Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Ռոսիա կինոթատրոն

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Ռոսիա կինոթատրոն

Ռոսիա կինոթատրոն

1960-ական թթ. որոշվեց Երևանի ամենահին, իր կոլորիտով հանրահայտ սև (կոլխոզ) շուկայի տեղում կառուցել կինոթատրոն: Երկարատև և բուռն քննարկումներից հետո ընտրվեց երիտասարդ ճարտարապետներ Արթուր Թարխանյանի, Հրաչ Պողոսյանի և Սպարտակ Խաչիկյանի ներկայացրած նախագիծը:

Շինարարական աշխատանքներն սկսվեցին 1970-ականների սկզբին: Շինարարությունը դժվար էր ընթանում, քանի որ նախագիծը շատ մոդեռնիստական էր, շինարարների համար անսովոր: Նախագծի հեղինակները նրանց աշխատանքը հեշտացնելու նպատակով պատրաստեցին կառույցի մեծ մանրակերտը, և շինարարության ընթացքն արագացավ:

«Ռոսիա» կինոթատրոնի բացումը տեղի ունեցավ 1974թ. նոյեմբերի 28-ին: Ներկա էր ՀԿԿ ԿԿ-ի առաջին քարտուղարի պաշտոնը ստանձնած Կարեն Դեմիրճյանը, ում ժողովուրդն ընդունեց մեծագույն խանդավառությամբ:

Կինոթատրոնը բազմաֆունկցիոնալ համալիր էր` բաղկացած երեք հիմնական մասերից. չափսերով տարբեր, բայց միևնույն կաղապարով երկու դահլիճներ` 1600, 1000 նստատեղերով, դահլիճների տակ բաց տարածք, որտեղ տեղակայված են ցուցասրահներ, սրճարան, բար, տոմսարկղեր: Այս տարածքով կարելի էր անցնել ինչպես փողոցով` առանց կինոթատրոն մտնելու: Հենց այս` դրսի ու ներսի կապն էլ համարվում է ամենահետաքրքիր լուծումներից մեկը:

«Ռոսիա» կինոթատրոնը լիարժեք մշակութային կենտրոն էր:

Նախասրահը և բարը բաժանված էին միջնապատով, որը թափանցիկ էր` բացվող և փակվող (միջնապատի լայնությունը 10 մետր էր, իսկ բարձրությունը՝ 3,5 մետր): Միջնապատի վրա տեղադրված էին Հմայակ Բդեյանի կատարած քանդակները` դիմակների տեսքով: Սրահները զարդարում էին նաև քանդակագործներ Երվանդ Կոդաբաշյանի, Հենրիկ Էլիբեկյանի, Օհան Պետրոսյանի և այլոց քանդակները:

Կինոթատրոնը՝ նույնիսկ այսօրվա համար շատ ժամանակակից, շրջանաձև բար ուներ, իսկ թեյարանը կահավորված էր ռուսական ոճով` սեղանի վրա ինքնաեռներ կային, թխվածքներն էլ թխվում էին հենց տեղում:

1987թ. «Ռոսիա» կինոթատրոնում առաջին անգամ տեղի ունեցավ համամիութենական կինոփառատոն:

«Ռոսիա» կինոթատրոնի նախագծի համար ճարտարապետներ Արթուր Թարխանյանը, Հրաչ Պողոսյանը և Սպարտակ Խաչիկյանը, կոնստրուկտորներ Իգոր Ծատուրյանը, Գերասիմ Գևորգյանը 1979թ. արժանացան ԽՍՀՄ Մինիստրների Խորհրդի մրցանակին:

2006թ. «Ռոսիա» կինոթատրոնը սեփականաշնորհվեց, որպես առևտրա-մշակութային կենտրոն: