Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Սալորենի

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Zwetschgen.jpg

Սալորենին վարդազգիների ընտանիքի պտղատու թուփ կամ ծառ է: Հայտնի են մոտ 30 վայրի տեսակներ՝ տարածված Եվրոպայում, Ասիայում, Հյուսիսային Ամերիկայում: Մշակության մեջ առավել տարածված է սովորական կամ ընտանի սալորենին: Հայրենիքը Կովկասն է, Փոքր Ասիան և Հյուսիսային Իրանը: Տարածված է Արևմտյան Եվրոպայում, Հնդկաստանում, Արևելյան Ասիայում, Հյուսիսային Ամերիկայում, Աֆրիկայում, Մոլդովայում, Ուկրաինայում, Կովկասում, Միջին Ասիայում: Հայաստանի Հանապետությունում հայտնի են 3 վայրի տեսակներ՝ փշավոր ու սովորական սալորենիները և մամխին: Տարածված են Լոռու, Տավուշի, Արագածոտնի, Սյունիքի, Գեղարքունիքի և այլ մարզերում: Աճում են ստորինից մինչև վերին լեռնային գոտու թփուտներում, անտառեզրերին, անտառներում, առաջացնում մացառուտներ: Հայաստանի Հանապետությունում գրեթե բոլոր մարզերում մշակվում են ընտանի սալորենին (դամբուլենի) և շլորենին, հյուսիսային շրջաններում հանդիպում է նաև մամխին: Միամյա ընտանի սալորենու բարձրությունը 4–8 մ է, ճյուղերը թավոտ են, շագանակագույն: Տերևները հերթադիր են, ձվաձև կամ էլիպսաձև՝ հարթ երեսով, ատամնաեզր, մուգ կանաչ: Ծաղիկները մանր են, սպիտակ: Ծաղկում է ապրիլ–մայիսին: Պտուղը կլորավուն, ձվաձև, կանաչ, դեղին, կարմիր, սև, հյութալի կորիզապտուղ է, զանգվածը՝ 30–50 գ: Պարունակում է չոր նյութեր, շաքարներ, օրգանական թթուներ, B1, B2, C, K, PP վիտամիններ և հանքային նյութեր: Օգտագործվում է թարմ և վերամշակված (չիր, կոմպոտ, մուրաբա, ջեմ, հյութ և այլն): Բերքատվությունը 200 ց/հա է: Ցրտադիմացկուն է (մինչև –30օC): ՀՀ-ում շրջանացված են ներմուծված Աննա Շպետ, Դեղձային, Ռենկլոդ կանաչ, Վենգերկա իտալական, Վենգերկա սովորական, Ջոենտ Պրու և տեղական Սև, Խոշոր դամբուլներ, Դեղնաշլոր, Վազիրի, Կանաչկենի, Ալբուխարի և այլ սորտեր