Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Օձեր

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
ColuberNummifer(Jerusalem).jpg

Օձերը ողնաշարավորների տիպի սողուններ են: Հայտնի է 26 ընտանիքի շուրջ 2978 տեսակ, Հայաստանի Հանրապետությունում՝ 4 ընտանիքի (կույր օձեր, վիշապներ, իժեր, լորտուներ) 23 տեսակ։ Հայտնի են օձերի տեսակներ՝ ցամաքային, կիսաջրային, ծովային։ Տարբեր տեսակների հասուն օձերի մարմնի երկարությունը 7,5 սանտիմետրից-12 մետր է, զանգվածը՝ 5 գ-200 կգ, կյանքի տևողությունը՝ 8-40 տարի։ Ունեն բերանի լայն բացվածք: Ատամները շատ սուր են: Օձերի թոքերը զարգացած են անհամաչափ. աջը սովորաբար ուժեղ է զարգացած: Շնչառությունը կատարվում է մարմնի բոլոր մկանների կծկումների շնորհիվ։ Անհանգստության ժամանակ առաջացող խորը շնչառումն ուղեկցվում է յուրահատուկ ֆշշոցով։ Արտաքին ականջ չունեն. լսողությունը գրեթե զարգացած չէ, տեսողությունը զարգացած է համեմատաբար լավ։

Օձերը տարածված են երկրագնդի բոլոր անկյուններում, բայց տեսակների բազմազանությամբ շատ են հատկապես արևադարձային երկրներում։ Օձերը վարում են ցամաքային, կիսաջրային, ծովային, ծառաբնակ և ստորգետնյա կենսակերպ։ Բազմանում է ձվադրությամբ, ձվակենդանածնությամբ կամ կենդանածնությամբ (2-100 ձու)։ Ձվերը ծածկված են փափուկ թաղանթով։ Թունավոր տեսակների թույնն օգտագործվում է բժշկության մեջ։ Մաշկն արժեքավոր է։ Օձի չոր մաշկը ծածկված է թեփուկներով։ Տեղաշարժվում է՝ փորի վրայի թեփուկներով գետնին հենվելով: Օձերը նաև լողում են։ Ծովային օձերի ողջ կյանքն անցնում է ջրում։ Ժամանակ առ ժամանակ օձերը մաշկափոխվում են, նույնիսկ աչքերի վրայի կլոր, թափանցիկ թաղանթն է ընկնում: Կաշին մնում է և նույնիսկ այնպես է փայլում, ասես լաքած լինի։

Մարդկանց վրա օձերը գրեթե չեն հարձակվում։ Օձը խայթում է, երբ նրան տրորում են կամ ձեռքը մտցնում նրա թաքստոցը։ Օձի թույնը որսի և պաշտպանության նույնպիսի զենք է, ինչպես գիշատիչների ժանիքներն ու ճանկերը։ Օձերը չեն կծում, այլ «կտցահարում» են՝ թույնը ներարկելով ատամներով առաջացրած վերքի մեջ։ Ատամները շատ սուր են։ Լեզուն շոշափում է շրջապատը, այն օձի շոշափելիքի օրգանն է:

Բացի թունավոր օձերից, կան նաև բազմաթիվ ոչ թունավոր օձեր։ Մարդիկ հաճախ անխտիր ոչնչացնում են օձերին. փոքրերին՝ թույնի վախից, մեծերին՝ հանուն շահույթի։ Օձերի կաշվից գեղեցիկ պայուսակներ, գոտիներ և կոշիկներ են պատրաստում։ Օգտակարությունն այն է, նրանց թույնից պատրաստում են արժեքավոր դեղորայք, իսկ թունավոր օձերի խայթոցի դեմ հատուկ շիճուկ են կիրառում։ Օձի թույն ստանալու նպատակով այժմ օձեր են բազմացնում բուծարաններում։ Օձից թույնը վերցնում են՝ նրան ստիպելով «կծել» ապակե փոքրիկ բաժակի շուրթը։ Շատ օձեր ամիսներ շարունակ թույն են տալիս։ Օձերն այլ օգուտ էլ են տալիս. ոչնչացնում են բազմաթիվ վնասատու կրծողների։