «Փոստալը», «Այրին», «Թեֆարիկ», «Ռեհան», «Զաբուղոն», «Առջի սեր, առջի բարի» և այլն, հեղինակը ցավով պատմում է «փոքր», հասարակ մարդկանց ողբալի վիճակի մասին։ Նրա հերոսները կյանքում իրենց տեղը չգտած աշխատավոր մարդիկ են, «լուռ ցավերի» մարդիկ՝ իրենց տխուր առօրյայով ու անհույս ճակատագրով։ Զոհրապի նորավեպերը իր ժամանակի կյանքի հայելին են ու ճշմարիտ վկայությունը։ Գրողի շատ երկեր թարգմանվել են բազմաթիվ լեզուներով և արժանացել բարձր գնահատանքի։

Գրող, հրապարակախոս, իրավագետ, հասարակական-քաղաքական գործիչ Գրիգոր Զոհրապը հարազատ ժողովրդին նվիրեց ոչ միայն իր խոսքն ու գործը, այլև կյանքը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված, վերցված է «Ի՞նչ է, ո՞վ է» հանրագիտարանից, որի նյութերը բաց շրջանառության մեջ են՝ Creative Commons BY-SA 3.0 արտոնագրրի հիման վրա։