Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Գալիլեո Գալիլեյ

Vikidia-ից
Jump to navigation Jump to search

Առաջին մարդը, որ երկնքին նայեց 1642 խոշորացնող օպտիկական խողովակով՝ աստղադիտակով, իտալացի նշանավոր գիտնական Գալիլեո Գալիլեյն էր։

1608 թ Գալիլեյն իմացավ, որ Հոլանդիայում դիտակ է ստեղծվել, և այն ժամանակների համար խիզախ մի միտք հղացավ՝ այդպիսի դիտակով դիտել գիշերային երկինքը։ Եվ Գալիլեյն ինքը պատրաստեց գիտության պատմության մեջ առաջին երկու աստղադիտակները։ Դրանք դեռևս շատ անկատար էին․ փոքրը խոշորացնում էր ընդամենը 3, մեծը՝ 32 անգամ։ Բայց այդ համեստ միջոցներով Գալիլեյը մեծ հայտնագործություններ կատարեց։

1609 թ. աշնանը նա առաջին անգամ աստղադիտակն ուղղեց դեպի Լուսին և պարզորոշ տեսավ նրա մակերևույթի անհարթությունները՝ Լուսնի «լեռներն» ու «հովիտները»։ Նշանակում է, Լուսինը բյուրեղապակե ողորկ գունդ չէ, ինչպես այն ժամանակ ենթադրում էին շատերը, այլ նման է Երկրին։

Աստղադիտակով նա տեսավ, որ Վեներա մոլորակը, Լուսնի նման, փոխում է իր տեսանելի ձևը կամ ինչպես ասում են, փուլերը։ Դա կարելի էր բացատրել միայն նրանով, որ Վեներան պտտվում է ոչ թե Երկրի, այլ Արեգակի շուրջը, ինչպես և պնդում էր Նիկոլայ Կոպեռնիկոսը։

Արեգակի վրա Գալիլեյը նշմարեց մութ բծեր։ Դրանց տեղափոխությունից ելնելով գիտնականն ապացուցեց, որ Արեգակը պտտվում է իր առանցքի շուրջը։ Նշանակում է, Արեգակը ևս բացարձակ մաքուր, «կատարյալ» մարմին չէ ինչպես սովորեցնում էին հին փիլիսոփաներն ու Գալիլեյի ժամանակների եկեղեցականները։

Բայց ամենազարմանահրաշը Յուպիտեր հսկա մոլորակն էր։ Նրա շուրջը պտտվում էին չորս լուսին-արբանյակՆեր, ճիշտ այնպես, ինչպես, ըստ Կոպեռնիկոսի ուսմունքի, Արեգակի շուրջը պետք է որ պտտվեն Երկիրն ու մյուս մոլորակները: Վերջապես, աստղադիտակով Ծիր Կաթինը դիտելիս երևաց, որ այն կազմված է անզեն աչքի համար անտեսանելի բազմաթիվ աստղերից: Գալիլեյի հայացքի առջև հառնեց աստղերի անեզր աշխարհը, որոնցից ամեն մեկը հեռավոր մի արեգակ է, նման մեր Արեգակին։ Ճշմարտանման էր դառնում նաև Ջորդանո Բրունոյի ուսմունքն այն մասին, թե հեռավոր աստղերի շուրջը պտտվում են բանական էակներով բնակեցված բազմաթիվ մոլորակներ։ Գալիլեյի հայտնագործությունները Կոպեռնիկոսի ուսմունքի համոզիչ, փորձի օգնությամբ հիմնավորված ապացույցներն էին: Դրանք խարխլում էին Արիստոտելի և Պտղոմեոսի` եկեղեցու ընդունած ուսմունքի հիմքերը, ըստ որի երկիրը տիեզերքի անշարժ կենտրոնն էր, իսկ երկինքն, իբր, ամենազոր աստվածների կացարանը: Կոպեռնիկոսի ուսմունքը եկեղեցականները հերետիկոսություն հայտարարեցին, բոլոր նրանց, ով տարածում և պաշտպանում էր այդ ուսմունքը, դաժան դատաստան էր սպառնում, բայց Գալիլեյը համարձակ պայքարում էր եկեղեցական խավարամոլության դեմ և շարունակում ապացուցել Կոպեռնիկոսի իրավացիությունը: Այնժամ 1633 թ եկեղեցականները դատի կանչեցին ծերունազարդ գիտնականին և տանջանքների սպառնալիքով հարկադրեցին ուրանալ իր հայացքները։ Բայց դա, անշուշտ, սոսկ ձևական ուրացում էր։ Գալիլեյը մնաց Կոպեռնիկոսի ուսմունքի համոզված կողմնակիցը։ Թեև մեծ գիտնականին տնային ցմահ կալանքի էին վերցրել և արգելել աստղագիտության վերաբերյալ որևէ գիրք հրատարակել, մեխանիկայի բնագավառի իր նոր հայտնագործություններով նա շարունակում էր աջակցել գիտության զարգացմանը: Չնայած եկեղեցականների բոլոր հալածանքներին, Գալիլեյն իրեն դրսևորեց որպես գիտական աշխարհայացքի հաղթանակի համար մղվող պայքարի ամենաականավոր մարտիկներից մեկը: