Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Թռչուններ

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Bird Diversity 2011.png

Թռչունները տաքարյուն կենդանիներ են։ Մարմնի ջերմաստիճանը բավականին բարձր է և կայուն։Կարող է հասնել +40-+43 °С Ձմռանը թռչունների ջերմաստիճանն օդի ջերմաստիճանին կարող է գերազանցել 60-70°С-ով և կախված չէ միջավայրի ջերմաստիճանից։ Թռչունների առջևի վերջույթները ձևափոխվել են թևերի, սիրտը քառախորշ է, ունեն լավ զարգացած թոքեր, մարմինը ծածկված է փետուրներով, մաշկը զուրկ է գեղձերից, բազմանում են ցամաքում։ Սողունների համեմատությամբ ունեն լավ զարգացած նյարդային համակարգ։

Թռչունները հարմարվել են տարբեր էկոլոգիական պայմաններին։ Հայտնի է թռչունների ավելի քան 8 հազար տեսակ, որոնք միավորվում են 3 հիմնական խմբերում՝ ողնուցավորներ, անողնուցավորներ, լողացողներ կամ պինգվիններ։ Թռչունների մարմինը կազմված է ոչ մեծ գլխից, երկար շարժուն պարանոցից, կլորավուն կամ ձվաձև իրանից և վերջույթներից։

Թռչունների մաշկը բարակ է, զուրկ է գեղձերից, բացառությամբ պոչուկային գեղձը, որը լավ է զարգացած հատկապես ջրալող թռչունների մոտ։ Այդ գեղձի արտադրանքով թռչուններն օծում են իրենց փետուրները և չեն թրջվում։ Ծնոտները ձևափոխվել են եղջերավոր կտուցի, որ կազմված է վերնակտուցից և ենթակտուցից։ Կտուցի ձևը և մեծությունը տարբեր թռչունների մոտ տարբեր է և համապատասխանում է նրանց սնման առանձնահատկություններին։ Կտուցի միջոցով թռչունները կեր են հայթայթում, բույն կառուցում, պաշտպանվում են թշնամիներից։ Վերնակտուցի հիմքում գտնվում են քթանցքերը։ Թռչուններն ատամներ չունեն, որը թեթևանցնում է գլուխը և նպաստում է թռիչքին։ Գլխի կողքերին տեղավորված են խոշոր աչքերը։ Աչքերը, բացի վերին և ստորին կոպերից, ունեն նաև երրորդ կոպ՝ թարթող թաղանթ։ Գլխի վրա են գտնվում նաև լսողական անցքերը։ Թռչունների մարմինը ծածկված է փետուրներով, իսկ ոտքի ստորին մասը՝ կրնկաթաթը և մատները, զուրկ են փետուրներից, ծածկված են եղջերային թեփուկներով, մատների ծայրերն ունեն ճիրաններ։

Փետուրներն ըստ կառուցվածքի և կատարած ֆունկցիայի բազմազան են։ Տարբերում են ուրվագծային փետուրներ, աղվափետուրներ և բմբուլ։ Ուրվագծային փետուրները նույնպես բազմազան են, տարբերում են ուրվագծային թափափետուրներ, ղեկափետուրներ և ծածկափետուրներ։ Ուրվագծային փետուրները կազմված են սնամեջ բնից և բնի երկու կողքերին տեղավորված թիթեղանման հովհարներից։ Բունը կազմված է առանցքից, որին միանում են հովհարները։ Հովհարները կազմված են առանցքից դուրս եկող առաջին կարգի քիստերից, որոնցից դուրս են գալիս երկրորդ կարգի քիստերը։

Այդպիսի կառուցվածքը փետուրները դարձնում է ճկուն, թեթև և օդի համար գրեթե անթափանց։ Թափափետուրները գտնվում են նախաբազկի և դաստակի վրա, որոնք ստեղծում են թևերի մակերեսը, իսկ ղեկափետուրները հովհարաձև դասավորված են պոչի վրա։ Ուրվագծային փետուրների տակ գտնվում են աղվափետուրները։ Դրանք թռչունների մարմինը պաշտպանում են սառչելուց՝ կատարելով ջերմակարգավորիչ ֆունկցիա։ Թռչուններն ունեն նաև, այսպես կոչված, բմբուլ, որն ունի թելանման փափուկ քիստերի փնջի տեսք։ Թռչուններին հատկանշական է փետրափոխությունը։