Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Մրջնակեր

Vikidia-ից
Jump to navigation Jump to search

Այս ինքնատիպ կաթնասունների գլխավոր զենքը երկար, բարակ և կպչուն լեզուն է, որով նրանք բռնում են իրենց կերը մրջյուններ և տերմիտներ: Աշխարհում գոյություն ունի մրջնակերների ընդամենը երեք տեսակ, որոնք ապրում են Հարավային Ամերիկայում:

Թփուտային սավաննաներում ապրում է մեկ մետրից ավելի երկարություն և մինչև 35 կգ քաշ ունեցող մեծ մրջնակերը: Նրա դունչը երկար է, խողովակաձև, աչքերն ու ականջները փոքր են, բայց դրա փոխարեն ունի վիթխարի, փարթամ պոչ: Իսկ թաթերը զինված են ուժեղ և սուր, կեռ ճիրաններով: Նրա թաթի ուժին չի դիմանում ոչ մի մրջնանոց կամ տերմիտանոց: Հասնելով իր «զոհերին»՝ մրջնակերն իր կըպչուն, կես մետրից ավելի երկարություն ունեցող լեզվով ճանկում է նրանց և մեկ րոպեում մինչև 160 անգամ ետ ու առաջ շարժում այն: Մրջնակերն ատամներ չունի և կերը ծամում է ստամոքսով: Նրա ստամոքսի պատերին կան եղջրային ակոսիկներ, և, բացի այդ, այն լի է ավազով ու մանր քարերով, որոնց օգնությամբ էլ հենց մանրանում է կերը:

Երբ մեծ մրջնակերը ձագ է ունենում, մայրը նրան մեկ ամսից ավելի կրում է իր մեջքին: Ձագը սուր ճանկերով ամուր կառչում է մոր մազածածկույթից:

Մյուս մրջնակերը՝ տամանդուան, շատ ավելի փոքր է, ունի մինչև կես մետր երկարություն և 3-5 կգ քաշ: Նրա դունչը կարճ է, բայց ականջներն ավելի երկար են, քան իր խոշոր ցեղակցինը: Տամանդուան կարող է քայլել գետնի վրա, բայց մեծ հաճույքով ծառ է մագլցում ճյուղերի վրա մնում է իր կառչուն պոչի օգնությամբ:

Խիտ անտառում, ծառերի սաղարթի մեջ երբեմն հաջողվում է տեսնել թզուկ մրջնակերին: Սա մինչև 20 սմ երկարությամբ և մոտ 500 գ քաշով փոքրիկ գազանիկ է: Նա գետին չի իջնում, գիշերները ճյուղից ճյուղ է մագլցում՝ կառչելով թաթերով և երկար ու կառչուն պոչով, իսկ ցերեկները մտնում է փչակ և կծիկ դարձած քնում։

Մրջնակերները համեղ միս ունեն, և առաջներում նրանց շատ էին որսում, բայց այժմ նրանք հազվագյուտ կենդանի են համարվում և պաշտպանության տակ են առնված:

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված, վերցված է «Ի՞նչ է, ո՞վ է» հանրագիտարանից, որի նյութերը բաց շրջանառության մեջ են՝ Creative Commons BY-SA 3.0 արտոնագրրի հիման վրա։