Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Վիլյամ Սարոյան

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Վիլյամ Սարոյան 1.jpg

Վիլյամ Սարոյանը ծնվել է Արևմտյան Հայաստանի Բիթլիս քաղաքից Ֆրեզնո գաղթած հայի ընտանիքում։ 4 տարեկանում զրկվել է հորից, որոշ ժամանակ ապրել է որբանոցում։ Այնուհետև մայրը որդուն հանել է որբանոցից, կրթության տվել։ Ընտանիքի հոգսն ստիպել է պատանուն թողնել դպրոցը և փողոցներում լրագիր վաճառել, ապա դարձել է հեռագրական ցրիչ։ Աշխատանքը, սակայն, նրան չի խանգարել զբաղվելու ընթերցանությամբ, նաև ստեղծագործել է․ գրել է փոքրիկ պատմվածքներ։ Բոստոնի «Հայրենիք» շաբաթաթերթում 1933 թվականին տպագրվել է նրա առաջին պատմվածքը՝ Սիրակ Գորյան ստորագրությամբ։ Սարոյանի պատմվածքների առաջին ժողովածուն՝ «Խիզախ պատանին թռչող ճոճաձողի վրա․․․», լույս է տեսել 1934 թվականին և միանգամից ճանաչում բերել երիտասարդ գրողին։

1939 թվականին «Կյանքիդ ժամանակը» պիեսի համար Սարոյանն արժանացել է Նյու Յորքի քննադատների և մրցանակների, բայց վերջինից հրաժարվել է՝ պատճառաբանելով, որ պետությունը չպիտի խառնվի գրականության գործերին։

Իր գրական կյանքի առաջին տասնամյակում Սարոյանը գրել է հարյուրավոր պատմվածքներ, որոնց մի մասը զետեղվել է ավելի քան 10 ժողովածուում։ Դրանք բնական և ճշմարիտ պատկերների ու կերպարների մի ամբողջ շարք են․ Սարոյանն ընթերցողի հետ խոսում է մատչելի և պարզ լեզվով, իր իսկ բնորոշմամբ՝ «մարդկային սրտի համընդհանուր լեզվով, որը հավերժական է և նույնն է բոլորի համար ողջ աշխարհում»։

1950-60-ական թվականներին գրողն ապրել է Եվրոպայում․ ստեղծել է ինքնակենսագրական բնույթի հոգեբանական վիպակների շարք՝ «Ինչ-որ ծիծաղելի բան», «Հայրիկ դու խենթ ես», «Մայրիկ ես սիրում եմ քեզ», «Տղաներ և աղջիկներ», «Մեկ օր հետկեսօրյան աշխարհում» և այլն։

1960 թվականին նա վերադարձել է ԱՄՆ։

Սարոյանի գործերը թարգմանվել են բազմաթիվ լեզուներով, հայերեն՝ բոլոր ստեղծագործությունները։

Սարոյանի անունով Երևանում կոչել են փողոց, դպրոց և համալսարան, կանգնեցվել է հուշարձան։ 2008 թվականին գրողի ծննդյան 100-ամյակի առթիվ Հայաստանի Հանրապետությունում հայտարարվել էր «Սարոյանական տարի»։