Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Արփա-Սևան

Vikidia-ից
Jump to navigation Jump to search

Ամռան շոգ օրերին, երբ արևը հուր է թափում Երևանի վրա, շատանում են մայրաքաղաքից դեպի Սևան սլացող ավտոմեքենաները: Լայնահուն ավտոմայրուղին ոլորվում և բարձրանում է լեռները: Ամռան տոթն աստիճանաբար մեղմանում է լեռնային սառը քամուց և շուտով ուղևորների հայացքի առջև տարածվում է Սևանա լճի կապույտ հայելին: Լիճն իր մեջ է ընդունում բազմաթիվ գետակներ։ Սակայն Սևանը սնող հիմնական «գետը» թաքնված է, չի երևում: Սևանա լիճը շրջապատող Վարդենիսի լեռների տակ փորված է մոտ 49 կմ երկարությամբ ջրատար թունել։ Արփա գետի փրփրաբաշ ջրերը հոսում են այդ ջրատարով ու թափվում լիճը: Իսկ ինչո՞ւ է Սևանին հարկավոր Արփայի ջուրը: Դա երկար պատմություն ունի։ Սովետական իշխանության հաստատումից հետո Հայաստանում կառուցվեցին բազմաթիվ գործարաններ, որոնց էլեկարականություն էր հարկավոր, մշակվեցին խոպան հողեր, որոնք ջուր էին պահանջում։ Այս երկու խնդիրը միաժամանակ լուծելու համար Սևանա լճից սկիզբ առնող Հրազդան գետի վրա կառուցվեց վեց հիդրոէլեկտրակայան և մեծացավ լճից ջրի արտահոսքը։ Հզորացան գործարանները, ծաղկեցին դաշտերն ու այգիները։ Տարիներ անցան, ժամանակի ընթացքում Սևանա լճի ջրի մակարդակն զգալիորեն իջավ, լճի ափերին առաջացան սպիտակ, ամայի տարածություններ, պակասեց իշխան ձուկը: Մարդիկ մտահոգվեցին. փոխվում էր գեղատեսիլ Սևանի շրջակայքը, խաթարվում էր Հայաստանի բնության հիասքանչ անկյուններից մեկի գեղեցկությունը: Անհրաժեշտ էր փրկել Սևանը, թեթևացնել նրա հոգսը: Այդ նպատակով կառուցվեցին բնական գազով աշխատող նոր էլեկտրակայաններ: Դրանք հնարավորություն տվեցին պակասեցնել ջրի արտահոսքը Սևանից: Միաժամանակ Արարատյան դաշտում փորվեցին շատրվանող ջրհորներ, որոնք հագեցնում են հողի ծարավը: Բայց այդ բոլորը դեռ բավարար չէր: Սևանը փրկելու համար որոշվեց օգտագործել Արփա գետի ջուրը, որի մեծ մասն անօգուտ էր հոսում: Դրա համար անհրաժեշտ էր ստեղծել այնպիսի մի կառույց, որի օգնությամբ հնարավոր լիներ թունելի միջով գետի ջուրը բերել դեպի լիճ։ Կառույցի շինարարությունն սկսվեց 1963 թ.։ Ջերմուկ առողջարանից ոչ հեռու, Կեչուտ գյուղի մոտ կառուցվեց 40 մ խորությամբ խոշոր մի ջրամբար, որտեղ կուտակվում են Արփա գետի ջրերը և բետոնապատ թունելի միջով հոսում դեպի Սևան։ Ճանապարհին թունելը հատում է Եղեգիս գետը՝ իր մեջ առնելով նաև նրա ջրերը: Շինարարությունն արագացնելու նպատակով թունելագործները Վարդենիսի լեռնաշղթայում փորեցին մի քանի հարյուր մետր խորությամբ չորս ուղղաձիգ հորան, որոնք հնարավորություն տվեցին թունելի փորման աշխատանքներն սկսել միաժամանակ տասնմեկ ճակատներից։ Կառույցը համաժողովրդական բնույթ ստացավ, աշխատանքներին մասնակցում էին Հայաստանի տարբեր շրջաններից ու եղբայրական հանրապետություններից եկած բանվորներ ու մասնագետներ, որոնք հերոսաբար հաղթահարեցին եղած բազմաթիվ դժվարությունները։ Թունելն անցնում էր կարծր քարերի միջով։ Շատ տեղերում առաջանում էին վտանգավոր փլուզումներ: Անասելի ծանր պայմաններ էին ստեղծում ստորգետնյա ջրերի հեղեղումները, մինչև 48 աստիճանի հասնող ջերմությունը և թունավոր գազերի պայթյունները։ Թունելի որոշ հատվածներ անհրաժեշտ եղավ ամրակապել երկաթբետոնե խոշոր սալերով, որոնք իրենց վրա են կրում լեռնային զանգվածի ճնշումը։ Այս բարդ, մեծ ծախսեր պահանջող կառույցի շինարարությունը տևեց տասնութ տարի և ավարտվեց 1981 թ.. Շինարարների բազմազգ կոլեկտիվը ստեղծեց բնությունը պահպանող և դարերի կյանք ունեցող Եզակի մի կառույց։