Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Բյուրեղներ

Vikidia-ից
Jump to navigation Jump to search

Ձմեռային խաղաղ մի օր, երբ դանդաղ իջնում է ձյունը, դուրս եկեք փողոց և ուշադիր նայեք փաթիլներին: Այդ աստղիկները կազմված են սառցե նուրբ ասեղիկներից։ Երբեմն-երբեմն միայն կտեսնեք վեցանկյունաձև ամբողջական թիթեղիկներ:

Փաթիլները միշտ վեց ճառագայթ են ունենում։ Եվ այնուամենայնիվ, նրանք տարբերվում են իրարից. ամեն անգամ սառցե ասեղիկները դասավորվում են նոր արտասովոր զարդանախշով: Մի գիտնական լուսանկարել է 2500 փաթիլ, և նրանք բոլորն էլ իրարից տարբեր էին։

Գետի հաստ սառույցը կազմված է մատիտների նմանվող վեցանկյուն սյունիկներից, որոնք կարելի է տեսնել գարնան հալոցքի ժամանակ։ Եվ փաթիլների ասեղիկները՝ «մատիտիկները», սառած ջրի բյուրեղներ են:

Սառույցի մանրիկ մասնիկները չէ միայն, որ բյուրեղներ են անվանում։ Գրեթե բոլոր քարատեսակները, գրեթե բոլոր ապարները կազմված են բյուրեղներից: Մետաղների հանքաքարերը և այդ հանքաքարից ստացվող մետաղները՝ աղը, շաքարը և մեզ շրջապատող շատ ուրիշ նյութեր, բյուրեղային նյութեր են: Ամենագեղեցիկ բյուրեղները թանկարժեք քարերն են:

Բյուրեղներն օժտված են յուրատեսակ հատկություններով, որոնք կախված են ոչ միայն այն բանից, թե ինչ ատոմներից են կազմված այդ բյուրեղները, այլև թե այդ ատոմներն ինչպես են դասավորված: Բյուրեղների ներքին աշխարհը թափանցելուն օգնեցին ռենտգենյան ճառագայթները, հենց այն ճառագայթները, որոնցով պոլիկլինիկաներում նկարահանում են հիվանդի այս կամ այն ներքին օրգանը: Պարզվեց, որ բյուրեղում ամեն ատոմ կապված է որոշակի թվով հարևան ատոմների հետ, որոնք նույնպես դասավորված են որոշակի կարգով: Յուրաքանչյուր բյուրեղի համար այդ թիվն ու կարգը միշտ հաստատուն են:

Ամեն մի նյութի բյուրեղ իրեն հատուկ ձևն ունի: Կատարեք այսպիսի մի փորձ: Տաք ջրով լի անոթում այնքան աղ լուծեք,որ այն այլևս չլուծվի։ Բարակ մետաքսա թելի ծայրին կապեք աղի մի ավելի խոշոր բյուրեղ: Երբ լուծույթը սառչի, անոթի մեջ իջեցրեք այդ բյուրեղը։ Մի քանի օր անց կտեսնեք, որ բյուրեղը խոշորացել է: Մետաքսաթելի վրա կարող է գոյանալ նույնիսկ բյուրեղների գեղեցիկ մի շարան, և քանի անգամ էլ կրկնեք այդ փորձը, նրանք բոլորն էլ կունենան նույն ձևը։ Բայց որոշ նյութեր ունեն բյուրեղային ոչ թե մեկ, այլ երկու, երեք և նույնիսկ ավելի, խիստ որոշակի ձևեր։ Այդպիսին է օրինակ ածխածինը: Նայած, թե ինչպես են դասավորված նրա ատամները, այն դառնում է կամ ալմաստ` գեղեցիկ, թափանցիկ, աշխարհում ամենակարծր քարը, կամ մոխրասև փափուկ գրաֆիտ, որը դուք տեսնում եք մատիտի մեջ: Բյուրեղներն այլ հատկություններ էլ ունեն, բյուրեղի երկայնքով և լայնքով ջերմությունը միատեսակ չի հաղորդվում: Տաքացնելիս բյուրեղը տարբեր ուղղություններով, տարբեր չափով է ընդարձակվում։ Գիտնականները ջանադիր ուսումնասիրում են բյուրեղները: Այսօր մանրադիտակից և ռենտգենյան ճառագայթներից բացի, նրանց ուսումնասիրման համար կան շատ այլ միջոցներ: Բյուրեղներից պատրաստում են խիստ անհրաժեշտ բազմաթիվ առարկաներ։ Օրինակ, կիսահաղորդիչ բյուրեղները կիրառվում են ռադիոտեխնիկայում: Ժամացույցի քարերը նույնպես բյուրեղներ են: Բյուրեղները բազմաթիվ ուրիշ կիրառություններ էլ ունեն: