Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Գանձասար

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Գանձասար Վանք.jpg

Գանձասարը վանական համալիր է, հոգևոր և մշակութային կենտրոն․գտնվում է ԼՂՀ Մարտակերտի շրջանի Վանք գյուղի մերձակա Գանձասար բլրի վրա։ 16-րդ դարի վերջից եղել է Աղվանից կաթողիկոսության աթոռանիստը։ Գանձասարի վանքի մասին առաջին տեղեկությունը հայտնել է Անանիա Ա Մոկացի կաթողիկոսը (946-968թթ)։ Գանձասարը եղել է առաջնորդարան, ունեցել է հարուստ ձեռագրատուն, դպրանոց։ Այնտեղ ստեղծվել են բարձրարժեք ձեռագրեր, կրթվել են հոգևոր գործիչներ, ովքեր նպաստել են տեղի և հարակից շրջանների մշակութային կյանքի զարգացմանը։ Գանձասարում էր Խաչենի իշխանների տոհմական տապանատունը։

17-18-րդ դարերում Գանձասարի կաթողիկոսներն աջակցել են Ղարաբաղի մելիքությունների ազատագրական պայքարին,իսկ 18-րդ դարի սկզբին կաթողիկոս Եսայի Հասան-Ջալալյանի շուրջն են համախմբվել Արցախի և Սյունիքի ազատագրական շարժման գործիչները։ Մինչև Ղարաբաղի միացումը Ռուսաստանին(1813թ․) Գանձասարը շարժման կենտրոնն էր։ 1815թ-ին Ռուսաստանի ցարական կառավարության հրահանգով Գանձասարի կաթողիկոսությունը վերացվել է, և նրան փոխարինած միտրոպոլիտության աթոռանիստը 1836թ-ին դարձել է Շուշին։ Գանձասարի համալիրում են Սբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին (որի խորանում թաղված է Հովհաննես Մկրտչի գլուխը ),գավիթը (1261թ-ին հիմնադրել են Հասանը և նրա կինը՝ Մամքանը, ավարտել է նրանց որդի Աթաբակը 1266 թ-ին), պարիսպները (17-րդ դար), բնակելի խցերը, թաղածածկ սեղանատունը(1689 թ․),դպրոցի երկհարկանի շենքը (1898 թ․)։

Համալիրից հարավ հին գերեզմանատունն է։ Սբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին ուղղանկյուն, ներքուստ՝խաչաձև,4 անկյուններում երկհարկ ավանդատներով գմբեթավոր կառույց է, որն աչքի է ընկնում հարուստ հարդարանքով։ Ներսում՝ ոմբուկի հիմքին, տեղադրված են բարձրաքանդակ գլուխներ(խոյի, ցուլի,մարդու),բեմառաջքը զարդարված է երկրաչափական քանդակներով։ Ամենաուշագրավը 16-նիստանի թմբուկը և հովհարաձև վեղարն են։ Նիստերը մշակված են պատկերաքանդակներով, լուսամուտների քանդակազարդ պարակալներով, կողերը շեշտված են նուրբ որմնասյուներով։

Թմբուկի վրա՝ եզան գլխի թևատարած արծվի, հարավային ճակատին՝ կաքավի, արևմտյան պատին թռչունների քանդակներեն։ Եկեղեցու արևմտյան ճակատին բարձրարվեստ բարձրաքանդակ է՝ Խաչելության տեարանը։ Գավիթն արևմտյան մասի 2 հզոր սյուներին և արևելյան պատի որմնասյուներին հանգչող կամարներով ընդարձակ դահլիճ է։ Համանման գավիթներ կան Հաղպատում և Մշկավանքում․ ենթադրվում է, որ 3-ն էլ կառուցել է նույն ճարտարապետը։ 1546 թ-ին Սարգիս կաթողիկոսն ընդարձակել է վանքի կալվածքները, 1551 թ-ին նորոգել է եկեղեցին։ 1898 թ-ին Անտոն վարդապետը վանքի արևելյան կողմում կառուցել է դպրոցի երկհարկանի շենքը, 1907 թ-ին նորոգել են գավթի տանիքն ու զանգակատունը։ 1923 թ-ին Գանձասարի վանքը չի գործել։ Սբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին վերաբացվել է 1988 թ-ին։ 1992 թ-ին ԼՂՀ ներխուժած ադրբեջանական զինվորներն ավերել են վանքի արևելյան կողմի շինությունները, որոնք վերանորոգվել են 1993- 1998 թթ-ին։