Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Պետրոս Ադամյան

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Petrosadamian.jpg

1866 թվականն էր Թուրքիայի հայաշատ մայրաքաղաք Կոստանդնուպոլսի «Արևելյան թատրոնը» ներկայացնում էր «Դուլիելմոս աշխարհակալ» թատերգությունը: Տասնվեց տարին նոր միայն բոլորած մի պատանի հուզված ետ ու առաջ էր անում կուլիսներում: Իր մուտքին էր սպասում: Թատրոնում նրա առաջին ելույթն էր դա: - Մեռի՛ր, դավաճան. Դերն այս երկու բառից էր բաղկացած, բայց արտասանվեց մի այնպիսի ձայնով, այնպիսի հուզումնալի շեշտով, որ հանդիսատեսը փշաքաղվեց: Չէին սխալվել։ Տարիներ անց այդ պատանին դարձավ հայ բեմի հպարտությունը: Պետրոս Ադամյանն էր նա, որ կարճ ժամանակից պոլսահայ թատերասեր հասարակայնության սիրելին էր արդեն։ 1879 թվականին Ադամյանը հրավիրվում է Թիֆլիս (Թբիլիսի), որտեղ խաղում է երեք տարի. Ադամյանի արտիստական արժանիքներն էին թովիչ ձայնը, մշակված շարժուձևը, հարուստ դիմախաղը, բուռն խառնվածքը, մարմնավորված կերպարների ինքնատիպ մեկնաբանությունը։ 1883 թվականին հրավիրվում է Մոսկվա, 1884 թվականին Պետերբուրգ և մեծ հաջողությամբ հանդես գալիս Շեքսպիրի «Համլետ»–ում՝ Համլետի, Լերմոնտովի «Դիմակահանդես»–ում՝ Արբենինի և մի շարք այլ դերերով: Մոսկվայի և Պետերբուրգի մամուլը նրան համեմատել է աշխարհահռչակ ողբերգակների հետ և հավաստել, որ «Ադամյանը իր տաղանդի չափով այն արտիստներից է, որոնց նմանները նույնիսկ Եվրոպայում էլ քիչ են»՛ հետո նա հյուրախաղերի է մեկնում Խարկով, Կիև, Դոնի Ռոստով, Մոզդոկ, Օդեսա և ուրիշ քաղաքներ՝ միաժամանակ հարստացնելով իր խաղացանկը: Ամենուրեք, ուր լինում է հայ արտիստը, արժանանում է խանդավառ ընդունելության: Ադամյանով ոգևորված էր հատկապես ազատախոհ երիտասարդությունը։ Ադամյանն իր լավատեսական արվեստով հատկապես շեքսպիրյան դերակատարումներով բեմից կոչ էր անում չհաշտվել մռայլ իրականության հետ և երիտասարդության սրտերում վառ էր պահում ազատասիրության կրակը. Ռուտաստանով մեկ հռչակված Ադամյանը 1887 թվականին մեկնում է իր ծննդավայրը Կոստանդնուպոլիս։ Շուրջ տասնամյա բացակայությունից հետո Ադամյանն իր հայրենակիցներին ներկայացավ իբրև մեծ համբավի տեր արվեստագետ: Սուլթանական Թուրքիայի գրաքննությունը նրան թույլ չտվեց հանդես գալու Համլետի և Լիր արքայի դերերով՝ այն ծիծաղելի պատճառաբանությամբ, թե իրենց երկրում Սուլթան Համիդից բացի ուրիշ թագավոր չի կարող լինել, թեկուզ և բեմում։ Եվ Ադամյանն իր մյուս դերերով ցույց տվեց թե է արվեստի ինչ բարձունքներ է նվաճել իր տաղանդը: Ադամյանը ծրագրել էր իր շեքսպիրյան դերակատարումներով շրջագայության մեկնել Վիեննա, Փարիզ, Լոնդոն` Եվրոպայի թատերասեր հասարակությանը ցույց տալու, թե հայ արվեստագետն ինչպես է ըմբռնում և մեկնաբանում շեքսպիրյան նշանավոր դերերը։ Սակայն ծրագրերը ծրագրեր էլ մնացին: Նախ նյութական աջակցություն չգտավ, հետո էլ օրեցօր վատանում էր առողջությունը։ Թեև երիտասարդ` նա զգում էր, որ ուժերը դավաճանում են իրեն, չունի առաջվա կրակն ու ավյունը: Ամիսներով գամվեց անկողնին: Ադամյանի հիվանդության լուրը հասավ Թիֆլիս, որտեղ անմիջապես հանգանակությամբ դրամ հավաքվեց։ Պետերբուրգում կազմակերպվեց Ադամյանին նվիրված երեկո` հասույթը Պոլիս ուղարկելու համար: Ոչինչ չօգնեց: Անբուժելի հիվանդությամբ տառապող մեծ դերասանը վախճանվեց 42 տարեկան հասակում։ Նրան թաղեցին Կոստանդնուպոլսի Շիշլիի գերեզմանատանը: Ադամյանը կատարել է շուրջ 300 դեր: Նրա դերակատարումների գլուխգործոցը Համլետն է, որի դերը առաջին անգամ նա է խաղացել հայ թատրոնում։ Նա վիթխարի ազդեցություն է ունեցել հայ թատրոնի կյանքում։ Ադամյանը նաև բանաստեղծ էր, գեղանկարիչ: