Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Վոլֆգագն Ամադեուս Մոցարտ

Ավելի քան երկու հարյուր տարի առաջ ամբողջ Եվրոպայում խոսում էին Ավստրիայի Զալցբուրգ քաղաքում ապրող հնգամյա զարմանալի երաժիշտ Վոլֆգանգ Մոցարտի մասին։ Պատմում էին, որ այդ «հրաշամանուկը» չտեսնված վարպետությամբ կլավեսին, ջութակ և երգեհոն է նվագում։ Տղան օժտված էր հանպատրաստից ստեղծագործելու, այսինքն՝ երաժշտական երկը հենց նվագելիս հորինելու ապշեցուցիչ ձիրքով։ Նրա այդ ձիրքը հիացնում էր ոչ միայն երաժշտասերներին, այլև հայտնի կոմպոզիտորներին «Այս տղան կգերազանցի բոլորիս»,―խստովանում էին նրանցից շատերը։ Գրեթե ակնթարթում նա ստեղծում էր անկրկնելի ու թովիչ մեղեդիներ։ Լինելով զարմանալի քաղցրալուր ու կենդանի դրանք շատ պարզ էին թվում։ Բայց որքա՜ն բազմազան էին այդ մեղեդիները՝ մերթ պարի նման նրբագեղ ու աշխույժ, մերթ երգի նման թախծոտ ու մտերմիկ, մերթ էլ վարակիչ կենսուրախ։ Հանճարեղ տղայի մասին պատմությունները նման էին լեգենդի․ լրագրերը հաղորդում էին Գերմանիայում, Անգլիայում, Շվեյցարիայում, Իտալիայում, Ֆրանսիայում տված նրա արտասովոր համերգների մասին։ Ֆրանսիացիներն ի պատիվ վեցամյա կոմպոզիտորի առաջին անգամ տպագրեցին ջութակի և կլավեսինի համար գրած նրա ստեղծագործությունները։ Մոցարտը շատ էր աշխատում։ Պատահում էր, օրական երկու համերգ էր տալիս, երաժշտություն գրում նույնիսկ գիշերը։

Երբ լրացավ Մոցարտի տասնչորս տարին, Իտալիայի Միլան քաղաքի օպերային հայտնի թատրոնը նրան պատվիրեց գրելու «Պոնտոսի արքա Միհրդատը» օպերան։ Այն բեմադրվեց 1770 թ և հսկայական հաջողություն ունեցավ։ Մոցարտը բարդ քննություն բռնեց նաև Բոլոնիա քաղաքի երաժշտական ակադեմիայում։ Մեկ ձայնով կատարվող հնագույն մեղեդու հիման վրա նա կես ժամում մի բարդ ստեղծագործություն գրեց ամբողջ երգչախմբի համար։ Եվ տասնչորսամյա Մոցարտը դարձավ ակադեմիայի անդամ։ Իտալիայում նա գրեց շատ երգեր, սերենադներ, սիմֆոնիաներ, կվարտետներ։

Ճանապարհորդությունների ընթացքում Մոցարտը ծանոթանում էր Իտալիայի, Ֆրանսիայի, Անգլիայի, Բելգիայի, Հոլանդիայի երաժշտությանը։ Նրան դուր էին գալիս այդ երկրներում հնչող ժողովրդական մեղեդիները։ «Երաժշտական թափառումները» լուրջ ու կարևոր դպրոց եղան։ «Ոչ ոք յնքան ջանք չի թափել երաժշտություն ստեղծելու օրենքներն ուսումնասիրելու համար, որքան ես։ Ջանասիրաբար և հանգամանորեն ուսումնասիրել եմ բոլոր հայտնի կոմպոզիտորների ստեղծագործությունները։ Ես սովորել եմ նրանցից», ―հետագայում գրել է Մոցարտը․

Նրա առաջին ուսուցիչը հայրն էր, որը հայտնի մանկավարժ էր, կոմպոզիտոր, գերազանց ջութակահար և չոր ու գործարար մի մարդ էր։ Վոլֆգանգը ժառանգել էր մոր բնավորության գծերը։ Լինելով դյուրահավատ ու պարզ մարդ՝ հեշտ էր մտերմանում մարդկանց հետ,իսկ կենցաղային գործերից գլուխ չէր հանում։ Պաշտոնի և փողի համար չէր նվաստանում մեծատոհմիկների առջև, չէր հաշտվում պալատական երաժշտի ստորաքարշ վիճակի հետ։