Վիքիփոքրիկում այժմ կա 1064 հոդված։ Բարելավի՛ր դրանք։

Միացիր Վիքիփոքրիկին՝ ստեղծի՛ր մասնակցային հաշիվ և խմբագրի՛ր։

Մողեսներ

Vikidia-ից
Jump to navigation Jump to search
Jes chot1.jpg

Անտառի փեշին կամ ճանապարհի եզրին հաճախ կարելի է տեսնել նրբագեղ ու ճարպիկ մողեսների: Նրանց երկարությունը մինչև 1-8 սմ է, որի կեսը կազմում է բարակ ու ճկուն պոչը: Մողեսի մարմինը պատած է եղջրային թեփուկներով, իսկ գլուխը եղջրային խոշոր վահանիկներով: Վախեցած մողեսը հեշտությամբ թողնում է իր պոչն ու փախչում: Դա թշնամիներից պաշտպանվելու յուրատեսակ միջոց է ավելի լավ է պոչդ կորցնես, բայց ինքդ փրկվես: Մինչ կտրված պոչն սկսում է գալարվել գետնին և իրեն գամում գիշատչի ուշադրությունը, պոչի տերն անհետանում է փրկարար բնում: Մի քանի շաբաթ անց հին պոչի տեղում աճում է նորը, թեև այնքան երկար:

Մողեսն ունի չորս թաթ, յուրաքանչյուրը կառչող ճիրաններով զինված հինգ մատ: Աչքերը բավականին խոշոր են և երիզված են կոպերով: Աչքերի ետևում ականջի անցքերն են: Մողեսը ոչ միայն լավ տեսնում է, այլև գերազանց լսում:

Ինչպես բոլոր սողունների, այնպես էլ մողեսների մարմնի ջերմաստիճանը կայուն չէ: Այն կախված է շրջապատող միջավայրի ջերմաստիճանից: Ահա թե ինչու են մողեսներն այնքան սիրում առավոտյան տաքանալ արևի տակ գիշերը նրանք սառչում են և դառնում դանդաղաշարժ:

Ձմռանը մողեսները մտնում են բների կամ ծառերի արմատների խորքը, քարանում, անկենդան տեսք ստանում: Բայց բավական է, որ գարնան արևը ջերմացնի հողը, նրանք իսկույն հայտնվում են և նորից սկսում մրջյուններ, թիթեռներ, բզեզներ և այլ միջատներ որսալ:

Մողեսների մեծամասնությունը հաստակեղև ձվեր է դնում, որոնցից հետո դուրս են գալիս փոքրիկ ձագեր: Բայց կան մողեսներ, որոնք ձվերը կրում են իրենց մարմնի ներսում և ձվադրում են այն պահին, երբ ձվից դուրս է գալիս ձագը: Դրա համար էլ նրանց անվանում են ձվակենդանածին մողեսներ:

Որքան ավելի հարավ է ընկած տարածքը, այնքան ավելի շատ ու բազմազան են մողեսները: Միջին Ասիայի անտառներում ապրում է ավելի քան մեկուկես մետր երկարություն ունեցող մոխրագույն վարանը: Էլ ավելի խոշոր է Արևելյան Ինդոնեզիայի կղզիներում ապրող հսկա կամ կոմոդյան վարանը նրա երկարությունը երեք մետրից ավելի է: Այդպիսի գիշատիչը կարող է հաղթել անգամ եղջերուին կամ վարազին:

Որոշ մողեսներ այնքան նման են օձի, որ նրանց հեշտությամբ շփոթում են օձի հետ և, բնականաբար, վախենում նրանցից: Սովետական Միության, այդ թվում նաև մեր հանրապետության անտառներում ապրում է փոքր, մինչև 60 սմ երկարությամբ, անոտ, պղնձափայլ իրանով, անվնաս մի մողես Հաճախ կարծում են, թե դա «թունավոր» պղնձօձն է: Մինչդեռ իրականում դա իլիկաօձն (իլիկամողեսն) է: Իլիկաօձի աչքերը կոպեր ունեն (իսկ օձերը կոպեր չունեն), աչքերի ետևում երևում են ականջների անցքերը (իսկ օձերն արտաքին ականջ չունեն), նա կարող է պոչը թողնել ու փախչել (իսկ օձերն այդ չեն անում): Իլիկաօձը սնվում է մանր փափկամորթներով, անձրևորդերով:

Կովկասում և Միջին Ասիայում հանդիպում է ավելի խոշոր անոտ մողես: Դա ավելի քան մեկ մետր երկարությամբ դեղնափորիկն է: Նա, ինչպես և իլիկաօձը, անվնաս է, սնվում է խխունջներով, բզեզներով:

Գեկոն մողեսները ոտքերի մատներին ունեն չափազանց մանր մազմզուկներով ծածկված լայնացումներ: Ճարպկորեն կառչելով պատերի անհարթություններին՝ նրանք վեր ու վար են վազվզում և միջատներ որսում:

Կենտրոնական Ամերիկայում ապրում են անսովոր մողեսներ՝ թունատամներ: Նրանց ներքին ծնոտներին կան թունավոր գեղձեր (օձերի թունավոր գեղձերը վերին ծնոտին են): Մարդկանց համար թունատամի խայթոցը շատ ցավոտ է:

Սովետական Միությունում տարածված 77 տեսակի մողեսներից 24 տեսակն ապրում է նաև մեր հանրապետությունում, որոնք բոլորն էլ ձվադրող մողեսներ են: