Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Շիրվանզադե

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Stamps of Armenia, 2008-05.jpg

Ալեքսանդր Շիրվանդազեն հայ արձակի խոշորագույն ներկայացուցիչներից է: Նա պատկերեց իր ժամանակն ու մարդկանց և հայ գրականությունը հարստացրեց բազմաթիվ կերպարներով: Նրան բարձր են գնահատել Հովհաննես Թումանյանը, Վահան Տերյանը, Գրիքոր Զոհրապը, Արշակ Չուպանյանը, Վահան Թեքյանը, Երվանդ Օտյանը և շատ ուրիշներ:

Շիրվանզադեն գրողի գրական անուն է: Նրա իսկական անուն-ազգանունը Ալեքսանդր Մովսիսյան է: Ծնվել է 1858թ. ապրիլի 7-ին Շամախի քաղաքում: Հայրը` Մինասը, դերձակ էր, զբաղվել է նաև առևտրով: Մինչև Բաքուն կդառնար արդյունաբերական հզոր քաղաք` Շիրվանզադեի ծննդավայրը եղել է նահանգային կենտրոն: Բայց նավթի արդյունահանումը կյանքը դրեց նոր հիմքերի վրա: Ժողովուրդը հոսեց դեպի Բաքու, Շամախին դատարկվեց:

Ապագա գրողը գրաճանաչ է դարձել ծննդավայրի ուսումնարաններից մեկում, ապա հաճախել է հայկական թեմական, դրանից հետո` ռուսական երկդասյա դպրոց:

Ութ տարի աշխատել է նահանգական վարչության ատյաններում, նավթային գրասենյակներում, զանազան ընկերություններում՝ գրագիր, հաշվապահի օգնականի և հաշվապահի պաշտոնով։

Թղթակցել է հայ և ռուսական մամուլին, գրել հոդվածներ նավթային հարցի և բանվորների դրության մասին։ 1883 թվականին «Մշակ»–ում տպագրվել է Շիրվանզադեի առաջին գեղարվեստական երկը՝ «Հրդեհ նավթագործարանում» պատմվածքը, ապա՝ «Գործակատարի հիշատակարանից» վիպակը։ Նույն թվականին նա մեկնել է Թիֆլիս, շփվել հայ գրողների, մտավորականների հետ։

1884 թվականին «Արձագանք» շաբաթաթերթում լույս է տեսել Շիրվանզադեի «Խնամատար» վիպակը, որտեղ կերտել է հայ կապիտալիստի կերպարը, 1885 թվականին՝ գավառական քաղաքի կյանքը ներկայացնող «Նամուս» վեպը, որով հռչակվել է երիտասարդ գրողը։ 1886-1891 թվականներին նա աշխատել է «Արձագանք»–ում որպես քարտուղար, այնտեղ է տպագրել «Ֆաթման և Ասադը» (1888), «Տասնուհինգ տարի անց» (1890) նովելները, «Արամբին» (1888), «Զուր հույսեր» (1890) վեպերը։

1905-1910 թվականներին Շիրվանզադեն ապրել է Փարիզում։ Ռուսական առաջին հեղափոխության պարտությունից հետո որոշ ժամանակ տուրք է տվել լիբերալ գաղափարախոսությանը, մի շարք դրամաներում դրսևորել սոցիալական կոնֆլիկտները մեղմելու միտում։ Առաջին համաշխարհային պատերազմի մղձավանջը ծանր տպավորություն են թողել գրողի վրա։ Բազմաթիվ հոդվածներում նա բացահայտել է այդ աղետի բուն պատճառը, մերկացրել թուրքական իշխանությունների կազմակերպած գազանությունները և մեծ տերությունների կազմակերպած գազանությունները և մեծ տերությունների խարդավանքները, խոր տագնապ հայտնել հարազատ ժողովրդի ճակատագրի նկատմանբ։

1919 թվականին բուժվելու նպատակով Շիրվանզադեն մեկնել է արտասահման։ 1926 թվականին վերադարձել է հայրենիք, հրատարակության է պատրաստել իր երկերի ութհատորյակը։

Շիրվանզադեն մահացել է 1935 թվականին օգոստոսի 7-ին Կիսլովոդսկում և թաղվել է Երևանի հայոց մեծերի պանթեոնում: