Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Վան

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
WAN DSC 6626.JPG

Քաղաքը հիմնադրել է Վանի թագավոր Սարդուրի Ա-ը (835-825 թթ մ.թ.ա.), անվանել Տուշպա և դարձրել պետության մայրաքաղաքը, ավելի ընդարձակվել Է մ.թ.ա. VIII-VII դդ.։ Այն ժամանակ քաղաքում կառուցվել են 2-3 հարկանի քարաշեն տներ, ընդարձակ փողոցներ, բաղնիքներ և հասարակական ու այլ շինություններ։ Գտնվելով Հայկական պետության գրեթե երկրաչափական կենտրոնում, Վանը ճանապարհներով կապված էր երկրի բոլոր կարևոր շրջանների հետ և ուներ ռազմատնտեսական առանձնահատուկ նշանակություն։ Քաղաքը արևմտյան կողմից պաշտպանված էր Վանա լճով, իսկ հարավից Հայկական Տավրոս լեռնահամակարգի արևելյան հատվածներով։ Ռազմական կարևորագույն նշանակություն ուներ քաղաքի կենտրոնում վեր խոյացած քարաժայռի վրա կառուցված միջնաբերդը, որն իր նշանակությունը պահպանել էր մինչև 1915 թ։ Այսպիսով, Վանը հին աշխարհի անառիկ ու մարդաշատ քաղաքներից էր, որն իր հիմնադրման օրից գոյություն ունի մինչև այժմ։

Քաղաքի արևմտյան մասը, որին տրված էր Բուն քաղաք կամ Քաղաքամեջ անունը, երեք կողմից շրջապատված է եղել պարիսպներով (մինչև 20-րդ դարի սկզբները), իսկ հյուսիսից բլուրներով։ Ունեցել է քաղաքային 4 դուռ, արևելյանը կոչվում էր Թավրիզի դուռ, հարավայինները՝ Նոր կամ Սարայի և Միջին դուռ, հյուսիսարևմտյան կողմում գտնվում էր Նավահանգստի (Իսքելեի) դուռը։ Հյուսիս-արևելյան կողմում 1 կմ երկարությամբ ձգվում է 100-120 մ բարձրությամբ ուղղածիգ մի քարաժայռ, որի վրա գտնվում են հին բերդի (Շամիրամի բերդ) պարիսպների և այլ շինությունների մնացորդներ ու բազմաթիվ սեպագիր արձանագրություններ։ Այստեղ քաղաքի հատակագիծը անկանոն է, փողոցները՝ նեղ, տները՝ միմյանց կպած, բուսականությունը՝ աղքատ։ Քաղաքամիջում էին գտնվում շուկան, կառավարչատունը, փոստ-հեռագրատունը, զորանոցն ու հայկական առաջնորդարանը։ Քաղաքի արևելյան մասը ուներ հարուստ բուսականություն, փարթամ այգիներ և կոչվում էր Այգեստան, որը ձգվում էր մոտ 4.5 կմ։ Այստեղ էր ուռենիներով, կաղամախիներով զարդարված Խաչփողանի փողոցը՝ նույնանուն հրապարակով։ Մյուս փողոցները անկանոն էին, նեղ և ծուռումուռ, տները՝ հողաշեն և ոչ բարետես։ Այգեստանը այն ժամանակ իր մեջ էր առնում Արարք, Կլորդար, Հայկավանք, Հանկույսներ, Նորաշեն և Սուրբ Հակոբ թաղերը։ Այգեստանում էին գտնվում անգլիական, պարսկական, ռուսական և ֆրանսիական հյուպատոսությունները, բողոքական հայերի դպրոցն ու որբանոցը։ Ըստ ավանդության՝ բերդի ու պալատի հետ, Ասորեստանի թագուհի Շամիրամը Այգեստանում էր կառուցել նաև իր ամառանոցը։ Քաղաքի տարածքով հոսում և լիճն են թափվում Կուռուբաշի և Հանկույսների գետակները, իսկ Մենուայի ջրանցքի (Շամիրամի առու) ջրերով ոռոգվում էին քաղաքի հարավային մասի արտերն ու այգիները, որտեղ մշակում էին հացահատիկներ, խաղող և պտուղ-բանջարեղեն, հատկապես ծիրան, խնձոր, դեղձ, տանձ և ընկույզ։ XIX դ վերջերից մինչև XX դ սկգբները Վանից կահույքի համար ընկույզի փայտ էր արտահանվում Ֆրանսիա (Մարսել)։ Վանեցիները, թեև օտարի տիրապետության տակ, մեծ ջանքերի գնով պահպանում և զարգացնում էին իրենց կրոնամշակութային գործունեությունը։ XX դարի սկզբներին քաղաքը ուներ 8 եկեղեցի՝ Ս.Տիրամայր, Ս.Աստվածածին կամ Ս. Նշան, Ս. Պողոս-Պետրոս (Սրբոց Առաքելոց), Ս. Էջմիածին, Ս. Սահակ, Ս. Ստեփանոս, Ս. Վարդան, Ս. Ծիրանավոր։ Քաղաքի շրջակայքում էին գտնվում նաև Հայկավանք կամ Հայկավանից Ս.Աստվածածին, Ս. Հակոբ, Մծբնա, Անկուսներաց Աստվածածին կամ Հանկուսներաց եկեղեցի, Արարք կամ Արարուց եկեղեցիները։ Վանում թուրքերն ունեին 4 մզկիթ, որոնցից ամենախոշորը Մեծ մզկիթն էր։ Վանը եղել է միջնադարյան հայ գրչության ու մշակույթի խոշորագույն կենտրոնը։ Այստեղ ապրել ու ստեղծագործել են գրչության ու արվեստի շատ ու շատ վարպետներ, որոնց գրած բազմաթիվ ձեռագրերից պահպանվել են 13 Ավետարան, 4 Մաշտոց, 3 Հայսմավուրք, 2 Ճաշոց, 2 Գանձարան, 2 Ճառընտիր և բազմաթիվ հիշատակարաններ ու ձեռագրական պատառիկներ։