Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Նապոլեոն Բոնապարտ

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Napoleon Paul Delaroche.jpg

Նապոլեոն I Բոնապարտ (կորսիկերեն՝ Napulione Buonaparte, իտալ.՝ Napoleone Buonaparte, ֆր.՝ Napoléon Bonaparte, օգոստոսի 15, 1769, Այաչչո - մայիսի 5, 1821, Լոնգվուդ Հաուս, Սուրբ Հեղինեի կղզի, Բրիտանական անդրծովյան տարածքներ), ֆրանսիացիների կայսր 1804 թվականի մայիսի 18-ից 1814 թվականի ապրիլ 6-ը և 1815 թվականի մարտի 20-ից հունիսի 22-ը, զորավար և պետական գործիչ, որ դրել է ժամանակակից ֆրանսիական պետության հիմքերը, Արևմուտքի պատմության ամենաականավոր գործիչներից մեկը։

Նապոլեոնե Բուոնապարտեն (կորսիկական ձևով նա այդպես է կոչել իրեն մինչև 1796 թվականը) իր պրոֆեսիոնալ ռազմական կարիերան սկսել է 1785 թվականին որպես հրետանու կրտսեր լեյտենանտ։ Ֆրանսիական մեծ հեղափոխության ժամանակ ստացել է բրիգադային գեներալի աստիճան 1793 թվականի դեկտեմբերի 18-ին Տուլոնի գրավումից հետո։ Դիրեկտորիայի օրոք դարձել է դիվիզիոնի գեներալ և թիկունքի ռազմական ուժերի հրամանատար այն բանից հետո, երբ վճռական դեր է կատարել 1795 թվականին վանդեմիերի 13-ի խռովության ճնշմանը։ 1796 թվականի մարտի 2-ին նշանակվել է Իտալական բանակի հրամանատար։ 1798-1799 թվականներին գլխավորել է ռազմական արշավանք դեպի Եգիպտոս։

1799 թվականի նոյեմբերին (բրյումերի 18) իրականացրել է պետական հեղաշրջում և դարձել առաջին կոնսուլ։ Հաջորդ տարիների ընթացքում կատարել է քաղաքական ու վարչական մի շարք բարեփոխումներ՝ աստիճանաբար հասնելով դիկտատորական իշխանության։

1804 թվականի մայիսի 18-ին հռչակվել է կայսր։ Նապոլեոնյան հաղթական պատերազմները, հատկապես 1805 թվականի ավստրիական արշավանքը, 1806-1807 թվականներին պրուսական ու լեհական արշավանքները, 1809 թվականի ավստրիական արշավանքը նպաստել են Ֆրանսիայի՝ մայրցամաքի գլխավոր տերությունը դառնալուն։ Սակայն Նապոլեոնի՝ «ծովերի տիրուհի» Բրիտանիայի հետ անհաջող մրցակցությունը թույլ չի տվել, որ այդ կարգավիճակը լիակատար կերպով ամրագրվի։

Ռուսաստանի դեմ մղված 1812 թվականի պատերազմում Նապոլեոնի պարտությունը հանգեցրել է եվրոպական տերությունների կողմից հակաֆրանսիական կոալիցիայի ստեղծմանը։ Լայպցիգի մոտ տեղի ունեցած Ժողովուրդների ճակատամարտում Նապոլեոնն արդեն չի կարողացել դիմադրել դաշնակիցների միասնական բանակին։ Կոալիցիայի զորքի՝ Փարիզ մտնելուց հետո Նապոլեոնը գահընկեց է արվել 1814 թվականի ապրիլի 6-ին և աքսորվել Էլբա կղզի։

Նապոլեոնը ֆրանսիական գահին վերադարձել է 1815 թվականի մարտին (հարյուր օրով)։ Վաթեռլոոյի ճակատամարտում կրած պարտությունը նրան ստիպել է երկրորդ անգամ թողնել գահը 1815 թվականի հունիսի 22-ին։ Անգլիացիները նրան աքսորել են Սուրբ Հեղինեի կղզի, որտեղ էլ նա մահացել է վեց տարի անց՝ 1821 թվականի մայիսի 5-ին, 51 տարեկան հասակում։ Նրա աճյունը 1840 թվականից գտնվում է Փարիզի Հաշմանդամների տանը։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նապոլեոնը ծնվել է Կորսիկա կղզու Այաչչո քաղաքում, որը երկար ժամանակ գտնվում էր Ջենովայի հանրապետության տիրապետության տակ։ 1755 թվականին Կորսիկան ազատվել է ջենովական լծից և այդ ժամանակվանից սկսած փաստացի շարունակել է իր գոյությունը որպես ինքնուրույն պետություն տեղի հողատեր Պասկուալ Պաոլիի ղեկավարության ներքո։ Վերջինիս մտերիմ օգնականն էր Նապոլեոնի հայրը։

1768 թվականին Ջենովայի հանրապետությունը Կորսիկայի նկատմամբ իր իրավունքները հանձնել է Լյուդովիկոս 15-րդ թագավորին 40 մլն լիվրի դիմաց։ 1769 թվականի մայիսին Պոնտե Նուովոյի ճակատամարտում ֆրանսիական զորքերը ջախջախել են կորսիկացի ապստամբներին։ Պաոլին և իր 340 զինակիցները գաղթում են Անգլիա։ Նապոլեոնի ծնողները մնացել են Կորսիկայում, իսկ նա ծնվել է այդ իրադարձություններից երեք ամիս հետո։ Պաոլին ընդհուպ մինչև 1790-ական թվականները մնացել է Նապոլեոնի կուռքը։

Կառլո Բուոնապարտե, Ժիրոդե-Տրիոզին (1806)

Կառլո Բուոնապարտե, Ժիրոդե-Տրիոզին (1806) Բուոնապարտեների ընտանիքը պատկանում էր մանր ազնվականների թվին, Նապոլեոնի նախնիները ծագումով եղել ենՖլորենցիայից և ապրել են Կորսիկայում 1529 թվականից սկսած։ Կառլո Բուոնապարտեն՝ Նապոլեոնի հայրը, աշխատում էր որպես դատական ատենակալ և ստանում էր տարեկան 22,5 հազար լիվր աշխատավարձ, ինչը նա փորձում էր ավելացնել հարևանների հետ սեփականության համար ընթացող դատավեճեր վարելու ճանապարհով։ Նապոլեոնի մայրը՝ Լետիցիա Ռամոլինոն, շատ գրավիչ և ուժեղ կամքի տեր կին էր։ Կառլոյի հետ նրա ամուսնությունը կազմակերպվել էր իր ծնողների կողմից։ Լինելով Կորսիկայի ճանապարհների և կամուրջնների գլխավոր տեսուչի (արդեն մահացած) դուստրը՝ Լետիցիան միշտ մեծ հարգանք էր վայելում հասարակության մեջ։ Նապոլեոնն ընտանիքի 13 երեխաներից երկրորդն էր (նրանցից հինգը մահացել էին վաղ տարիքում)։ Նապոլեոնից բացի չափահասության տարիքի հասել են նրա եղբայներից չորսը և քույրերից երեքը.

  • Լետիցիա Ռամոլինո, Ռոբերտ Լեֆևր (1813)
  • Ժոզեֆ (1768-1844)
  • Լյուսեն (1775-1840)
  • Էլիզա (1777-1820)
  • Լուի (1778-1846)
  • Պոլինա (1780-1825)
  • Կառոլինա (1782-1839)
  • Ժերոմ (1784-1860)

Անունը, որը ծնողները տվել են Նապոլեոնին, բավականին հազվադեպ էր․ այն հանդիպում է Մաքիավելիի՝ Ֆլորենցիայի մասին պատմող գրքում։ Այդ անունն էր կրել նրա ազգակիցներից մեկը։

Մանկություն և պատանեկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նապոլեոնի վաղ մանկության մասին քիչ բան է հայտնի։ Մանուկ հասակում նա տառապել է չոր հազի պատճառով, ինչը կարող էր տուբերկուլյոզի դրսևորում լինել։ Մոր և մեծ եղբայր Ժոզեֆի խոսքերի համաձայն՝ Նապոլեոնը շատ էր կարդում, հատկապես պատմական գրականություն։ Նա իրենց տան երրորդ հարկում ոչ այնքան մեծ մի սենյակ ուներ, որտեղից նա հազվադեպ էր իջնում և բաց էր թողնում ընտանեկան հացկերույթները։ Նապոլեոնը հետագայում նշել է, որ Ռուսոյի «Նոր Էլոիզա» գիրքն առաջին անգամ կարդացել է ինը տարեկան հասակում։ Սակայն թուլակազմ ինտրովերտի այդ կերպարին չի համապատասխանում նրա մանկական «Խռովարար» մականունը (իտալ.՝ «Rabulione»)[23]։

Նապոլեոնի մայրենի լեզուն իտալերենի կորսիկյան բարբառն էր։ Նա սովորել է իտալերեն գրել և կարդալ տարրական դպրոցում, իսկ ֆրանսերեն սովորել սկսել է, երբ գրեթե 10 տարեկան էր։ Իր ամբողջ կյանքում նա խոսել է ուժեղ արտահայտված իտալական առոգանությամբ։ Կորսիկայի նահանգապետ դուքս դե Մարբյոֆի հովանավորության և ֆրանսիացիների հետ համագործակցության շնորհիվ Կառլո Բուոնապարտեին հաջողվել է իր երկու որդիների՝ Նապոլեոնի և Ժոզեֆի համար ստանալ թագավորական կրթաթոշակ։ 1777 թվականին Կառլոն ընտրվել է Կորսիկայի ազնվականության պատգամավոր Փարիզում[24]։ 1778 թվականի դեկտեմբերին ուղևորվելով Վերսալ՝ նա իր հետ տարել է իր երկու որդիներին և աներձագ Ֆեշին, որ ստացել էր կրթաթոշակ Էքսի սեմինարիայում: Տղաները չորս ամիս սովորել են Օտյոնի քոլեջում, որտեղ նրանց գլխավոր նպատակը ֆրանսերեն սովորելն էր[25][26]:


Նապոլեոնը 16 տարեկան հասակում (իտալացի անհայտ հեղինակի կողմից սև կավիճով արված նկար) 1779 թվականի մայիսին Նապոլեոնն ընդունվել է Բրիեն լը Շատոյի կադետական դպրոց[26]: Նապոլեոնը դպրոցում ընկերներ չուներ, քանի որ ծագում էր ոչ այնքան հարուստ և հայտնի ընտանիքից, բացի դրանից նա կորսիկացի էր վառ արտահայտված հայրենասիրությամբ և ֆրանսիացիների՝ որպես Կորսիկան ստրկացնողների նկատմամբ ունեցած անբարյացկամությամբ: Որոշ համադասարանցիների ծաղրը նրան դարձրել է ինքնամփոփ, և նա իր ժամանակի մեծ մասը տրամադրել է կարդալուն: Նապոլեոնը կարդացել է Կոռնյելի, Ռասինի և Վոլտերի ստեղծագործությունները, իսկ նրա սիրելի բանաստեղծն Օսսիանն էր[27]: Նա հատկապես շատ էր սիրել մաթեմատիկա և պատմություն, նրան գրավել են անտիկ աշխարհը և այնպիսի պատմական հերոսներ, ինչպիսիք են Ալեքսանդր Մեծը և Հուլիոս Կեսարը: Նշանակալի հաջողությունների Նապոլեոնը հասել է մաթեմատիկայի, պատմության և աշխարհագրության ոլորտում. հակառակ դրան՝ լատիներենից և գերմաներենից նա շատ թույլ էր: Բացի դրանից, նա շատ սխալներ էր թույլ տալիս գրելու ժամանակ, սակայն կարդալու հանդեպ ունեցած սիրո շնորհիվ նրա գրելաոճը բավական լավացել է: Որոշ մանկավարժների հետ ունեցած վիճաբանությունների շնորհիվ նա սկսում է ժողովրդականություն վայելել իր հասակակիցների շրջանում և ժամանակի ընթացքում դառնում է նրանց ոչ պաշտոնական առաջնորդը[25][28][29]:

Դեռևս Բրիենում Նապոլեոնը որոշել է մասնագիտանալ հրետանու ոլորտում: Զորքի այդ տեսակում պահանջված էր նրա մաթեմատիկական տաղանդը, բացի դրանից՝ դա այն ոլորտն էր, որտեղ յուրաքանչյուրն ուներ կարիերայի ամենամեծ հնարավորությունը՝ անկախ իր ծագումից: Հանձնելով ավարտական քննությունները՝ Նապոլեոնը 1784 թվականի հոկտեմբերին ընդունվել է Փարիզի զինվորական դպրոց[30][29][Ն 2]: Այնտեղ նա սովորել է մաթեմատիկա, բնական գիտություններ, ձիավարություն, զինվորական տեխնիկա, մարտավարություն, նաև ծանոթացել Գիբերի և Գրիբովալի նորարարական աշխատանքներին: Նախկինի նման Նապոլեոնը տհաճություն էր պատճառում դասախոսներին Պաոլիի և Կորսիկայի նկատմամբ ունեցած իր հիացմունքով և Ֆրանսիային ուղղված անբարյացկամությամբ[32]: Նա միայնակ էր, ընկերներ չուներ, սակայն ուներ թշնամիներ: Պիկո դե Պիկադյուն, ով նստում էր Նապոլեոնի և Պիկար դե Ֆելիպպոյի մեջտեղում, նոր նստարան է գտնում իր համար, քանի որ գաղտնի կռիվներում միշտ արժանանում էր այդ երկուսի հարվածներին[33]:

Ընդհանուր առմամբ Նապոլեոնը Կորսիկայից բացակայել է շուրջ ութ տարի: Ֆրանսիայում ստացած կրթությունը նրան դարձնում է ֆրանսիացի, քանի որ գնացել էր այդտեղ վաղ տարիքում և մնացել երկար տարիներ. ֆրանսիական մշակութային ազդեցությունն այդ ժամանակ տարածվում էր Եվրոպայի մնացած մասերում և կազմավորվող ֆրանսիական նույնականությունը բավականին ձգող էր: