Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Աստղեր

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Pleiades large.jpg

Աստղերը երկնքում երևում են փոքրիկ թարթող կրակների նման։ Իրականում յուրաքանչյուր աստղ ինքնալուսարձակող, շիկացած, գազային հսկա գունդ է, որը կազմված է, հիմնականում, ջրածնից և հելիումից։ Արեգակն աստղերից մեկն է, իսկ աստղերը մեզանից շատ հեռու գտնվող արեգակներ են: Աստղերի ընդերքում գազերն ուժեղ սեղմված են ու շիկացած, դրանց ջերմաստիճանը հասնում է միլիոնավոր աստիճանների։ Ենթադրվում է, որ այդպիսի պայմաններում ջրածինն աստիճանաբար փոխարկվում է հելիումի։ Նման փոխարկումներն անվանում են միջուկային ռեակցիաներ: Այդ ռեակցիաների ժամանակ աստղի նյութի մի մասը փոխակերպվում է լույսի ճառագայթների: Այսպես, օրինակ, Արեգակը լուսավորում է և «հալվում», այսինքն՝ յուրաքանչյուր վայրկյանում իր քաշից կորցնում է 4 մլն․ տոննա։ Նյութի այդ քանակությունը փոխարկվում է լույսի կամ, ինչպես ասում են, ճառագայթման։ Արեգակնային այդ նյութով կարելի կլիներ բեռնել 4 հզ․ ապրանքատար գնացք՝ յուրաքանչյուրը կազմված 50 վագոնից: Չնայած դրան, Արեգակի նյութի պաշարներն այնքան շատ են, որ Արեգակն ու մյուս աստղերը միլիարդավոր տարիներ կարող են մնալ որպես ինքնալուսարձակող մարմիններ: Աստղերը չափերով շատ են տարբերվում միմյանցից։ Կան այնպիսի աստղեր, որոնք ծավալով միլիարդավոր անգամ գերազանցում են Արեգակին։ Բայց կան թզուկ աստղեր, որոնք նույնիսկ Երկրից փոքր են:

Չնայած աստղերի չափերը տարբեր են, սակայն յուրաքանչյուր աստղում նյութի քանակությունը մոտավորապես նույնն է: Այդ պատճառով հսկա աստղերը շատ նոսր են, իսկ թզուկ աստղերը, ընդհակառակը, մեծ խտություն ունեն։ Ամենաջերմ աստղերը սպիտակ են կամ երկնագույն։ Որոշ աստղեր կարմրավուն են: Դրանք համեմատաբար սառն աստղեր են, որոնց մակերևույթի ջերմաստիճանը չի գերազանցում 2-3 հզ․ աստիճանը: Մեր Արեգակը պատկանում է դեղին աստղերի թվին, նրա մակերևույթի ջերմաստիճանը 6 հզ․ աստիճան է:

Մութ գիշերին ամբողջ երկնքում անզեն աչքը տեսնում է մինչև 6 հզ․ աստղ: Բայց նույնիսկ փոքր աստղադիտակով կարելի է հաշվել միլիոնավոր աստղեր։ Ամենապայծառ, երկնակամարում նշմարելի աստղերը հին աշխարհի գիտնականները միավորել են համաստեղություններում։ Յուրաքանչյուր համաստեղություն նրանք անվանել են, որպես կանոն, հեքիաթային, առասպելական մի անունով։ Այդպես են ասպարեզ եկել Մեծ արջ, Կասիոպեա, Եզնարած և այլ համաստեղությունները։

Պետք է հիշել, որ համաստեղությունները երկնքում տեսանելի պայծառ աստղերի թվացող խմբեր են։ Միևնույն համաստեղության աստղերը տարածության մեջ կարող են երբեմն իրարից շատ հեռու գտնվել: Սակայն կան իրար շատ մոտ գտնվող աստղեր։ Աստղերի այդպիսի զույգերը կոչվում են կրկնակի աստղեր։ Հայտնի են նաև բազմակի աստղեր՝ մի քանի աստղերի համախմբություններ: Եվ վերջապես, Տիեզերքում կան նաև աստղասփյուռներ, աստղակույտերի հարյուրավոր ու հազարավոր աստղերի միավորումներ։

Որոշ աստղեր փոխում են իրենց պայծառությունը, և դրանց անվանում են փոփոխական աստղեր։