Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Երկրաշարժ

Vikidia-ից
Jump to navigation Jump to search

Լավ է, երբ նավարկում ես ծովում կամ երբ թռչում ես ինքնաթիռով։ Բայց, այնուհանդերձ, շատ հաճելի է, երբ ջրով կամ օդով կատարած երկարատև ճանապարհորդությունից հետո հայտնվում ես ամուր, հաստատուն հողի վրա...

Բայց երբեմն այնպես է պատահում, որ հողն սկսում է ցնցվել։ Օրորվում են առաստաղից կախված լամպերը, շրխկոցով բացվում են դռները, ճաքճքում են պատերը։ Մարդիկ սարսափահար դուրս են վազում փողոց։ Երկրաշարժ է... Մի քանի վայրկյանում երկրաշարժը կարող է մեծ քաղաքը վերածել փլատակների կույտի։ Ամենաուժեղ երկրաշարժերի ժամանակ գետնի մեջ առաջանում են խոր ճաքեր, տեղի են ունենում փլուզումներ։ Փոխվում է գետերի հունը, գոյանում են նոր ջրվեժներ ու լճեր։

1908 թ. երկրաշարժից ամբողջապես ավերվեց իտալական Մեսինա քաղաքը։ 1963 թ. փլատակների վերածվեց հարավսլավական Սկոպլե մեծ քաղաքը։ Իսկ 1966 թ. ուժեղ երկրաշարժ տեղի ունեցավ Տաշքենդում։ Մեր ամբողջ երկիրն օգնության հասավ Սովետական Ուզբեկստանի մայրաքաղաքին։ Միութենական բոլոր հանրապետություններից այստեղ եկան շինարարներ։ Գնացքները շինանյութեր էին բերում, խոշորագույն գործարաններն ուղարկում էին անհրաժեշտ տեխնիկա և սարքավորում։ Կարճ ժամկետում քաղաքը վերականգնվեց։ Այժմ Տաշքենդն ամենագեղեցիկ և բարեկարգ քաղաքներից է։

Երկրաշարժերն առաջանում են, երբ Երկրի մակերևույթից տասնյակ, իսկ երբեմն էլ հարյուրավոր կիլոմետրեր խորության վրա տեղի է ունենում ապարների տեղաշարժ։ Այդ տեղում առաջանում է երկրաշարժի օջախ, որտեղ բնահողի ցնցումներն ու տատանումներն առանձնապես ուժեղ են լինում։ Երկրի մակերևույթի այն տեղը, որը գտնվում է երկրաշարժի օջախի վերևում, կոչվում է էպիկենտրոն։

Երկրաշարժերն ամենից հաճախ տեղի են ունենում լեռնային շրջաններում։ Դրանք հաճախակի են Միջին Ասիայի լեռներում, Կարպատներում, Ղրիմում, Անդրկովկասում, Կուրիլյան կղզիներում։ Առանձնապես հաճախակի տեղի ունեցող երկրաշարժերի գոտին անցնում է Խաղաղ օվկիանոսի ափերի երկայնքով։ Մեկ տարում Երկրի վրա տեղի է ունենում ավելի քան 100 հզ. երկրաշարժ։ Թույլ ցնցումները նկատում են միայն չափազանց զգայուն սարքերը՝ սեյսմոգրաֆները։

Տատանումների ուժը չափվում է սանդղակով` 1-ից մինչև 12 բալով։ Գիտնականները կազմել են տարբեր ուժի ու հաճախության երկրաշարժերի շրջանների քարտեզը։ Մարդիկ սովորում են կանխագուշակել երկրաշարժերը, ջանում պաշտպանվել նրանց ավերիչ ուժից։ Այնտեղ, ուր երկրաշարժերը հատկապես ուժեղ են ու հաճախակի, տները կառուցում են պողպատե հիմնակմախքների կամ, երկաթուղային վագոնների նման, «զսպանակների» վրա։ Երբեմն երկրաշարժի օջախն առաջանում է օվկիանոսի հատակի տակ։ Ցնցումներից առաջանում են ծովային վիթխարի ալիքներ` ցունամիներ, որոնք սլանում են ինքնաթիռի արագությամբ, ափի մոտ ծառս են լինում 10-15 մ բարձրությամբ և առաջ բերում հսկայական ավերվածություն։