Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Ածխածին

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Diamond-and-graphite-with-scale.jpg

Ածխածինը՝ «ածուխ ծնողը», քիմիական ամենազարմանալի տարրերից է: Նրա պատմությունը երկրի վրա կյանքի առաջացման և զարգացման պատմությունն է, որովհետև ածխածինը մտնում է բոլոր կենդանի օրգանիզմների բաղադրության մեջ։

Իսկ ինչպիսի՞ տեսք ունի ածխածինը։ Կատարենք մի քանի փորձ: Վերցնենք շաքարը և տաքացնենք օդի բացակայությամբ։ Սկզբում այն կհալվի, կդառնա շագանակագույն, իսկ հետո կսևանա և կվերափոխվի ածխի: Այդ ընթացքում կանջատվի ջուր։ Եթե հիմա ածուխը տաքացնենք թթվածնի ներկայությամբ, ապա այն կայրվի առանց մնացորդի և կվերափոխվի ածխաթթվական գազի: Նշանակում է, շաքարը կազմված է ածխից և ջրից: Իսկ «շաքարի» ածուխը սև փափուկ փոշի է, որն էլ հենց մաքուր ածխածինն է, որովհետև ածխաթթվական գազը ածխածնի միացությունն է թթվածնի հետ:

Վերցնենք մոխրագույն փափուկ քարը՝ գրաֆիտը։ Դուք այն շատ լավ եք ճանաչում, նրանից են պատրաստում հասարակ մատիտների միջուկաձողերը։ Եթե գրաֆիտը տաքացնենք թթվածնի ներկայությամբ, այն ևս կայրվի առանց մնացորդի, չնայած մի քիչ ավելի դանդաղ, քան ածուխը: Իսկ փորձասարքում, որտեղ այն այրվում էր, կմնա ածխաթթվական գազը: Նշանակում է, գրաֆիտը նույնպես մաքուր ածխածին է։

Եթե այդ նույն փորձասարքում թթվածնի ներկայությամբ շիկացնենք ալմաստը, որը թափանցիկ, շողշողուն թանկարժեք քար է, բոլոր միներալներից ամենակարծրը, ապա այն նույնպես կայրվի՝ փոխակերպվելով ածխաթթվական գազի: Իսկ եթե ալմաստը տաքացնենք թթվածնի բացակայությամբ, այն կվերափոխվի գրաֆիտի։ Իսկ շատ բարձր ճնշումների և ջերմաստիճանների պայմաններում կարելի է գրաֆիտից ստանալ ալմաստ:

Այսպիսով, գրաֆիտը և ալմաստը միևնույն տարրն են՝ ածխածինը։ Սակայն ավելի զարմանալի է այն նյութերի բազմազանությունը, որոնց բաղադրության մեջ ածխածին կա։ Արդեն հայտնի են մոտ երեք միլիոն միացություններ, որոնց հիմքը ածխածինն է: Նման բազմազանության պատճառն այն է, որ ածխածնի ատոմները կարող են ամուր կապերով միանալ միմյանց և ուրիշ ատոմների հետ՝ առաջացնելով շղթայաձև, օղակաձև և այլ տեսքի բարդ մոլեկուլներ:

Անսահման շատ են այն ձևերը, որոնք կարելի է կառուցել ածխածնի ատոմներից, ուստի և անսահման է նրա հնարավոր միացությունների թիվը: Դրանք կարող են լինել և շատ հասարակ նյութեր, օրինակ, այսպես կոչված լուսագազը՝ մեթանը, որի մոլեկուլում ածխածնի մեկ ատոմը միացած է ջրածնի չորս ատոմների հետ։ Բայց կարող են լինել այնպիսի բարդ նյութեր, որոնց մոլեկուլների կառուցվածքը դեռևս լրիվ պարզված չէ։ Դրանցից են, օրինակ Երկրի բոլոր կենդանի օրգանիզմների հիմքը կազմող սպիտակուցները:

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված, վերցված է «Ի՞նչ է, ո՞վ է» հանրագիտարանից, որի նյութերը բաց շրջանառության մեջ են՝ Creative Commons BY-SA 3.0 արտոնագրրի հիման վրա։