Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Տորք Անգեղ

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Tork Angegh.JPG
Ըստ Մովսես Խորենացու «Հայոց պատմության»՝ Տորք Անգեղը Հայկ Նահապետի թոռ Պասքամի որդին է: Նա բարձրահասակ, կոպիտ կազմվածքով, դժնի հայացքով, վիթխարի ուժի տեր հսկա է, որին տգեղության պատճառով Անգեղ են կոչել։ Տորքը ձեռքով որձաքար ապառաժներ է ճեղքում, եղունգներով տաշում, դարձնում տախտակներ և դարձյալ եղունգներով դրանց վրա արծիվներ քանդակում։
  Տորք Անգեղը մի հովիվ էր, բայց ոչ հասարակ, այլ դյուցազնական: Առյուծները և վագրերը նրան տեսնելիս՝ մոտ էին գալիս՝ կարծելով, թե նա էլ է գազան, և նա է իրենց զորավոր արքան: Մի գարուն Տորքին թախիծ է պատում, որից նա ազատում չէր գտնում: Օրեր, գիշերներ թափառում էր նա՝ թախծոտ աչքերն արևին հառած: Աստղիկ դիցուհին վերևից տեսնելով նրան, իջնում է նրա մոտ և հարցնում տխրության պատճառը: Տորքը պատասխանում է, որ իր թախծի պատճառն իր միայնությունն է, առանց սիրո մնալը. և ո՞վ կսիրի իր նման աժդահա ու տգեղ մեկին: Եվ սիրո դիցուհին նրան հայտնում է չքնաղ կույս Հայկանուշի մասին, ո՛րը միայն կարող է սիրել Տորքին: Տորքը գտնում է գեղեցկուհուն, փոխադարձ սեր գտնում նրանից և թախիծը փարատում:

Տորք Անգեղը չի գործածում ոչ թուր և ոչ նետ, այլ միայն իր տեսքով սարսափ է ազդում թշնամիների ու չարագործների վրա: Բայց երբ նրանք երես են առնում, այն ժամանակ նա դիմում է ուժին: Չարժե նրան զայրացնել, որովհետև այն ժամանակ արդեն փրկություն չի լինի: Մի անգամ թշնամիները նավով գալիս են Պոնտական կամ Սև ծովի ափ և այնտեղից հարձակվում Հայոց բնակավայրերի վրա: Մեծ ավերածությունների ու կոտորածի լուրը հասնում է Տորքին և նա ելնում է թշնամիների դեմ: Վերջիններս, սարսափած նրա վիթխարի հասակից, ամեհի ուժից և իրենց շարքերում գործած կոտորածից, վազում են դեպի Պոնտոսի ափ՝ իրենց նավերով փախչելու հսկայից: Տորքը մի փոքր ուշ է հասնում, երբ թշնամիների տորմիղը ափից բավականին հեռացել էր, և ինքն այլևս չէր կարող հասնել նրանց: Եվ գազազած հսկան լեռներից բլրաչափ ժայռեր է պոկում ու նետում նրանց ետևից: Ծովում, ժայռերի անկման վայրում, զորեղ ալեկոծություն է բարձրանում, և թշնամիների նավերը խորտակվում են: