Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Տիկնիկային թատրոն

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Teatro dei burattini.jpg

Տիկնիկներ ունեցել են աշխարհի բոլոր ժողովուրդները թե՜ հազար, թե՜ տաս հազար տարի առաջ։

Տիկնիկ պատրաստում էին կավից, փայտից, ծղոտից կամ լաթից։ Եվ երեխաները խաղում էին դրանցով․ քնեցնում էին, բուժում, որսում կավե կամ փայտե եղջերուներ, փղեր, գետաձիեր։ Բայց դա նույնպես թատրոն է, տիկնիկային թատրոն, քանի որ նրա դերասանները տիկնիկներ են։

Հին ժամանակներում մեծահասակներն աստվածներին պատկերող ֆիգուրներ էին պատրաստում։ Բոլոր ժողովուրդներն էլ շատ աստվածներ ունեին՝ արևի, ջրի, պատերազմի, որսորդության, նույնիսկ աքլորականչի։ Այդ աստվածներին պատրաստում էին փայտից, ծեփում կավից կամ էլ կաշվից ստվերային (հարթ) ֆիգուրներ էին ձևում և ճրագի լույսի տակ ցուցադրում ձգված պաստառի վրա։ Մինչև օրս էլ շատ երկրներում, հատկապես Հարավային Ամերիկայում, Աֆրիկայում, Հարավ-Արևելյան Ասիայում, ցուցադրվում են տիկնիկային ներկայացումներ։

Այժմ տիկնիկային թատրոններում աշխատում են իսկական դերասաններ։ Նվագում են նվագախմբեր։ Տիկնիկներն ու դեկորները պատրաստում են հատուկ արհեստանոցներում։

Տիկնիկ խաղացնելու չորս հիմնական ձև կա․ մատներով, թելերով, ձողերով և ստվերային ֆիգուրներով։ Աշխարհի շատ թատրոններում այդպիսի տիկնիկներով խաղում են նաև այժմ։ Տիկնիկի մատներին հագցրած դերասանը կանգնում է վարագույրի ետևում ու վեր բարձրացնում ձեռքը։ Տիկնիկը երևում է վարագույրի վերևում։

Թելերով տիկնիկը ղեկավարում է վերևից։ Դերասանը ձեռքերով պահում է երկու, երեք, չորս խաչաձևով փայտիկներ, որոնց թելեր են կապված։ Թելերի ծայրերն ամրացված են տիկնիկի գլխին, ուսերին, արմունկներին, ծնկներին։ Դերասանը ձգում է թելերը կամ պտտում փայտիկները, և տիկնիկը քայլում է, թափահարում ձեռքերը, շրջում գլուխը։

Ձողերով տիկնիկը դերասանը պահում է իրենից վեր և վարագույրի ետևից նրան խաղացնում այնպես, ինչպես մատներին հագցրած տիկնիկը։ Հիմնական ձողն անցնում է տիկնիկի ամբողջ մարմնով, մինչև գլուխը, երկու այլ ձողեր գնում են դեպի ձեռքերը։ Հանդիսականները սովորաբար չեն տեսնում ձողերը, դրանք ծածկված են լինում տիկինիկի հագուստներով։

Ստվերային ֆիգուրները սովորաբար ձևում են թափանցիկ կաշվից և գույնզգույն ներկում, այնպես որ ստվերը երփներանգ է ստացվում։