Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Գեորգի Դիմիտրով

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Georgi Dimitrov.jpg

Տասներկուամյա բուլղարացի տղային՝ Գեորգիին, կարիքը ստիպեց թողնելու դպրոցը և աշխատանքի անցնելու։ Առավոտից մինչև ուշ երեկո աշխատում էր տպարանում, հետո իր խցիկում, երբեմն ողջ գիշերը վառվող նավթի ճրագի տակ, նստում դասագրքերի առջև: 15 տարեկանից արդեն Գեորգին բանվոր դասակարգի գործին անսահման նվիրված խիզախ հեղափոխականների կողքին էր։

Դիմիտրովը Բուլղարիափ գործարանների բանվորների և լեռնային հեռավոր գյուղերի բնակիչների հաճախակի հյուրն էր: Նա բացատրում էր, թե ինչպես պետք է փոխել կյանքը, որ բոլոր երեխաները կարողանան սովորել, որ մարդիկ քաղցից չմեռնեն։ «Բուլղարիան կդառնա ազատ ու երջանիկ»,- ասում էր նա: Դիմիտրովը պարզ և հասկանալի նրանց պատմում էր Լենինի մասին։

Մի անգամ հանքափորների փոքրիկ մի քաղաքում տեղի ունեցած միտինգի ժամանակ ոստիկանները ցանկացան ձերբակալել անհնազանդ հռետորին: Բայց նրանք չկարողացան ճեղքել ամբոխը, և Դիմիտրովը հանգիստ շարունակեց իր ելույթը։

Հեղափոխության թշնամիները հաճախ էին փորձում հանկարծահաս մի կրակոցով հաշվեհարդար տեսնել Դիմիտրովի հետ։ Բայց ոչ մի բան՝ ո՛չ սպառնալիքները, ո՛չ բանտախուցը, ոչ էլ շղթաները, չէր կարող ընկճել նրա երկաթե կամքը, հարկադրել հրաժարվելու սեփական համոզմունքներից: Գերության մեջ էլ նա շարունակում էր վստահելի ընկերների միջոցով ղեկավարել հեղափոխական պայքարը։

Դիմիտրովի անունը ողջ աշխարհում տարածվեց, երբ 1933 թ. գերմանական ֆաշիստները նրան մեղադրեցին Ռայխստագը (կառավարական շենքը) հրկիզելու մեջ, որը հենց իրենք էլ հրդեհել էին: Այդ հրեշավոր կեղծիքով նրանք ուզում էին արատավորել բոլոր կոմունիստներին։ Բայց Դիմիտրովը մեղադրյալից դարձավ ֆաշիզմի ահեղ մեղադրող: Դատավորները փորձում էին լռեցնել նրան, խոսելու իրավունք չէին տալիս, ուժով դուրս էին տանում դահլիճից։ «Ես կոմունիստ եմ»,- դատարանում հնչում էր նրա հպարտ ձայնը ֆաշիստներին սարսափն էր պատում այն մտքից, որ Դիմիտրովը մենակ չէ, որ նրա կողմնակիցների թիվը ողջ աշխարհում օրավուր աճում է: Բոլոր երկրների բանվորները պահանջում էին անհապաղ ազատ արձակել նրան: Եվ նրանց հզոր ճնշման ներքո ֆաշիստները հարկադրված եղան տեղի տալու և ազատեցին Դիմիտրովին։

Շուտով Եվրոպայում բռնկեց երկրորդ համաշխարհային պատերազմը: Դիմիտրովը բոլորանվեր զինվորագրվեց հարազատ Բուլղարիան ֆաշիստական հորդաներից ազատագրելու և երկրում հեղափոխական ապստամբություն նախապատրաստելու գործին: Դիմիտրովը Բուլղարիայի առաջին բանվորագյուղացիական կառավարության ղեկավարն էր։

Անցան շատ տարիներ, բուլղար ժողովուրդը ազատ ու երջանիկ կյանք կառուցեց: Եվ իբրև սուրբ մասունք նա իր հիշողության մեջ պահպանում է այն ամենը, ինչ կապված է Դիմիտրովի անվան հետ: Ամեն ոք, ում վիճակվում է լինել Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում, անպայման այցելում է Դիմիտրովի դամբարանը։