Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Շներ

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Շներ

Մարդիկ բուծել են շների ավելի քան երեք հարյուր ցեղ։ Դժվար է նույնիսկ հավատակը, որ նրանք բոլորը սերում են մեկ նախնուց՝ գայլից։

Ահա հովվաշները։ Սրանք շատ են մկանուտ, փորը ներս ընկած արևելաեվրոպական հովաշները, փարթամ մազածածկով կոլլիները (շոտլանդական հովվաշները), հսկա, բրդոտ, արջի պես կարճ դունչ ունեցող կովկասյան հովվաշները, սպիտակ, գանգուր ու երկար մազածածկով հարավռուսական հովվաշները։ Սրանք բոլորը խոշոր, ուժեղ շներ են։ Արևելաեվրոպական հովվաշները հիանալի ծառայողական շներ են։ Նրանք ծառայում են պետական սահմանին, քրեական հետախուզությունում։ Ծառայողական շներին հատուկ վարժեցնում են «շների» դպրոցում։ Շոտլանդական, հարավռուսական և կովկասյան հովվաշները ոչխարների հոտերը պաշտպանում են գիշատիչներից, տափաստանային կամ լեռնային հեռավոր արոտավայրերում ամիսներ շարունակ ուղեկցում նրանց։

Արջի նման հաստ թաթեր ու բրդոտ, ծանր պոչ ունեցող սև, հսկա նյուֆաունդլենդները կամ ջրասուզակները հատուկ ծառայություն են կատարում։ Նրանք կարողանում են լողալ ու սուզվել, նրանց սովորեցնում են փրկել խեղդվողներին։

Հապա որքա՞ն են օգնել ականներ որոնող շները պատերազմի ժամանակ։ Նրանք ականներ էին փնտրում, և այնտեղ, որտեղ շունը պայթուցիկ նյութի առկայություն էր զգում, նստում էր։ Չի եղել մի դեպք,որ շունը զուր տագնապ բարձրացներ։ Շները զինվորական մեկ այլ «մասնագիտություն» էլ ունեին՝ սանիտարական ծառայությունը մարտի դաշտում նրանք որոնում գտնում էին վիրավորներին։ Շները նաև ռազմական հրամաններ ու զեկույցներ էին տեղ հասցնում։ Նրանք սողալով առաջ էին շարժվում բաց տեղանքով, սլանում գնդակների տարափի տակ և հայտնվում այնտեղ, ուր չէր կարող հասնել մարդը։

Ծառայողական շների մեջ կան բրդոտ, շիկակարմիր կամ գորշ բծերով, մեծ ու հանգիստ սպիտակ շներ։ Դրանք սենբեռնարարներ են՝ փրկարարները։ Մի քանի հարյուր տարի առաջ Ալպերում, դժվարանցանելի ու վտանգավոր լեռնանցքին մոտիկ մի վանք կար, որտեղ էլ բուծել են շների այդ ցեղը։ Բքից հետո կամ պարզապես գիշերը շների մեջքին կապում էին վերմակ, ուտելիքի փաթեթ և դուրս թողնում վանքի պարսպից։ Շունը վազում էր տասնյակ կիլոմետրեր փնտրելով մոլորված, ձյան տակ մնացած ճամփորդներին։

Կան որսորդական շների շատ ցեղեր։ Իր նախնուն՝ գայլին, շատ նման է որսորդական լայկան։Հյուսիսում լայկաները հիանալի կատարում են եղջերուների հովվի պարտականնություններ։ Իսկ շնասահնակներով մարդ ու բեռներ են փոխադրվում։

Շատ գեղեցիկ են քերծեները, որոնք ունեն նեղ ու երկար դունչ, բարեկազմ մարմին և ուժեղ ու երկար ոտքեր։ Այդպիսին են, օրինակ, Ռուսաստանու՞մ բուծված ռուսական քերծեները։ Որսին հետապնդելիս նրանք սլանում են քամու պես, արագավազ ձիեր հեծած որսորդներն անգամ ետ են մնում նրանցից։

Ահա և սուր դնչիկը վեր ցցած, կարճ ոտքերի վրա փքված տեսքով շորորացող տաքսան։ Նա գորշուկների ու աղվեսների հիանալի որսորդ է։ Այդ գազանները թաքնվում են խոր, ճյուղավորված բներում, որտեղից նրանց դուրս քշելը խիստ դժվար է։ Ահա այստեղ էլ օգնության է գալիս այդ բները։ Նման դեպքերում օգտագործում են նաև կրակոտ, փոքրիկ ֆոքստերիերին։

Որսահալած շները որսը հալածում են միալար, թնդաձայն հաչոցով։ Որսորդը կանգնում է գազանի ճանապարհին, իսկ շունը աղվեսին կամ նապաստակին հալածում քշում է ճիշտ նրա կողմը։ Որսահալած շները համարձակ են ու դիմացկուն։

Գեղեցիկ սետտերների և փոքրիկ սպանիալների օգնությամբ անտառաբնակ և ճահճաբնակ թռչուններ են որսում։ Նրանք հեռվից հոտառությամբ զգում են թռչնի ներկայությունը, նրանից մի քանի քայլ հեռու կանգ են առնում և, ծալելով առջևի թաթն ու լարի պես ձգվելով, անշարժանում։ Այս դիրքը, որով շունը կարծես ցույց է տալիս որսը, կոչվում է «շնակաց»։

Զուր չէ, որ հարթամազ, բծավոր շներին անվանվում են պոյնտեր․ դա անգլերեն բառ է և նշանակում է «ցուցիչ»։

Գոյություն ունի շների մեկ այլ մեծ խումբ ևս՝ սենյակային դեկորատիվ շներ։Փոքրիկ, զվարճալի բոլոնկաներին և տոյտերիերներին կարելի է սովորեցնել պարել կամ օղի միջով ցատկել։ Սենյակային գրեթե բոլոր շները փոքր են, իսկ ամենափոքրը տոյտերիերն (խաղալիքային տերիերն ) է։ Նրա քաշը 600-700 գ է։ Բայց այս շները շատ հավատարիմ են իրենց տիրոջը, երբեմն անձնուրաց նետվում են նրան պաշտպանելու։