Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Եղանակ

Vikidia-ից
Jump to navigation Jump to search

Եղանակ են անվանում մեզ շրջապատող մթնոլորտի վիճակը տվյալ պահին կամ որոշակի ժամանակահատվածում։ Այն կախված է օդի հսկայական զանգվածների շարժումից և օվկիանոսների, ծովերի ու ցամաքի վրա եղած մթնոլորտային ճնշումների տարբերությունից։ Այդ տարբերությունը հետևանք է այն բանի, որ հյուսիսում ու հարավում, ծովի մոտ և մայրցամաքի խորքում Արեգակը միատեսակ չէ, որ տաքացնում է օդը։ Եղանակի վրա ազդում են նաև լեռները։ Եղանակը կարելի է կանխագուշակել ոչ միայն մեկ-երկու օր, այլև շաբաթներ և, նույնիսկ, ամիսներ առաջ։ Դրանով զբաղվում է օդերևութաբանություն գիտությունը։ Եղանակի ծառայությունը, որն ընդգըրկում է օդերևութաբանական բազմաթիվ կայաններ, ուսումնասիրում է քամիների ուղղությունն ու արագությունը ցամաքից և ծովից մի քանի հարյուր մետր բարձրության վրա։

Օդերևութաբանները հետևում են, թե ինչպես են տեղաշարժվում բարձր ու ցածր մթնոլորտային ճնշումների կենտրոնները։ Այդ գործում օդերևութաբաններին օգնում են եղանակի ծառայության ինքնաթիռներն ու նավերը։ Երկրի օդերևութաբանական արբանյակները մշտապես հետևում են եղանակի վիճակին ու փոփոխություններին և չափումների տվյալները հաղորդում ռադիոյով։ Եղանակի կանխորոշումն անհրաժեշտ է թե՛ նավերի կապիտաններին ու օդաչուներին, թե՛ վարորդներին ու երկաթուղայիններին, թե՛ շինարարներին ու գյուղատնտեսության աշխատողներին։ Եղանակից է կախված ցանքի, բերքահավաքի, խոտհնձի ժամանակը, հաճախ՝ նաև մարդկանց առողջական վիճակը, նրանց ինքնազգացողությունը։

Եղանակի կանխագուշակությանն օգնող պարզագույն սարքերից է բարոմետրը (ճնշումաչափը), որը ցույց է տալիս մըթնոլորտային ճնշման փոփոխությունը։ Լինում են զանազան բարոմետրեր։ Մետաղական բարոմետրն, օրինակ, երկու սլաք ունի, որոնցից մեկը մթնոլորտային ճնշման ազդեցությամբ ինքն է շարժվում թվացույցով, մյուսը մենք ենք համատեղում առաջինի հետ, երբ ուզում ենք իմանալ, թե որ կողմ կշեղվի շարժական սլաքը և դրանով իսկ ինչպիսի եղանակ կկանխագուշակի։ «750» թվի (դա մթնոլորտային ճնշումն է սնդիկի սյան միլիմետրերով) վերևում գրված է «Փոփոխական»։ Դեպի ձախ մթնոլորտային ճնշումը ցույց տվող ավելի փոքր թվերն են և «Անձրև» կամ «Տեղումներ», իսկ ավելի ձախ՝ «Հողմ» բառերը։ Դեպի աջ նշված են մթնոլորտային ճնշումը ցույց տվող ավելի մեծ թվեր և «Պարզ» կամ «Պարզ եղանակ» բառերը։ Եթե մի քանի ժամվա կամ օրվա ընթացքում սլաքն անշարժ է մնում, ապա այդ ժամանակամիջոցում եղանակը նույնպես չի փոխվում։