Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Երկրաչափություն

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
P. Oxy. I 29.jpg

Հունիսին Եգիպտոսի երկնքում հայտնվում է մի վառ աստղ՝ Սիրիուսը։ Նույն ժամանակ էլ, սովորաբար, Նեղոսը վարարում է և ջրի տակ առնում ափամերձ դաշտերը։ Հետո ջրի մակարդակն իջնում է, և Նեղոսը վերադառնում է իր նախկին հունը։ Այդպես էր նաև 5-6 հզ. տարի առաջ։ Այն ժամանակ էլ նույն օրերին դեռևս թաց դաշտերում հայտնվում էին պարաններով ու մահակներով զինված մարդիկ։ Այս ու այնտեղ վեճեր էին բռնկում, լսվում անպատվություն ու հայհոյանք։Բանն այն էր, որ հորդացած Նեղոսը ջնջում տանում էր տարբեր ընտանիքների պատկանող դաշտերի սահմանները։ Եվ ջրհեղեղից հետո ամեն անգամ հարկ էր լինում հողը նորից մաս-մաս անել։ Հողամասի մակերեսը ճիշտ հաշվելուց էր կախված այն հարկի չափը, որ երկրագործը պարտավոր էր մուծելու Փարավոնի գանձարանը։ Իսկ մակերեսը հաշվելը դժվար էր. գետի ափերը գալարուն էին, հողամասերի սահմանագծերը բեկյալ գծեր էին կազմում։ Եվ մարդիկ սովորեցին չափել այդպիսի մակերեսները` բաժանելով դրանք ուղղանկյան և եռանկյան ձև ունեցող հողակտորների։ Այն հեռավոր ժամանակներում արդեն հարկավոր էր լինում հաշվել ոչ միայն պատկերների մակերեսը, այլև տարբեր մարմինների ծավալը։ Նույն այդ Եգիպտոսում ստրուկների ձեռքով կառուցվում էին քարե վիթխարի բուրգեր` տիրակալների մահարձաններ։ Ստրուկները ոռոգիչ ջրանցքներ էին փորում, կառուցում պատնեշներ ու բնական կամ արհեստական երկար ու խոր փոսեր։ Բուրգ կամ ջրանցք կառուցելիս փորված հողը որոշակի ծավալ էր զբաղեցնում։ Որպեսզի իմանային, թե բուրգը կանգնեցնելու համար որքան քար է հարկավոր, կամ ջրանցքը կառուցելու համար որքան հող պետք է փորել, հարկ եղավ սովորել, թե ինչպես պետք է հաշվել այդ մարմինների ծավալը։Սորուն նյութերը ցորենը, ալյուրը, և հեղուկները՝ ձեթը, գինին, պահվում էին կավե կլոր, հսկայական կարասներում։ Պետք էր իմանալ նաև այդ կարասների ծավալը։ Այս բոլոր առօրեական պահանջները խթանեցին երկրաչափության զարգացումը։ Բայց այն ժամանակ էլ արդեն երկրաչափությունն այնպիսի տեղեկություններ էր պարունակում, որոնք չէին սահմանափակվում հողամասերի չափումով միայն։ Անցան հազարավոր տարիներ։ Եվ այսօր անչափ աճել է երկրաչափության նշանակությունը մարդկանց աշխատանքում ու կյանքում։ Աճել է նաև գիտությունն ինքը, շատ սերունդների գիտնականներ են այն լրացրել բազմաթիվ կարևոր տվյալներով։ Այսօր դժվար է գտնել մի մասնագիտություն, որի համար երկրաչափությունն ավելորդ լինի։ Չէ որ մարդիկ կառուցում են քաղաքներ ու պատնեշներ, ավտոմոբիլային խճուղիներ ու հիդրոկայաններ, հորինում բարդ մեքենաներ, ուսումնասիրում աստղային երկինքը, նավարկում ծովերով ու օվկիանոսներով, հաշվարկում տիեզերանավերի երթուղիները... Եվ բոլոր այս գործերում մարդկանց պետք է գալիս երկրաչափությունը, մի գիտություն, որն ուսումնասիրում է պատկերների ձևերն ու նրանց տարածական կախվածությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված, վերցված է «Ի՞նչ է, ո՞վ է» հանրագիտարանից, որի նյութերը բաց շրջանառության մեջ են՝ Creative Commons BY-SA 3.0 արտոնագրրի հիման վրա։