Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Դավիթ Անհաղթ

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
David Anhaght pilisopa.jpg

Վաղ միջնադարյան հայ ականավոր փիլիսոփա և գիտնական Դավիթ Անհաղթն ըստ ավանդության, ծնվել է Տարոն նահանգի Ներգին գյուղում: Այդ պատճառով էլ գրականության մեջ նա հայտնի է նաև Դավիթ Ներգինացի անունով։ «Անհաղթ» պատվավոր մականունը ստացել է գիտական վեճերում հաղթանակներ տանելու համար: Գիտության հանդեպ ունեցած սերը երիտասարդ Դավթին բերել էրե Ալքսանդրիա քաղաքը, որը հին աշխարհի խոշորագույն գիտական կենտրոններից էր, հունական մշակույթի լավագույն ավանդույթների պահապանը վաղ միջնադարում: Այստեղ 6-րդ դարի առաջին կեսին Դավիթը սովորել, իսկ հետո երկար տարիներ փիլիսոփայություն է դասավանդել` իր շուրջը հավաքելով տարբեր երկրներից եկած աշակերտների: Փիլիսոփայական բանավեճերին մասնակցելու համար նրան հրավիրել են Աթենք և Կոստանդնուպոլիս, ուր նա միշտ փայլել է իր կուռ տրամաբանությամբ ու հռետորական ձիրքով։ Մեծ հռչակ վայելող փիլիսոփան ծեր հասակում վերադառնում է Հայաստան: Նա ստեղծում է իր դպրոցը և ծավալում բեղմնավոր գիտական ու մանկավարժական գործունեություն: Բազմաթիվ աշխատություններից, որ գրել է Դավիթ Անհաղթը, պահպանվել են միայն չորսը, այդ թվում` նրա ամենակարևոր երկը` «Սահմանք իմաստասիրության» («Փիլիսոփայության սահմանումները»): Նա առաջ է քաշում շատ հետաքրքիր հարցեր, որոնք այժմ էլ հուզում են փիլիսոփաներին և գիտնականներին։ Օրինակ, Դավիթը քննում է` ինչ է աշխարհը, ինչ օրինաչափություններ ունի այն, ինչ տեղ է գրավում մարդը Տիեզերքում և ինչպես նա պետք է ճանաչի աշխարհը, ինչպես պետք է օգտագործի իր մտավոր կարողությունները` բնության գաղտնիքները բացահայտելու համար։ Նա քննադատում է այն փիլիսոփաներին, որոնք պնդում էին, թե իբր մարդն ի վիճակի չէ թափանցելու իրերի և երևույթների էության մեջ: Դավիթն ապացուցում է, որ մարդու հինգ զգայարանները և բանականությունը լիովին բավարար են` լուծելու համար բնության բոլոր առեղծվածները: Բայց այդ նպատակին հասնելու համար մարդ պետք է տիրապետի ճանաչման տարբեր աստիճաններին, մտածողության օրենքներին: