Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Գուրգեն Մահարի

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Գուրգեն Մահարի

Գուրգեն Մահարի տոհմական ազգանունը Մուրադխանյան է։ Գորգավաճառությամբ զբաղվող նրա նախնիները սերում են Պարսկաստանից։ Վանում նրանք կնքվել են Աճեմյան ազգանունով, որ կազմված է «աջեմ» կամ «աջամ» բառից, որ արաբերեն նշանակում է «օտարածին»։ Գուրգեն Մահարին ծնվել է 1903 թվականի օգոստոսի 1-ին (նոր տոմարով՝ 14) Արևմտյան Հայաստանի Վան քաղաքում: Գ. Մահարին դեռ 8 տարեկան էր, երբ նրա քեռին իբր թե պատահական արձակված կրակոցից սպանում է հորը։ Նախնական կրթությունը ստացել է տեղի «Նորաշեն» և «Երեմեան» վարժարաններում։ Մինչև Առաջին համաշխարհային պատերազմն ու հայոց ցեղասպանությունը ապրել է սովորական կյանքով։ 1915 թվականի կոտորածների ժամանակ գաղթել է Արևելյան Հայաստան։ Ճանապարհին պատանի Գուրգենի քեռին լքում է սեփական մորը, քրոջն ու քրոջ ընտանիքին՝ նրանց թողնելով բախտի քմահաճույքին։ Գաղթի ճանապարհին մահանում է Գուրգենի տատը։ Արևելյան Հայաստանում Մահարին մեծանում է Երևանի ու Դիլիջանի որբանոցներում և հետագայում սովորում Երևանի պետական համալսարանի պատմա-լեզվագրական ֆակուլտետում[2]։ Մի քանի տարի անց նա գտնում է իր կորած մորն ու մյուս հարազատներին։ Հետագայում նա այս ամենի մասին պատմում է իր «Մանկություն» վիպակում։ Որբանոցներից մեկում նա ծանոթացել է Եղիշե Չարենցի հետ։ Սկսվել է նրա ստեղծագործական կյանքը։ 1918 թվականից բանաստեղծություններ է տպագրել «Աշխատանք», «Վան-Տոսպ» և այլ թերթերում։ Գ. Մահարին որբանոցային կյանքի թափառումների մասին պատմել է «Պատանեկություն» վիպակում։ Նրա գրական գործունեությունն ընդհատվում է 1936 թվականի oգոստոսի 9-ին, երբ անհիմն մեղադրանքով ստալինյան ռեպրեսիայի արդյունքում նա դատապարտվել է 11 տարվա բանտարկության և հայտնվել հեռավոր Սիբիրի կալանավայրերում։ Առաջին բանտային աքսորից Գ. Մահարին վերադարձել է 1947 թվականին, երբ արդեն մահացել էր նրա սիրելի մայրը, իսկ կինը հրաժարվել էր նրանից։ Իր իսկ խոսքերով ասած՝ նա հայտնվել էր հարազատ Երևանում, որն արդեն օտար էր իրեն։ Բանտային աքսորից վերադառնալուց ուղիղ 444 օր հետո՝ 1949 թվականին, Գ. Մահարին, որպես անբարեհույս տարր, կրկին աքսորվել է Սիբիր, բայց այս անգամ որպես ազատ աքսորյալ, ոչ որպես կալանավոր։ Ի տարբերություն նախորդ բանտային աքսորի` այս անգամ նրան թույլատրվել է կարդալ և գրել։ Երկրորդ աքսորի ժամանակ նա աշխատել է որպես խոզապահ։ Միաժամանակ գրել է իր «Երիտասարդության սեմին» վիպակը։ Այս աքսորի ժամանակ էլ նա ծանոթացել է իր երկրորդ կնոջ՝ լիտվուհի Անտոնինա Պովիլայտիտեի հետ։ Աքսորավայրում 1952 թվականին նրանք ամուսնացել են, ունեցել երկու զավակ։